Թովմաս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմաս առաքյալ
Թովմաս առաքյալի հավաստիացումը, նկարը՝ Կարավաջոյի
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրԳալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել[1][2][3]
Վախճանհուլիսի 3, 72
Վախճան վայրMylapore, Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Թաղման վայրՍուրբ Թովմասի տաճար
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՀուլիսի 3, Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, Հոկտեմբերի 6 և ուղղափառություն
Աշխատանքմիսիոներ
Պաշտոնառաքյալ
ԵրկիրՀին Հռոմ
ՈւսուցիչՀիսուս[4]

Թովմաս (նաև՝ Թովմաս Թերահավատ, Թովմաս Երկվորյակ (հուն.՝ «Դիդիմոս»), հուն․՝ Θωμάς, լատին․՝ Thomas, 1-ին դար, Գալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել[1][2][3] - հուլիսի 3, 72, Mylapore, Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։ Նախքան կանչվելը՝ ձկնորս։

Թովմաս առաքյալը Նոր Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանները Թովմաս առաքյալի՝ Հիսուսի կողմից կանչվելու վերաբերյալ ոչինչ չեն հայտնում։ Ավելին, համատես հեղինակները նրան լոկ հիշատակում են 12-ի ընտրության ցուցակում (Մատթ. 10։3, Ղուկ. 6։15, Մարկ. 3։18)։ Առավել մանրամասն տեղեկություններ Թովմաս առաքյալի մասին փոխանցում է Հովհաննես առաքյալ-ավետարանիչը, որոնց շնորհիվ, սակայն, էական որոշ գծեր են ի հայտ գալիս։ Այսպես՝

  • Ղազարոսի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս «...աշակերտներին ասաց. «Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում» (Հովհ. 11։7-8)։ Չնայած որոշ աշակերտների թաղանձանքին և բացատրություններին՝ «Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11։16)։
  • Կարևորություն ներկայացնող հաջորդ դրվագը երեևում է Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ. «Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք և ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև կճանաչեք նրան. և տեսել եք նրան» (Հովհ. 14։1-7)։
  • Վերջին և թերևս ամենակարևոր հատվածը կապված Թովմաս առաքյալի հետ տեղի է ունենում արդեն Քրիստոսի հարությունից հետո, երբ Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին, «Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»» (Հովհ. 20:24-29):

Այս վերջին հատվածը հատկապես շատ խորը հետք է թողել Թովմասի կերպարի վրա՝ պիտակելով նրան որպես «թերահավատ», սակայն արդարացիության համար անհրաժեշտ է արձանագրել, որ մյուս հատվածներում առաքյալը ներկայանում է որպես առավել քաջ ու նախանձախնդիր և պրպտող անհատականություն, իսկ կասկածամտության մասին խոսքերը այլևս ավելորդ են դառնում նրա՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» բացականչությամբ։

Հովհաննես Ավետարանիչը Թովմասին հիշատակում է նաև Տիբերիայի ծովեզերքի մոտ, երբ [Հիսուս Քրիստոս[|Հիսուս]] հայտնվում է առաքյալներից մի քանիսին, այդ թվում և Թովմաս Երկվորյակին (տես 21։2)։ Սուրբ գրքում Թովմաս առաքյալը վերջին անգամ հիշատակվում է Գործք առաքելոցում՝ Մատաթիայի ընտրության ժամանակ (1:13)։

Թովմաս առաքյալը Ավանդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննու Ավետարանում Թովմաս առաքյալը հաճախ անվանվում է նաև «Երկվորյակ» (տես Հովհ. 11։16, 20։24, 21։2)։ Այս անվանման հետ կապված Ավանդություն ասում է, թե Թովմասը եղբայրն է եղել Թադեոս առաքյալի կամ մեկ այլ առաքյալի։ Կարծիք կա նաև, որ առաքյալը արտաքնապես շատ նման է եղել Քրիստոսին, ինչի համար էլ անվանվել է «Երկվորյակ»։ Ավանդության համաձայն Թովմասը քարոզել է Պարթևստանում, հարավային Հնդկաստանում ու Քերալայում, ուստի և համարվում է հնդիկ քրիստոնյաների գլխավոր սուրբը և Մար Թովմա եկեղեցու հիմնադիրը։ Մադրաս քաղաքի մոտ ցույց է տրում նրա ուխտատեղի-գերեզմանը։ Ավանդության համաձայն նահատակվել է նետահարմամբ։ Թովմաս առաքյալի անվամբ հայտնի է 2-րդ դարի պարականոն մի ավետարան։

Հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թովմաս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Հակոբոս Ալփյան, Սիմոն Կանանացի առաքյալների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 6-ին, Լատին Եկեղեցին՝ դեկտեմբերի 21-ին և հուլիսի 3-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  5. Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմաս առաքյալ» հոդվածին։