Մարիինյան թատրոն
Մարիինյան թատրոն (1934-ից մինչև 1992-ը Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան բալետի և օպերային պետական ակադեմիական թատրոն): 1783 թվականին կայսրուհի Եկատերինա II-ի հրամանով հիմնադրվեց Բոլշոյ Կամեննի թատրոնը (ռուս. Большой Каменный театр):
Այստեղից էլ հաշվվում է Մարիինյան թատրոնի պատմության սկիզբը, որն այդպես վերանվանվեց 1860 թվականին: Այն գտնվում էր շենքում, որը հետագայում վերակառուցվեց որպես Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա: Ընդգրկված էր Ռուսաստանի կայսերական թատրոնների շարքում:
Մարիինյան թատրոնի հիմնական շենքը (Թատերական հրապարակ 1) կառուցել էր ճարտարապետ Ա. Կ. Կավոսը որպես թատրոն–կրկես 1847-48-ին, ապա վերականգնվել էր 1860-ին՝ հրդեհից հետո: Թատրոնի շինության ճակատը վերակառուցվել է հրդեհից հետո 1880-ականներին՝ ըստ Վ. Ա. Շրյոտերի նախագծի:
Մարիինյան թատրոնն իր անվանումը ստացել է Ալեքսանդր II-րդի կնոջ՝ կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի պատվին, բացվել է 1860-ի հոկտեմբերի 2-ին Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» օպերայի ներկայացմամբ: