Հովհաննես առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես առաքյալ

Հովհաննես առաքյալը
Ծնունդ մոտ 6 թ., Գալիլեա
Վախճան 100 թ., Եփեսոս
Եկեղեցի(ներ) Ողջ Քրիստոնեություն
Հիշատակության օր Ավագ տոներ (ՀԱԵ)
Դեկտեմբերի 27 (Արևմտյան Քրիստոնեություն)
Սեպտեմբերի 26 և մայիսի 8 (արևելյան Քրիստոնեություն)
Commons-logo.svg Վիքիպահեստում
Հովհաննես առաքյալը (Թորոս Ռոսլինի մանրանկար)
«Հովհաննես առաքյալ», Էլ Գրեկո

Հովհաննես առաքյալ (եբր.՝ יוחנן‎ «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատ.՝ Iohannes Zebedaei; նաև՝ Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան), ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը։ Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը։

Հովհաննես առաքյալը Նոր Կտակարանում[խմբագրել]

Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10)։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18։15, 20։3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19։27, 20։2, 21։7)։ Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2։2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10։3, Մարկ. 3։17, Ղուկ. 6։14)։ Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.

  • Հովհաննեսը եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին՝ կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17։1, Մարկ. 5։37, 9։1, 14։33, Ղուկ. 8։51, 9։28)։ Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22։8)։
  • Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար (այդ պատճառով է, որ Զեբեդյան եղբայրները Քրիստոսի կողմից անվանվում են Որոտման որդիներ՝ Բաներեգես (հմմտ. Մարկ. 3։17)). «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»» (Մարկ. 9:37, Ղուկ. 9:49)։ Նախանձախնդրության մեկ այլ դրսևորում է ցույց տրված Ղուկասի Ավետարանում. Սամարիայում անհյուրընկալ ընդունելությունից հետո Հովհաննես և Հակոբոս եղբայրները առաջարկում են Քրիստոսին ««Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»» (9:54)։ Այս մտքի համար առաքյալը Հիսուսի կողմից հանդիմանվում են։
  • Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս ավետարանչի` Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20։20-24)). «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա» (Մարկ. 10։35-40)։
    Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը
  • Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին։ Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»։ Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»։ Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19։26-28)։
  • Հետհարության դրվագներում էլ Հովհաննես առաքյալը մյուսն առաքյալների հետ է (Հովհ. 21 գլուխ). նա առաջին ականատեսն է Քրիստոսի հարության՝ թափուր գերեզմանի (Հովհ. 20։1-10) և Տիբերիայի ծովեզերքի հայտնության (Հովհ. 21 գլուխ)։

Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում[խմբագրել]

Գործք առաքելոցը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ մաիսին։

  • Առաջին անգամ Հովհաննեսին տենում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս՝ 11 առաքյալների հետ (1։13)։
  • Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3։1-4։22)։
  • Վերջին անգամ Հովհաննեսին դարձյալ հանդիպում ենք Պետրոս առաքյալի հետ Սամարիայում ավետարանելիս. «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին» (8։14-15)։

Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։

Հովհաննես առաքյալը Սրբազան ավանդության մեջ[խմբագրել]

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է Եփեսոս, որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է Պատմոս կղզի։ Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։

Հովհաննես առաքյալի մահը[խմբագրել]

Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Հովհաննու ավետարանում փոքրիկ ակնարկ կա նրա մահվան վերաբերյալ. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ. և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (Հովհ. 21։21-25)։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ 100 թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»։

Հովհաննեսը հեղինակ նորկտակարանյան գրքերի[խմբագրել]

Հովհաննես առաքյալ, հայկական մանրանկար

Ավանդաբար Նոր Կտակարանում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, Հովհաննու ընդհանրական երեք նամակները և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը։ Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21։25)։ Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից Իրենեոս Լուգդոնացին (+202) և Կղեմես Հռոմեացին (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը։ Հերապոլսի եպիսկոպոս Պապիասը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ՝ առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր։ Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին։ Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում։ Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել Հովհաննես Երեցը։ Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում Հովհաննես Երեցը։

Հովհաննու Հայտնություն[խմբագրել]

Հովհաննեսը ավանդաբար համարվել է նաև Հայտնության գրքի հեղինակ, բայց եթե Դ Ավետարանը և երեք թղթերը կարող էին ներագրվել Զեբեդեոսի որդի Հովհաննեսի կողմից գրված, ապա Հայտնության հեղինակի հարցն ավելի խրթին է։ Եթե հաշվի առնենք այն, որ Հովհաննեսն ապրել է մինչև հռոմեական Դոմետիանոս կայսեր (81-96) ժամանակները, ապա հավանական է, որ նա է Պատմոսի տեսանողը, որի տեսիլքները գրի են առնվել Հայտնության գրքում։

Հովհաննես առաքյալի կերպարն արվեստում[խմբագրել]

Խորհրդավոր ընթրիք, հայկական մանրանկար, Քրիստոսի դիմաց նստած առանց մորուքի աշակերտը Հովհաննեսն է

Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով։ Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը։ Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի՝ ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը։ Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած։

Հիշատակության օրը[խմբագրել]

Հովհաննես առաքյալը համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը։ Նրա անունով կան բազմաթիվ եկեղեցիներ։ Ավետարանչի տոնը նշվում է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից. Հայ Առաքելական Եկեղեցին Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ, Հունական եկեղեցին՝ սեպտեմբերի 26-ին և մայիսի 8-ին, իսկ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 27-ին և մայիսի 6-ին։

Այցելեք նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։

Արտաքին հղումներ[խմբագրել]