Ստեփան Զորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ստեփան Զորյան

Zoryan.jpg

Ծնվել է Սեպտեմբեր 15, 1889
ք.Ղարաքիլիսա
Մահացել է Հոկտեմբեր 14, 1967
ք․ Երևան
Մասնագիտություն հայ գրող, ակադեմիկոս
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Ուշագրավ աշխատանք(ներ) «Պապ թագավոր», «Հայոց բերդը», «Վարազդատ»

Զորյան (Առաքելյան) Ստեփան Եղիայի (Սեպտեմբեր 15, 1889, ք.Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) – Հոկտեմբեր 14, 1967, Երևան) հայ գրող, ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել]

Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը։ 1906-ին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 1912-1919 թթ. աշխատում է «Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ Հաջորդ տարին գրողը գալիս է Երևան։ Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։ Վախճանվել է 1967-ի հոկտեմբերի 14-ին Երևանում։

Հեղինակը՝ իր մասին[խմբագրել]

Պետք է ասեմ, որ իմ մանկությունն ու պատանությունը հարուստ չէ բազմազան դեպքերով, արկածներով։ Շատերը կարծում են, թե «Մի կյանքի պատմության» մեջ նկարագրված բոլոր էպիզոդները բառացի վերաբերվում են ինձ, և դրա հիման վրա կազմում են կենսագրություն։ Իհարկե, սխալվում են։ Այդ գրքում կան, հարկավ, որոշ դեպքեր ու ապրումներ նաև իմ կյանքից, բայց մեծ մասամբ դրանք առնված են ինձ ծանոթ, ինձ շրջապատող իրականությունից։ Այնպես, որ «Մի կյանքի պատմությունը» չի կարող դառնալ հեղինակի կենսագրության աղբյուր։ Այն հանգամանքը, որ այդ գիրքը գրված է առաջին դեմքով, շատերին գցում է թյուրիմացության մեջ, ճիշտ այնպես, ինչպես Երևանում մեր տուն եկող գյուղացիները, դռան վրա կարդալով անուն-ազգանունս, միշտ հարցնում են մեր տնեցիներին.

-Էս էն Զորյա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են…

Սիրում էի կարդալ ու խորհրդածել… Ես չէի կարդում լոկ հետաքրքրության համար, այլ միաժամանակ, թե ինչպես է կառուցում հեղինակը իր երկը, ինչպես է զարգացնում հերոսներին և նրանց կյանքի դրաման։ Պետք է ասեմ, որ գրականության բոլոր ժանրերը ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքվում էր դեպի արձակը։ Ինչու՞ էր այդպես, որովհետև արձակն ինձ թվում էր ամենաբնական ձևը գրական։ Այստեղ այն էր, ինչ կյանքում. մարդիկ չափով ու հանգով չէին խոսում և ոչ էլ սարքած տեսարաններով։ Բայց արձակի մեջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու հոգեբանությունը տրվում են ոչ արհեստականորեն, առանց ճոռոմության, առանց շատախոսության։ Մի բան, որ ես չէի նկատում բոլոր արձակագիրների մոտ։ Այս հատկությունները ամենից ավելի ես տեսնում էի Լև Տոլստոյի, Չեխովի և մեր Թումանյանի գործերում։ Իսկ ձևի կողմից ինձ գրավում էին ֆրանսիացիները՝ կոմպոզիցիայի փայլուն վարպետներ Ֆլոբերը, Մոպասանը, Դոդեն և ուրիշները։ Տարիների դիտողությունը ինձ բերել է մի այնպիսի եզրակացության, որ ինքնուրույն գրողը ունենում է երեք հիմնական հատկություն. 1) ինքնուրույն լեզու և ոճ, որ բնավ նման չի լինում մյուսներին. 2) սուր աչք կամ սուր դիտողություն, որ տեսնում է այնպիսի բաներ, որ ուրիշները երբեք չեն տեսնում և 3) համակելու և վարակելու ունակություն։ Երբ ծագում է որևէ նյութ, ինձ հետաքրքրում կամ գրավում է նախ և առաջ նրա հուզական, բարոյական կազմը։ Եթե նյութի մեջ (որքան էլ նա հետաքրքրական լինի) չկա այդ՝ ես այն չեմ գրում։ Իսկ եթե հուզական խորք ունեցող նյութը գրավում է և լավ չի մշակվում, այդտեղ իմ ցանկությունը չի մեղավոր, այլ իմ կարողությունը։

