Օշին (Կոռիկոսի իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օշին (ծն. թ. անհայտ - 1329) - Կիլիկիայի Հայոց սպարապետ, Կոռիկոսի բերդապետ իշխան, 1320 թվականից ՝ Հայոց թագավորահայր (պայլ)։ Հեթում պատմիչի որդին է, Օշին Ա-ի տիկնոջ՝ Զաբլուն թագուհու եղբայրը։

Գործունեությունը[խմբագրել]

1318 թվականին երկիրն ազատագրել է Եգիպտոսի մամլուքներից և նրանց միցած թուրքմեն կարամաններից։ Օշին Ա-ի մահից հետո ստանձնել է նրա որդու Լևոն Ե-ի խնամակալությունը և կառավարել երկիրը։ 1321-1322 թվականներին Օշինը և իր եղբայր Կոստանդին սպարապետը համառ կռիվներ են մղել երկիրն ասպատակող մամլուքների ու թուրքմեն կարամանների դեմ։ 1323 թվականին Կահիրեում հաշտության պայմանագիր է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, որով պարտավորվել է հակառակորդին վճարել Այաս նավահանգստի եկամուտի կեսը և տարեկան հարկագումար (1 մլն 100 հազար դիրհեմ), խոստացել չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Իսկ Եգիպտոսի սուլթանությունը պարտավորվել է վերականգնել Կիլիկյան Հայաստանի ավերված բերդերն ու ամրոցները։

Մահը[խմբագրել]

1329 թվականին չափահաս դարձած Լևոն Ե-ի հրամանով Օշինը, Ալիս թագուհին (Օշինի դուստրը) և Կոստանդին սպարապետը արքունի բերդերը յուրացնելու մեղադրանքով սպանվում են։ Նրանց կալվածքները անցնում են Լևոն Ե-ին։