Գմբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գմբեթի կտրվածքը։
Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթը։

Գմբեթ, սնամեջ, կիսագնդաձև տարածական ծածկ կամ ծածկը կրող տարածական կոնստրուկցիա։ Գմբեթները ստեղծվում են ուռուցիկությամբ դուրս տարբեր կորերով։ Կիրառվում են գլխավորապես հասարակական և ինժեներական կառույցներում։ Հնարավորություն ընձեռնելով առանց միջանկյալ հենարանների ծածկելու համեմատաբար մեծ թռիչքներ՝ գմբեթը ստեղծում է յուրօրինակ ճարտարապետական կերպար։ Գմբեթները լայնօրեն օգտագործվել են հայկական ճարտարապետությունում։ Մեզ հասած հնագույն հայկական գմբեթավոր կառույցը դա 5-րդ դարի Տեկորի տաճարն է։

Սիմվոլիկա[խմբագրել]

Քրիստոնեական եկեղեցին գմբեթի գույնի և քանակի հարցում առաջնորդվում է հստակ սիմվոլիկայով։ Ըստ տարբեր երկրների մշակույթների դրանք կարող են տարբերվել, սակայն քրիստոնեական եկեղեցու կառույցների խորհրդակարգում հիմնականում իրենցից ներկայացնում են աստվածաշնչյան մոտիվների արդյունք։

Գույների սիմվոլիկա[խմբագրել]

Ոսկե գմբեթներ ունեին գլխավոր եկեղեցիները և այն տաճարները, որոնք նվիրված էին Հիսուսին և 12 տոներին (Սմոլենսկի, Միխայլովսկի եկեղեցիներ), քանի որ ոսկեգույնը երկնային փառքի գույնն է։ Կապույտ գմբեթը` դեղին աստղերով, նվիրված է Աստվածածնին, քանի որ աստղը հիշեցնում է Քրիստոսի ծնունդը Մարիամից, քանի որ աստղի միջոցով մոգերը իմացան մանկան ծննդի մասին (Նովգորոդի, Վոլոգդայի, Լոնդոնի ուղղափառ եկեղեցիներ)։

Կիևի Միխայլովսկի եկեղեցին

Սբ. Երրորդության տաճարներն ունեն կանաչ գմբեթ, քանի որ կանաչը սուրբ հոգու խորհրդանիշն է (Ռոստովի, Յարոսլավլի եկեղեցիներ)։ Սրբերին նվիրված տաճարները պսակված են կանաչ և արծաթագույն գմբեթներով (Սմոլենսկի Ուսպենսկի և Ուգլիչեի եկեղեցիներ)։

Վանական համալիրներում հանդիպում են սև գույնի գմբեթներ, որը վանականների գույնն է։ Գրեթե բոլոր սպիտակ գմբեթով եկեղեցիները նվիրված են Հիսուսի վերափոխմանն ու հարությանը։ Երկնագույնով գմբեթները նվիրված են Աստվածամորը (Ղրիմի եկեղեցի)։ Կարմիր գմբեթով եկեղեցին խորհրդանշում է հանուն քրիստոնեության զոհվածների հիշատակին կառուցված լինելը։ Դեղին գմբեթով եկեղեցիները նվիրված են Լուսավորիչներին։ Նույն եկեղեցին կարող է ունենալ ոչ միայն տարբեր տեսակների, այլև տարբեր գույների գմբեթներ (օրինակ՝ Մոսկվայի Կարմիր հրապարակի Վասիլի Բլաժենու տաճարը, որի 10 գմբեթներից յուրաքանչյուրը տարբեր է թե՛ գույնով, թե՛ ձևով։ Տաճարն ունի հարթ, ձվաձև, սաղավարտաձև և սոխուկանման գմբեթներ։ Այսպիսի բազմազանությունը խոսում է երկնային Երուսաղեմի շքեղ գեղեցկության մասին)։ Էկլեկտիկ բնույթ ունի նաև Կազանի բոլոր կրոնների տաճարը։ Սա իրենից ներկայացնում է սինագոգի, մզկիթի, քրիստոնեական եկեղեցու խառնուրդ, չի պատկանում կոնկրետ կրոնի, չունի հստակ հավատացյալների խումբ։ Այն համախմբում է աշխարհի բոլոր կրոնները, բոլոր հավատացյալներին։ Եկեղեցու զանգակաձև, կոնաձև, սոխուկանման և սֆերիկ գմբեթներն ունեն միանգամայն տարբեր գույներ, և դժվար է նրանց քանակը դարձնել սիմվոլիկ կամ գույներին տալ խորհրդանշական իմաստ։

Թվի սիմվոլիկա[խմբագրել]

Եկեղեցու գմբեթների քանակը ևս ունի իր խորհուրդը, և գմբեթի ցանկացած քանակություն իրենից առանձին երևույթի մեկնաբանություն է ներկայացնում։ Ստորև ներկայացված է գմբեթի թիվն ու դրա սիմվոլիկ նշանակությունը՝

  • 1 գմբեթ ունեցող եկեղեցին նվիրված է Քրիստոսին (Սմոլենսկի, Աստրախանի, Ղրիմի եկեղեցիներ)։ Մուսուլմանական մզկիթներն հիմնականում ունենում են մեկ գմբեթ, որը խորհրդանշում է իսլամը (Երուսաղեմի Օմարի մզկիթ, Իրանի Բախայի եկեղեցի)։ Հնդկական բուդդայական տաճարները ևս ունեն մեկ գմբեթ, միագմբեթ եկեղեցիներ կան նաև Հայաստանում և Վրաստանում։
  • 2 գմբեթով եկեղեցին ունի Հիսուսի մարդկային և աստվածային բնույթների խորհուրդը։ Երկու գմբեթ ունեն հիմնականում Խարկովի եկեղեցիները։
  • 3 գմբեթը խորհրդանշում է Սուրբ երրորդությունը (Աստրախանի Նիկոլսկի տաճար)։
  • 4 գմբեթ ունեցող եկեղեցին ունի 4 ավետարանիչների խորհուրդը։
  • 5 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է 4 ավետարանիչներին և Հիսուսին (Կարգոպոլի, Վոլոգդայի, Բելոզերոյի, Արխանգելսկի եկեղեցիներ)։
  • 6 գմբեթ ունեցող եկեղեցիներ քրիստոնեական ճարտարապետությունում չեն հանդիպում։
  • 7 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսի 7 վերքերը (Սուրբծննդյան մենաստանի եկեղեցի)։
  • 9 գմբեթով եկեղեցին ունի աշակերտների 9 շարքերի խորհուրդը։
  • 10 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսին և նրա աշակերտների 9 շարքերը (Վասիլի Բլաժենու տաճար)։
  • 12 գմբեթն ունի 12 աշակերտների սիվոլիկ նշանակությունը։
  • 13 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է 12 առաքյալներին և Քրիստոսին։
  • 25 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է մարգարեների կանխագուշակած 25 դատաստանները։
  • 33 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է Հիսուսի կյանքի շարունակությունը երկնքում։

Խաչի սիմվոլիկա[խմբագրել]

Եկեղեցու խորհրդակարգում մեծ տեղ է գրավում գմբեթի վրայի խաչը։ Դրանք լինում են երկու տեսակի՝ կիսալուսնով և ութակողմ։ Կիսալուսնով խաչը հին ժամանակներում հանդիսացել է Բյուզանդիայի պետական խորհրդանիշը։ 145 թ. Բյուզանդիայի գրավումից հետո դարձել է Օսմանյան կայրության զինանշանի մաս՝ քաջությունն ու հզոր ուժը խորհրդանշող։ Այս պատճառով էլ կիսալուսնով խաչ է պատկերված 15-րդ դարում ստեղծված Յարոսլավ Իզյասլավիչի նկարում։ Որպես քաջության խորհրդանիշ՝ Հին Ռուսիան խաչը վերցնում է Բյուզանդիայից՝ հետագայում դարձնելով այն իր եկեղեցիների գմբեթի վերջավորություն։ Գմբեթի վրայի կիսալուսնով խաչը խորհրդանշում է արևն ու լուսինը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խաչն ունի Քրիստոսի, իսկ Լուսինը՝ Աստվածամոր խորհուրդը։ Այսօր հերքված է այն վարկածը, որ խաչի ներքևի մասի կիսալուսինը խորհրդանշում է քրիստոնեության տարած հաղթանակը իսլամի նկատմամբ։ Կա նաև կարծիք, որ դա ոչ թե կիսալուսին է, այլ խարիսխ, ինչ կայուն հույսի ու հավատի խորհուրդն ունի։ Կիսալուսնով խաչերը դրվում են հիմնականում ուղղափառ եկեղեցիների գմբեթներին (Արխանգելսկի, Վոլոգդայի, Կուբինկայի եկեղեցիներ)։

Ութակողմ խաչը երեք փայտերով առանցքն է, որոնցից կենտրոնականը երկար է՝ Քրիստոսի թևերի համար։ Ունի խաչելության խաչի խորհուրդը։ Ներքևի փայտը խորհրդանշում է խաչի այն հատվածը, որի վրա գամել են Հիսուսի ոտքերը։ Վերևի փոքրիկ հատվածը այն փայտն է, որի վրա գրված էր՝ «Հիսուս Քրիստոս Նազովրեցի` հրեաների թագավոր»։ Կա նաև վարկած, որ այս խաչը խորհրդանշում է գինով լի բաժակը, որը խմում է Քրիստոսը՝ քավելով մարդկանց մեղքերը։ Հաճախ այսպիսի խաչեր կանգնեցնում են Տիրամոր համար կառուցված եկեղեցիներում։ Նմանատիպ խաչեր կան Հս. Օսեթիայի, Խարկովի, Աստրախանի Վլադիմիրի Սբ. Աստվածածնի, նաև Ղրիմի Վորոնցովսկու եկեղեցիների գմբեթներին։

Կա նաև հավասարակողմ խաչի տեսակ, որն արևի խորհուրդն ունի։ Սա հանդիպում է բուդդայական տաճարներում և տարածված է Չինաստանի, Նեապոլի և Տիբեթի եկեղեցիներում[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել]