Վիժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբորտից)
Բժշկական աբորտ
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ
ՀՄԴ-10 O04.0 O04.1 O04.2 O04.3 O04.4 O04.5 O04.6 O04.7 O04.8 O04.9
ՀՄԴ-9 635 636
MeSH CE04.520.050

Աբորտ (լատ.՝ abortus՝ «վիժում» բառից), աբորտ, անցուցք, հղիության ընդհատում և պտղաձվի հեռացում առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։

Տեսակները[խմբագրել]

Վիժումը լինում է ինքնաբեր և արհեստական։ Ինքնաբեր աբորտը առաջանում է արգանդի պատի և պտղաձվի կապի խախտումից։ Պատճառներն են՝ մոր ընդհանուր հիվանդությունը (գրիպ, տիֆ, սիֆիլիս, տուբերկուլոզ, արյան հիվանդություններ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, A, E վիտամինների պակաս), սննդային և դեղորայքային թունավորումը, ճառագայթային հիվանդությունը, սեռական օրգանների հիվանդությունը (արգանդին հավելումների բորբոքում, ուռուցք, թերզարգացում), ինչպես և ֆիզիկական տրավման (ծանրություն բարձրացնելը, որովայնի վնասվածքը) ու հոգեկան ապրումները (վախ, հուզմունք)։

Ըստ կլինիկական ընթացքի՝ ինքնաբեր աբորտը լինում է սպառնացող (արգանդի թեթև կծկումներ, ձգող ցավեր գոտկամասում, չնչին արյունային արտադրություն), սկսվող (ցավեր որովայնի ստորին մասում և գոտկամասում, սակավ, բայց անընդմեջ արյունային արտադրություն, արգանդի պարանոցը պահպանվում է, անցքը փակ է), «ընթացքի մեջ» (արգանդի կծկումներ և ուժեղ ցավեր, անընդհատ և առատ արյունային արտադրություն՝ արգանդի կարճացած պարանոց), թերի մակարդուկներով (առատ արյունահոսություն, պուլսի անկում, շոկային վիճակ, ներքին զննման ժամանակ շոշափվում են պտղաձվի մասերը, պարանոցի անցքը բաց է, արգանդը՝ անհավասար փափուկ), լրիվ (պտղաձուն լրիվ վիժվում է, արգանդը՝ դատարկ, կծկված, ամուր, փոքրացած), չկայացած (պտղաձուն մահանում է և երկար ժամանակ՝ ամիսներ, նույնիսկ տարի և ավելի, մնում արգանդում)։ Սպառնացող և սկսվող աբորտի դեպքում հղիության պահպանում հնարավոր է (անկողնային ռեժիմ, արգանդի կծկումը դադարեցնող, նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութեր, վիտամիններ), մյուս ձևերի դեպքում անհնար (ուժեղ արյունահոսությունների ժամանակ մաքրում են արգանդի խոռոչը)։

Արհեստական ընդհատում[խմբագրել]

Արհեստական աբորտը պտղաձվի հեռացումն է պտղաձվի կամ հղի կնոջ օրգանիզմի վրա անմիջաբար ներգործելու միջոցով։ Տարբերում են՝ օրինական (բժշկական) և ապօրինի (կրիմինալ) արհեստական աբորտներ։ Օրինական արհեստական աբորտը կատարվում է հիվանդանոցային պայմաններում, վիրահատական միջամտությամբ։ Աբորտը թույլատրվում է ժառանգաբար փոխանցվող ծանր հիվանդությամբ տառապելու, առողջական վիճակի համար վտանգավոր հղիության, ինչպես նաև անցանկսւլի ծննդաբերության դեպքում։ Հակացուցումներն են՝ գոնորեան, սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքումները, թարախային օջախների առկայությունը, վարակիչ հիվանդությունները և այլն։ Աբորտը կատարվում է բժշկական մանրակրկիտ հետազոտություններից հետո՝ հղիության առաջին 12 շաբաթվա ժամկետում։ Ապօրինի է համարվում արտահիվանդանոցային պայմաններում (նույնիսկ բժշկի կողմից) կատարվող ամեն մի վիժում։ Ապօրինի աբորտը վտանգավոր է կյանքի համար, այն կարող է արգանդի պատռվածքի և ներքին օրգանների վնասվածքների պատճառ դառնալ։

Արհեստական աբորտի վնասներն են՝ չբերությունը, վաղաժամ ծերությունը, սեռական օրգանների քրոնիկ բորբոքումները, օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Արտակարգ վնասակար է առաջին հղիության վիժումը։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1955 թ.-ի նոյեմբերի 23-ի հրամանագրով թույլատրվեց արհեստական աբորտը կատարել միայն ծննդատներում և հիվանդանոցներում։ Ապօրինի աբորտ կատարողը պատժվում է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 120, կնոջը աբորտի հարկադրողը՝ 121 հոդվածներով։

Գրականություն[խմբագրել]

  • Մարգարյան Պ.Հ., Մանկաբարձություն, Ե., 1960։
  • Петченко А. И., Акушерство, 2 испр. дополн. изд., Киев, 1963
  • Хаскин С. Г., Аборт и его осложнения, Л. 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png