Կարակորում (մոնղ. Хархорин, միջնադարում՝ Խարա-Խորին), քաղաք Մոնղոլիայում, Ուվեր-Խանգայան այմակի Խարխորին սոմոնի կենտրոն՛ նախկինում՝ Մոնղոլական կայսրության մայրաքաղաքը 1220-1260 թվականներին:
Քաղաքը Օրխոն գետի վերին ավազանում 1220 թ-ին հիմնադրել է մոնղոլական պետության հիմնադիր Չինգիզ խանը: Գոյատևել է մինչև 16-րդ դարը: Կարակորումի վերաբերյալ տեղեկություններ պահպանվել են չինական տարեգրություններում, եվրոպական ճանապարհորդներ Պլանո Կարպինիի, Մարկո Պոլոյի հուշագրություններում, հայ պատմիչների մոտ: Քաղաքատեղում կատարվել են պեղումներ: Քաղաքի հարավ-արևմտյան մասում բացվել են խան Ուգեդեյի պալատի մնացորդները: Ուսումնասիրվել են քաղաքի առևտրա-արհեստավորական թաղամասերը և այլ շինություններ:
Հեթում թագավորի այցը Կարակորում[խմբագրել]
Կիլիկյան Հայաստանի գոյատևումն ապահովելու և մոնղոլ Մանգու խանի հետ խաղաղության, փոխադարձ օգնության պայմանագիր կնքելու նպատակով Հեթում Ա թագավորը 1254 թ-ին այցելել է Կարակորում: Կարակորում ճանապարհորդության ժամանակ Հեթում արքային ուղեկցել է Խաչենի մեծ իշխան Հասան Ջալալ Դոլան, իր որդի Աթաբեկ-Իվանեի և կնոջ հետ: 1254 թ-ին գնալուց և 1255 թ-ին վերադառնալուց թագավորը մի քանի ամսով հյուրընկալել է Արարատյան կողմնակալության գահակալ տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի Վարդենիս գյուղի դղյակում: