Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն (1821-1829)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն 1821—1829 թվականներ, մեծ հեղափոխություն, հույն ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական լծի դեմ։ Նախապատրաստել է 1814 թվականին ստեղծված «Ֆիլիկի հետերիա» գաղտնի հեղափոխական ընկերությունը, որը 1820 թվականից ղեկավարել է ռուսական ծառայության գեներալ Ալեքսանդրոս Իպսիլանտիսը։ 1821 թվականի փետրվարի վերջին (մարտի սկիզբ) Իպսիլանտիսը Ցաշից (Ցասսի) դիմել է հույն ժողովրդին ապստամբության կոչով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությունն սկսվել է 1821 թվականի մարտին [այդ օրը հայտարարված է Հունաստանի Անկախության օր, որը նշվում է մարտի 25 (ապրիլի 6)-ին] և ընդգրկել ամբողջ Մորեան (Պելոպոնեսը), մայրցամաքային Հունաստանի և Եգեյան ծովի կղզիների մի մասը։ Հեղափոխության շարժիչ ուժը գյուղացիությունն էր, ղեկավարը՝ ձևավորվող բուրժուազիան՝ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսի գլխավորությամբ։ 1822 թվականի հունվարին Պիադայում (Պելոպոնես) հավաքված Ազգային ժողովը հռչակեց Հունաստանի անկախությունը և ընդունեց դեմոկրատական սահմանադրություն։ Սուլթանական կառավարությունը դաժան հալածանք սկսեց ազատասեր հույն ժողովրդի նկատմամբ։ 1822 թվականի ամռանը թուրքական 30-հազարանոց բանակը ներխուժեց Մորեա, սակայն նահանջեց՝ կրելով զգալի կորուստներ։ Հունական զորքերը, որոնց ղեկավարում էին տաղանդավոր զորավարներ Մարկոս Բոցարիսը, Թեոդորոս Կոլոկոտրոնիսը, Աթանասիոս Դիակոսը, Դեորգիոս Կարաիսկակիսը, Ոդիսևս Անդրուցոսը և ուրիշներ, հերոսաբար կռվում էին զավթիչների դեմ։ 1825 թվականի փետրվարին Մահմուդ II սուլթանին օգնության եկավ եգիպտական բանակը՝ Իբրահիմ փաշայի գլխավորությամբ, որն ամայացրեց Մորեայի մեծ մասը։ Հույներին օգնության եկան օտարերկրյա կամավորներ (այդ թվում՝ բանաստեղծ Ջորջ Բայրոնը), մի շարք երկրևերում ստեղծվեցին հունասիրական կոմիտեներ (Ֆիլհելլեններ1827 թվականի ապրիլին Տրեզինոսում գումարված Ազգային ժողովը Հունաստանի պրեզիդենտ ընտրեց Իոաննիս Կապոդիստրիասին (նախկին ռուսական դիվանագետ)։ Արևմտա-եվրոպակաև պետությունները այդ դիտեցին իբրև Ռուսաստանի ազդեցության ուժեղացում Հունաստանում։

Հետագա զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականին Լոնդոնում Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը կնքեցին դաշնագիր, որով պարտավորվում էին թուրքական կառավարությունից պահանջել Հունաստանին տալ ինքնավարություն՝ սուլթանին ամենամյա հարկ վճարելու պայմանով։ Թուրքիայի հրաժարվելուց հետո, անգլո–ռուս-ֆրանսական նավատորմիղը 1827 թվականի հոկտեմբերի 8 (20)-ին Նավարինի ծովամարտում ջախջախեց թուրք-եգիպտական նավատորմը։ 1829 թվականի Ադրիանուպոլսի պայմանագրով (Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր 1829 թվական) Թուրքիան ճանաչեց Հունաստանի ինքնավարությունը՝ ամենամյա հարկ ստանալու պայմանով։ 1830 թվականին Հունաստանը պաշտոնապես դարձավ անկախ պետություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 644