Գրիգոր Նազիանզացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gregor-Chora.jpg

Գրիգոր Նազիանզացի (հունարեն՝ Γρηγόριος Ναζιανζηνός, հայտնի է նաև որպես Գրիգոր Աստվածաբան, 329, Նազիանզ — 389, Նազիանզ) — քրիստոնյա աստվածաբան, Եկեղեցու հայրերից մեկը, Բարսեղ Կեսարացու ընկերն ու գործակիցը: Ընդհանրական և Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ: Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը: Համառ պայքար է մղել արիոսականների դեմ: Թողել է հարուստ գրական ժառանգություն, որի մեծ մասը հայերեն է թարգմանվել V-VIII դարերի ընթացքում:

Բովանդակություն

[խմբագրել] Գրվածքները

Գրել է 45 ճառ, 237 նամակ, բազմաթիվ պոեմներ և բանաստեղծություններ: Ճառերի մեծ մասը հակաճառական, դավանաբանական բնույթի է, 5-ը` ներբողական, 9-ը` տոնախոսական: Առավել նշանավոր են նրա աստվածաբանական հինգ ճառերը, որոնք արտասանել է աղանդավորների դեմ Կ. Պոլսում 380-ին: Այդ ճառերի համար Գրիգոր Նազիանզացուն կոչել են «Աստվածաբան»: Առաջին ճառը, ըստ էության, Աստծո և Սուրբ Երրորդության վերաբերյալ վարդապետության ներածությունն է: Երկրորդում խոսվում է Աստծո գոյության և բնության, նրա ստորոգելիների մասին: Երրորդ ճառը բացատրում է Երրորդության երեք աստվածային անձերի միությունը և Լոգոսի (Բանի) աստվածությունն ու համագոյությունը Հայր Աստծո հետ: Չորրորդ ճառը հակաճառությունն ու հերքումն է արիոսականության, հինգերորդը նվիրված է Սուրբ Հոգու աստվածության պաշտպանությանը` ընդդեմ Մակեդոնի հոգեմարտ վարդապետության: Գրիգոր Նազիանզացին պատվիրել է չքննել Որդու ծննդյան և Սուրբ Հոգու բխման խորհուրդը, քանզի դրանք վեր են մարդկային կարողությունից: «Հերոնի մասին» ճառում սովորեցրել է եռանձնյա Աստվածությանը չվերագրել 3 սկիզբ, որպեսզի որևէ հեթանոսական կամ բազմաստվածության գաղափար տեղ չգտնի ուղղափառ դավանության մեջ:

Գրիգոր Նազիանզացու ներբողական և վարքագրական բնույթի մի քանի ճառեր ունեն պաշտամունքային-տոնական քարոզների նկարագիր և նվիրված են Սուրբ Ծննդյան, Աստվածահայտնության, Նոր կիրակիի և Հոգեգալստյան օրերին: Հատկանշական են նրա «Յաւուր պատշաճ»-ի արտասանած ճառերը, որոնցից ամենանշանավորը «Փախուստի ջատագովություն» կամ հայկ. մատենագրության մեջ հայտնի «Փախուստ ի Պոնտոս» ճառն է: Այն նվիրված է քահանայական կոչման վեհությանը և լրջությանը, պատասխանատվության խոր գիտակցության կոչ է հոգևոր պաշտոն ստանձնողներին: Գրիգոր Նազիանզացու չափածո գրվածքները (բանաստեղծություններ, պոեմներ) լեցուն են աստվածապաշտությամբ լուսավորված ճշմարիտ բնական ձգտումով, փիլ. խոր մտքերով: Նրա դավանաբանական չափածո երկերը նվիրված են Ս. Երրորդությանը, Արարչագործության բացատրությանը, աստվածային նախախնամությանը, մարդու ստեղծմանն ու անկմանը, Մարդեղության խորհրդին, Հիսուս Քրիստոսի հրաշագործություններին ու առակներին, Աստվածաշնչի կանոնական գրքերին: Պոեմների մեծ մասը պատմական և ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություններ են:

[խմբագրել] Գրիգոր Նազիանզացու աստվածաբանությունը

Գրիգոր Նազիանզացու աստվածաբանությունը բնորոշվում է երեք հիմն. հատկանիշներով.

