Սոփոկլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոփոկլես
Sophocles pushkin.jpg
(Հին Հույն ողբերգակ)
ԱԱՀ՝ Սոփոկլես
Ծննդյան օր՝ մ.թ.ա. 496,
Ծննդավայր՝ Կոլոնոս (Աթենք)
Վախճանի օր՝ մ.թ.ա. 406,

Սոփոկլես (հունարեն` Σοφοκλῆς, մ.թ.ա 496-406), հին հունական նշանավոր ողբերգակ՝ երեք ողբերգակներից երկրորդը:

Կենսագրությունը [խմբագրել]

Սոփոկլեսը ծնվել է մ.թ.ա. 496թ. Աթենքի Կոլոնոս գեղատեսիլ արվարձանում: Նրա հայրն ունևոր մարդ էր, զինագործական արհեստանոցի տեր, և միջոց չի խնայել որդուն հիանալի մտավոր և ֆիզիկական կրթություն տալու համար: 16 տարեկանում մեծ պատվի է արժանացել` նրան վստահել են պատանիների երգչախումբը, որը պետք է երգով փառաբաներ Սալամիսի ճակատամարտի (մ.թ.ա. 480թ.) հաղթանակը: Արդեն 28 տարեկանում ողբերգությունների մրցույթում հանդես է եկել հասուն քառերգությամբ և հաղթել 57-ամյա Էսքիլոսին: Սկզբում քաղաքական հայացքներով հարել է ազնվականությանը, իսկ հետագայում չափավոր դեմոկրատների խմբակցությանը, որը գլխավորում էր տաղանդավոր զորավար և պետական գործիչ Պերիկլեսը: Մ.թ.ա 445թ. Պերիկլեսը կանգնեց Աթենքի իշխանության գլուխ և 15 տարի մնաց այդ դիրքում: Նրա օրոք աթենական մշակույթը մեծ ծաղկում ապրեց` տալով գիտության և արվեստի բարձրարժեք հուշարձաններ: Սոփոկլեսը Պերիկլեսի մերձավորներից էր, այդ ժամանակաշրջանի հույն մեծագույն ողբերգակը և աթենացիների մեջ բացառիկ սեր և հարգանք էր վայելում: Զբաղեցրել է պետական պաշտոններ` գլխավորել է պետական գանձապահների խորհուրդը, իսկ մ.թ.ա. 441թ. որպես զորավար արշավանքի է մեկնել Սամոս կղզի:

Կատակասեր, զրուցասեր անձնավորություն էր, ամուսնացել է երկու անգամ, նրա ավագ որդին` Իփոնը նույնպես ողբերգակ է եղել: Անտիկ հեղինակները հաղորդում են, որ Իփոնը ցանկանալով շուտ ստանձնել ծերունի հոր ունեցվածքի կառավարումը Սոփոկլեսի դեմ դատավարություն է հարուցել` նրան մեղադրելով «թուլամտության» մեջ: Սոփոկլեսը որդու մեղադրանքը հերքել է միայն նրանով, որ իր վերջի ողբերգությունից մի հատված է արտասանել ու մտքի պայծառությամբ հիացրել դատավորներին:

Մ.թ.ա. 411թ. մասնակցել է արիստոկրատների կազմակերպած պետական հեղաշրջման փորձին, որը սակայն անհաջողության է մատնվել: Ողբերգակի տարիքն ու վաստակը հարգելով` նրան ազատ են արձակել առանց որևէ պատժի:

Սոփոկլեսը վախճանվել է մ.թ.ա. 406թ.` 90 տարեկան հասակում:

Ստեղծագործությունները [խմբագրել]

Գրել է 123 դրամատիկական գրվածքներ, որոնցից ամբողջությամբ մեզ են հասել ընդամենը յոթը ողբերգություններ, որոնք են` Էաս, Անտիգոնե, Տրաքինուհիներ, Էդիպուս արքա, Էլեկտրա, Փիլոկտետես, Էդիպոսը Կոլոնում:

Աթենական բեմում մեծ ողբերգակը 24 անգամ հաղթանակ է տարել և երբեք չի զբաղեցրել երկրորդից նվազ տեղը (համեմատության համար նշենք, որ Էսքիլոսը հաղթել է 14 մրցույթներում և երբեմն պարտվել է Սոփոկլեսին, իսկ Եվրիպիդեսը հաղթել է միայն 4 անգամ): Նա հանդես է եկել իբրև թատերական արվեստի նորարար` ավելացրել է դերասանների թիվը, հասցնելով այն երեքի, ինչը նոր հնարավորություններ է ստեղծել ողբերգություններում գործողության դրամատիկական զարգացման համար: Նա նաև ներկայացումների մեջ ներմուծել է բեմանկարներ:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Հին հունական ողբերգություններ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1990։