Ավետարան ըստ Հովհաննեսի
Ավետարան ըստ Հովհաննեսի, (հուն.՝ Κατὰ Ἰωάννην, (բառացիորեն` «Հովհաննեսից»), լատ.՝ Evangelium secundum Ioannem), Նոր Կտակարանի չորրորդ գիրքը, Ավետարաններից մեկը: Համաձայն եկեղեցական ավանդության գրվել է I դ. վերջին (90-ական թթ.), Եփեսոս քաղաքում Հիսուս Քրիստոսի «սիրեցյալ աշակերտ» Հովհաննես առաքյալի կողմից, որն ընդառաջել է հավատացյալների խնդրանքին գրել այն, ինչ դուրս է մնացել Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններից: Ավետարանիչը հետևյալ կերպ է ներկայացնում երկի գրության պատճառը. «Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաև՝ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք» (20.31):
Հովհաննեսի ավետարանն ունի աստվածաբանական բացառիկ կարևորություն, քնի որ այնտեղ բացահայտորեն է արտահայտված Քրիստոսի Աստվածության գաղափարը: Դա երևում է Ավետարանի հենց սկզբնական տողերից «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»:
Ավետարանի կառուցվածքը [խմբագրել]
Ավետարանը բաղկացած է 21 գլխից: Հովհաննեսի ավետարանի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.
- Հավիտենական Խոսքը՝ Քրիստոս, նրա երկրային ծնունդը՝ մարմնացումը և Հովհաննես Մկրտչի վկայությունը Հիսուսի մասին (1.1–34):
- Հիսուսի առաջին աշակերտները, Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը, Կանայի հարսանիքը, Տաճարում առ¨տուր անողների վտարումը, Հիսուս և Նիկոդեմոս, զրույց սամարացի կնոջ հետ (1.35–4.42):
- Բժշկումներ, Մարդու Որդուն տրված իշխանության մասին (4.43–5.47):
- Հացի բազմացումը, Հիսուսը քայլում է ծովի վրայով (6.1–21): Հիսուս՝ կենաց հաց (6.22–72):
- Վեճ Հիսուսի անձի շուրջ (գլ. 7): Շնացող կինը (8.1–11):
- Հիսուս՝ լույսն աշխարհի (8.12–59):
- Ի ծնե կույրի բժշկումը (գլ. 9): Ճառ բարի հովվի մասին (գլ. 10):
- Ղազարոսի հարությունը (գլ. 11):
- Մուտք Երուսաղեմ, խաչի խորհուրդը (գլ. 12):
- Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը (13. 1–20), կանխասացություններ (13. 21–16.33):
- Հիսուսի աղոթքն առ Հայր (գլ. 17): Մատնությունը, չարչարանքները, խաչելությունը և հարությունը (18.1–19.42):
- Հարուցյալ Քրիստոս, երևումներն իր աշակերտներին, Թովմաս առաքյալի անհավատությունը, այլ երևումներ (20.1–21.25):[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ.129: