Զապել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Սուրենյանց, «Զաբել թագուհու վերադարձը» (1909)

Զապել (1215-1252), Կիլիկիայի Հայոց թագուհի 1222–ից։ Լևոն Բ–ի դուստրը։ Հոր կամքով նշանակվել է գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Կոստանդին իշխանին։ Լևոն Բ–ի մահից հետո գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222–ին Կիլիկիայի իշխանները Զապելին ամուսնացրել են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224–ին գահընկեց արվեց և բանտարկվեց։ 1226–ին Զապելն ամուսնացել է Կոստանդինի որդու՝ Հեթում Ա–ի հետ։ 1238–ին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ 1241–ին հիմնել է հիվանդանոց։ Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270–ին ժառանգել է գահը։ Զապելը թաղվել է Դրազարկում։ Պահպանվել են Զապելի և Հեթում Ա–ի պատկերներով դրամներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png