  1. երրորդաբանական ուսմունքի բանաձևով` Աստված մեկ է` ըստ էության և երեք` ըստ դեմքերի: Սուրբ Երրորդության դեմքերի միասնությունը արտահայտվում է` մեկ Աստվածություն, մեկ էություն, մեկ բնություն, իսկ դեմքերի երրորդությունը` երեք դեմք, երեք անձնավորություն, յուրաքանչյուր դեմքի առանձնահատկությունը` անծնունդություն, ծնվածություն, բխվածություն եզրերով: Գրիգոր Նազիանզացու` Սուրբ Հոգու վերաբերյալ ուսմունքն առավել ավարտուն է, քան Բարսեղ Կեսարացունը: Եթե վերջինս Սուրբ Հոգին Աստված է անվանում ոչ ուղղակիորեն, ապա Գրիգոր Նազիանզացին զարգացնում է եկեղեցում Սուրբ Հոգու` որպես Աստվածության շարունակվողհայտնության մասին ուսմունքը: Ըստ Բարսեղ Կեսարացու, Սուրբ Հոգու դիմային առանձնահատկությունը նրա սրբությունն է (Նիկիական դավանանքի համաձայն, սրբություն ունեն Աստվածության երեք դեմքերն էլ), ըստ Գրիգոր Նազիանզացու` բխվածությունը:
  2. Ըստ Գրիգոր Նազիանզացու` Հիսուս Քրիստոսի մարդկային բնությունը կազմված է ոչ միայն մարմնից և հոգուց, ինչպես պնդում էր Ապողինարիոս Լաոդիկեցին, այլև` մտքից: Միայն անմարմին մտքի միջոցով Բանը կարող էր միավորվել մարդու մարմնին ու հոգուն: Փրկությունը կատարվում է մարդու բնության աստվածացմամբ, որ տեղի է ունենում Աստվածության հետ միավորման շնորհիվ: Չնայած Հիսուս Քրիստոսի մեջ Աստվածության և մարդու բնության միավորման, Աստվածամարդու անձը միասնական և անբաժանելի է:
  3. Ինչպես կապադովկյան մյուս հայրերը (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի), Գրիգոր Նազիանզացին նույնպես կրում է Որոգինեսի աստվածաբանության ազդեցությունը: Երեք մեծ կապադովկիացի հայրապետները շարունակողներն են Աթանաս Ալեքսանդրացու աստվածաբանության: Նրանց հաստատած աստվածաբանական բանաձևերը, հասկացությունները (հատկապես Ս. Երրորդության ուղղափառ ըմբռնման հարցում) մեծ նշանակություն են ունեցել հետագա դարերի աստվածաբանական, քրիստոսաբանական մտքի զարգացման համար:

[խմբագրել] Գրիգոր Նազիանզացին և Հայոց եկեղեցին

Գրիգոր Նազիանզացու մատենագրական վաստակի մի մասը (նաև նրա նշանավոր «Պատարագամատույցը») հայերեն է թարգմանվել V դ.: Հայտնի են «Քրիստոս ծնեալ» (12 ճառ), «Յաղթեցայ» (8 ճառ), «Առ որս» (15 ճառ), «Որք Եգիպտոսէն են» (11 ճառ) ճառաշարերը: Միջնադարյան Հայաստանում Գրիգոր Նազիանզացու երկերի տեսական առավել օգտաշատ հատվածներ խմբագրվել և օգտագործվել են որպես աստվածաբանական բարձրագույն ուսումնական ձեռնարկներ («Առ որս» ճառաշարը, «Հարցումն Բարսեղի եւ սուրբ Գրիգորի Աստուածաբանին» ևն), գրվել լուծմունքներ: Նրա աշխատությունների աստվածաբանական հայեցակետից առավել կարևոր հատվածներ վկայաբերվել են հայ դավանաբանական մատենագրության մեջ: Գրիգոր Նազիանզացու գործերից հայերեն թարգմանությամբ (մեկ ճառ) առաջին անգամ տպագրվել է «Գիրք և ճառ հոգեշահ» ժողովածուում (1722), ճառերից բազմաթիվ հատվածներ են վկայակոչվել «Կնիք հաւատոյ» ժողովածուում, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908) երկում, Անանիա Սանահնեցու, Վարդան Այգեկցու երկերում և այլուր:

Հայ եկեղեցին ս. Գրիգոր Նազիանզացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաμաթ օրը` «երկոտասան վարդապետաց» հետ:

[խմբագրել] Գրականություն

  • Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889, էջ 374–378:
  • Մուրադյան Կ., Գրիգոր Նազիանզացին հայ մատենագրության մեջ, Ե., 1983:
  • Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, Ե., 1998, էջ 37–39:
  • Քյոսեյան Հ., Անանիա Սանահնեցի, Ս. Էջմիածին, 2000, էջ 193, 272, 367, 369, 370:
  • Migne J. P., PG, t. 35–38, P., 1857–66;
  • Quasten J., Patrology, v. 3, Utrecht, 1966;
  • Geerard M., Clavis Patrum Graecorum, v. 2, Brռpols Turnhout, 1974, p. 179–209.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով