Շամիրամ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամիրամը Ասորեստանի թագուհի, Շամիրադատ V–ի (մ.թ.ա. 823-811) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի III թագավորի խնամակալուհին էր (810-806)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։
[խմբագրել] Կեսնագրություն
Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախված այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։
[խմբագրել] Շամիրամը հայկական ավանդությունում
Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Արա Գեղեցիկին և նրան հռչակել համայն Ասիայի տիրակալը։ Բայց Արա Գեղեցիկը զոհվել է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։
[խմբագրել] Այլ ավանդույթներ
- Դանտե Ալիգյերիի Աստվածային կատակերգությունում՝ Դանթեն տեսնում է Շամիրամին հեշտասերների հոգիների միջև դժողքի երկրորդ շրջանում։