Հայերը Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-իրանական հարաբերություններ
Հայաստան և Իրան

Հայաստան

Իրան

Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Իրանում բնակվող հայերին ներկայումս անվանում են իրանահայ կամ պարսկահայ, որպես տարբերակող անուն հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչներից։ 21-րդ դարասկզբում իրանահայերի թիվը գնահատվում է 300000-ից 500000։[1][2]

Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի։ Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն՝ արիական ռասային‌[փա՞ստ], հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները՝ օրինակ, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա։

1604-05 թթ. Իրանի Շահ Աբասը կազմակերպում է հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստան՝ տանելով շուրջ 300 հազար հայի։ Հիմնականում նրանք Ջուղայից են լինում և հիմնում են Նոր Ջուղա քաղաքը։ Շահ Աբասը, ինչպես նաև պարսիկ մի քանի տիրակալներ, օգտվում էին տաղանդավոր հայերի ծառայություններից՝ դարձնելով իրենց խորհրդականներ, դեսպաններ, թարգմանիչներ, զինվորականներ։ Հայերի գալով՝ երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։ Սակայն Շահ Սուլեյմանի, Սուլթան Հուսեյնի ժամանակ հայերի վիճակը վատանում է, և նրանք սկսում են հեռանալ երկրից՝ հիմնականում Հնդկաստան ու Եվրոպա։

Իրանահայերի վիճակը մասամբ բարելավվում է 19-րդ դարում, երբ շահական կառավարությունը զգում է արհեստավորների, առևտրականների մեծ կարիք։ Արգելվում է հայերի բռնի հավատափոխությունը, կանոնակարգվում են հարկերը, վերացվում սահմանափակումները։ Մեծ թվով հայեր են մասնակցել 1979 թ. Իսլամական հեղափոխությանը և Շահի ռեժիմի տապալմանը։ 17 հազար հայ էլ մասնակցել է 1980-88 թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են։ Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ։ Հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը։ Իրանական Մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։

Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի։ Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում։ Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Ներկայումս իրանահայերի թիվը 560.000 մարդ է որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում։

Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով։ Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է։ Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր։ Ամենահայտնին «Ալիք» օրաթերթն է, որն այս տարի նշում է իր 80-ամյակը։

Իրանահայերն ակտիվորեն ընդգրկված են երկրի ներքին կյանքում։ Շատ հայտնի հայեր կան գիտության, կրթության, բժշկության, արդյունաբերության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իրանի միջև։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg