Փոտ պատրիարք
Փոտ պատրիարք (810-827-ի միջև - 891-897-ի միջև), բյուզանդական եկեղեցու գործիչ, աստվածաբան, գիտնական: Կոստանդնուպոլսի հույն պատրիարք։ Մոր կողմից ծագումով հայ: Ստացել է փայլուն կրթություն, եղել է զինվորական, զբաղեցրել է բարձր պաշտոններ:
858-ին նահանգային ազնվականությւոնը տապալել է Իգնատիոս պատրիարքին և պատրիարք նշանակել Փոտին, սակայն Հռոմի պապը չի ընդունել նրա նշանակումը: Իգնատիոսի մահից հետո դարձյալ ընտրվել է պատրիարք: Վասիլ I-ի մահից հետո հեռացվել է աթոռից, աքսորվել Արմենիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվել է:
Փոտը նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ, պայքարել պատկերամարտների, աղանդավորների, հատկապես` պավլիկյանների դեմ: Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ: Փոտը գրել է «Բառարան», նշանավոր «Գրադարան» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից:
Փոտը կարևոր տեղ է հատկացրել հայ-բյուզանդական հարաբերություններին: Պահպանվել են նրա նամակները Հայոց կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցուն` եկեղեցիների միության հարցի վերաբերյալ, ինչպես նաև կաթողիկոսի պատասխանները: