Պեչենեգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեչենեգների տարածվածությունը

Պեչենեգներ, ցեղային միություն, առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից: Մարդաբանորեն պեչենեգները եվրոպեոիդ էին` մոնղոլոիդ տարրերով: Ութերորդից իներորդ դարերում բնակվել են Վոլգա և Ուրալ գետերի միջև ընկած տարածքում, իներորդ դարում, ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք` ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը: Պեչենեգների հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր: Տասներորդ դարում պեչենեգները բաժանվել են երկու ճյուղի (արևմտյան և արևելյան), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ): Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաներն» էին, տոհմերինը` «փոքր իշխանները». ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում. գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն: 915-ին, 920-ին, 968-ին պեչենեգները ասպատակել են ռուսական հողերը: 1036-ին Կիև քաղաքի մոտ Յարոսլավ Իմաստուն իշխանը ջախջախել է պեչենեգներին և վերջ տվել նրանց հարձակումներին Ռուսիայի վրա: Տասնմեկերորդից տասներկուերորդ դարերում շատ պեչենեգներ բնակեցվել են Կիևյան Ռուսիա պետության հարավում` նրա սահմանները պաշտպանելու նպատակով: Տասերորդից տասնմեկերորդ դարերում բյուզանդական կայսրերը փորձել են պեչենեգներին օգտագործել Ռուսիայի և Դանուբյան Բուլղարիայի դեմ պայքարում: Տասներկուերորդ դարում պեչենեգները թափանցել են Հունգարիա: Տասներեքերորդից տասնչորսերորդ դարերում ձուլվելով ղփչաղների, հունգարների, ռուսների, մոնղոլների և այլ էթնիկական խմբերի հետ, պեչենեգները դադարել են գոյություն ունենալուց: