Խաղող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղող
Խաղող
Գիտական դասակարգում
Թագավորություն: Բույսեր
Կարգ: Ծածկասերմեր
Դաս: Երկշաքիլավորներ
Ընտանիք: Խաղողազգիներ
Ցեղ: '''Խաղող'''
Լատիներեն անվանում
Vitis L.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 28606
NCBI 3603

Խաղող, խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղ, իսկ նրա ողկույզները հասած վիճակում քաղցր հատապտուղներ են: Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է: Հայտնի է մոտ 70 տեսակ:

Խաղողը (խաղողենի, որթատունկ) պատկանում է խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղին: Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը (ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում): Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ: Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից: ՀՀ-ում խաղողի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին ու Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն: Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը (բունը) մագլցող լիան է (կարող է հասնել մինչև 20–30 մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1–3, երբեմն՝ ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1–4 կորիզով է (կան նաև անկորիզ՝ քիշմիշային սորտեր), տարբեր գույների՝ սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ: Ողկույզները գլանաձև են, կոնաձև, գլանակոնաձև, ճյուղավոր, թևավոր, պտուղը՝ կլորավուն, օվալաձև, երկար, երկարավուն, հակառակ ձվաձև և այլն: Պտուղները պարունակում են շաքարներ (հիմնականում` խաղողաշաքար և պտղաշաքար), օրգանական թթուներ, սպիտակուցներ, պեկտիններ, հանքային նյութեր, վիտամիններ, մակրո- և միկրոտարրեր: Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն: Ունեն նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն): Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն: Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր: Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ): Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն:

[խմբագրել] Բուսաբանական դասակարգում

Vitis ցեղը ներկայացված է 70 տեսակներով և բաժանվում է երկու ենթացեղի. Euvitis Planch և Muscadinia Planch: Euvitis Planch ենթացեղին են պատկանում 68 տեսակ, որոնք բաժանվում են 3 խմբի:

  • եվրոպա-ասիական;
  • ամերիկյան;
  • արևելա-ասիական:

Վավիլովը առանձնացրեց խաղողի ծագման և նրան մշակաբույս դարձնելու հետևյալ հիմնական կենտրոնները:

  • միջինասիական, որ ներառում է Հյուսիս-Արևմտյան հնդկաստան, Աֆղանստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Արևմտյան Տյան-Շան;
  • Առաջավորասիական, որ ներառում է ներքին Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանը, Անդրկովկասը և Թուրքմենստանի լեռնային մասը: Այս տարածաշրջանում խաղողը ներկայացված է ընտանի և վայրի տեսաների հսկա բազմազանությամբ:

Եվրոպա-ասիական խմբին է պատկանում մեկ տեսակ Vitis vinifera L.:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով