Արտաշես Գ
| Արտաշես Գ | |
| Մեծ Հայքի Արքա | |
|---|---|
| Իշխանություն | 422–428 |
| Մահացել է՝ | անհայտ |
| Նախորդ | Վռամշապուհ |
| Հաջորդող | չկա |
| Տոհմ | Արշակունիներ |
| Հայր | Վռամշապուհ |
Արտաշես Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր 422-428–ին։ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Գ–ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։ Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։