Իմ հետաքրքրությունը և իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեց դեպի պատմական թեմատիկան, և ես գրեցի նախ «Սմբատ Բագրատունի» պատմվածքը, ապա «Պապ թագավորը»։ Ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու։ Եվ ահա, երբ բռնկվեց համաշխարհային երկրորդ պատերազմը, ես հրատարակեցի «Պապ թագավորը», որպես հայրենիքի պաշտպանության օրինակ։ Տասը տարի հետո դրան հետևեց «Հայոց բերդը» վեպը։ Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին՝ ինձ թվում է, թե ես պատմագիր եմ, դեպքերի ընթացքին հետևող մի համեստ տարեգիր։ Իմ գրական առաջին քայլերից՝ 1910 թվից սկսած մեր կյանքում տեղի ունեցան շատ խոշոր դեպքեր ու փոփողություններ, և դրանից կարևորները (ոչ բոլորը, իհարկե) որևէ չափով անդրադարձան իմ գրվածքներում, այլ խոսքով ասած՝ ես դարձա կարծես պատմական երևույթների արձանագրող։

Ով ունի գրողի կոչում, նա պետք է միշտ հիշի, որ Բալզակի նման վիթխարի տաղանդը աշխատում է օրական 900ժամ, իսկ հանճարեղ Լև Տոլստոյը երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եվ քանի որ գրականությունը լեզվի արվեստ է, ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գերազանց իմանա իր մայրենի լեզուն, ավելի, քան լեզվաբանը։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

1909–ին «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին «Քաղցածները» պատմվածքը, 1918–ին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որը կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ գրական նոր որակ էր արձակի մեջ և արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին։ Զորյանը հանդես է բերում սուր դիտողականություն, մարդու հոգեբանության գաղտնարանները թափանցելու կարողություն։ Նկարագրելով հերոսների կյանքը՝ նա բացահայտում է իրականության ներքին հակասությունները։ Մարդկանց հոգեբանության վրա սեփականատիրական կրքերի ավերիչ ազդեցությունն է պատկերված «Ցանկապատը» ժողովածուում։ Հանուն շահի մարդիկ պատրաստ են ոտնատակ տալու նույնիսկ արյունակցական կապերն ու բարոյական սկզբունքները։ Սոցիալական չարիքի պատկերման առումով Զորյանի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917)։ Նախահեղափոխական տարիների ստեղծագործությամբ Զորյանը նոր խոսք ասաց պատմվածքի ժանրում և կանգնեց արձակի փոքր ձևերի վարպետների կողքին։

Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն» և այլ գործեր իրենց պարզությամբ, կենդանի հնչերանգով, բնության նուրբ զգացողությամբ ու ջերմությամբ հեղինակի ստեղծագործության մի առանձնահատուկ մասն են կազմում։ Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է, հայ կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Զորյանը հանդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորեց «Պարզ հոգիներ» շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունը և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրերին։

Զորյանի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»–ը, որտեղ տրված են իր ավագ ժանանակակիցների՝ Ղ.Աղայանի, Հ. Թումանյանի, Վ.Տերյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։ Զորյանը հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։

Զորյանի գրական վաստակի մասն են կազմում նրա թարգմանությունները։ Հայ թարգմանական արվեստի նշանավոր գործերից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Տուրգենևի, Գարշինի, Մ. Տվենի, Ս.Ցվեյգի և այլ հեղինակների երկերի թարգմանությունները։ Զորյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Ստեղծագործությունների ժամանակագրություն[խմբագրել]

  • 1909 թ «Լումա» ամսագրում տպագրել է «Քաղցածները» պատմվածքը։
  • 1918 թ լույս է տեսել առաջին ժողովածուն «Տխուր մարդիկ» խորագրով։
  • 1940-1954 թթ. լույս է տեսել երկերի վեցհատորյակը։
  • 1944 թ. լույս է տեսել «Պապ թագավոր» պատմավեպը։
  • 1959 թ. լույս է տեսել «Հայոց բերդ» պատմավեպը։
  • 1960-1964 թթ. լույս է տեսել երկերի տասհատորյակը։
  • 1967 թ. լույս է տեսել «Վարազդատ» պատմավեպը։
  • 1974-1977 թթ. լույս է տեսել երկերի հինգհատորյակը՝ ռուսերեն։
  • 1977-1990 թթ. լույս է տեսել երկերի ակադեմիական տասներկուհատորյակը։

Ս. Զորյանի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել]

  • Սուրեն Աղաբաբյան, Ստեփան Զորյան, Երևան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ստեփան Զորյան» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
  • Խորեն Սարգսյան, Ստեփան Զարյան, 1960, 327 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