Ոսկրատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա–Մարիա–դելա–Կոնչեցիոնե եկեղեցու կապուցինների գետնադամբարանը (Հռոմ)
Փարիզի կատակոմբները

Ոսկրատուն, կամ ոսկրանոց, արկղ, սափոր, հոր կամ շինություն հանգուցյալների կմախքացած մնացորդները պահելու համար։

Կիրառվել է կամ կիրառվում է զրադաշտական, հուդայական կրոններում, կաթոլիկական և ուղղափառ եկեղեցիներում։ Նախնիների միայն գանգի կամ լրիվ ոսկորները տանը կամ հատուկ շինություններում պահելու սովորույթը հանդիպում է նաև տարբեր ազգերի մոտ, թեև դրանց համար տարբեր եզրեր են օգտագործվում։ Եվրոպական երկրներում օգտագործվում է լատ.՝ os բառից ծագող լատ.՝ ossuarium եզրը , ռուսները օգտագործում են ко́стница եզրը։

Նեոլիթի ոսկրատներ[խմբագրել]

Ոսկրե մնացորդները պահելու սովորույթը գալիս է նեոլիթից, որը հավանաբար կապված է անդրշիրիմյան կյանքի պաշտամունքից։ Պահել են հանգուցյալի մնացորդները հետմահու կյանքը ապահովելու, կամ էլ սերունդներին հաջողությունը փոխանցելու նկատառումով։

Ամենահին նոր քարե դարի ոսկրանոցները, թվագրված մոտ 6500-6000 թվական մ.թ.ա., հայտնաբերվել են Ֆրանսիայի Բերի–օ–Բակ քարանձավներում։ Այդտեղ հայտնաբերվել են նաև ձկների և խոշոր կենդանիների ոսկորներ, որից եզրակացվում է, որ այնտեղ որսորդական ցեղի խոշոր բնակատեղի էր։[1] Նմանատիպ հուղակավորություն հայտնաբերվել է հունական Դիրու քարանձավներում, թվագրված են 5000-3000 թվականներ մ.թ.ա.։ Այնտեղ հայտնաբերվել են 20 տարեց և երիտասարդ մարդկանց մասնատված մնացորդներ։[2]

Նեոլիթյան բնակավայր Սքար Բրեյում

Մ.թ.ա. 4000 թվական է թվագրված այսպես կոչված «Յարիգոլյան ոսկրանոցների համալիրը», որը գտնվում է արևելյան Աֆրիկայում, Տուրկանա լճի մոտ։ Համալիրում մի շարք ոչ բարձր բլուրներ են, որոնցից յուրաքանչյուրի մեջ թունել է փորված և սարքված է հատուկ տարածք կմախքացած մնացորդներ, խեցեղեն և զոհաբերություններ պահելու համար։ Փլուզումից խուսափելու համար հողե սենյակների առաստաղներին հենած են բազալտե սյուներ։ Ինչպես երևում է բլուրները հուղակավորության համար երկար տարիներ են օգտագործվել, քանի որ հին ոսկորներն ու խեցեղենը կամաց–կամաց հրել են առաջ՝ նորերին տեղ բացելու համար։ Արդյունքում հանգուցյալների ոսկորները խառնվել են։[3]

Վաղ նեոլիթին է վերաբերվում նաև 2001 թվականին Պորտուգալիայում հայտնաբերված հուղակավորումը Կասա–դե Մոուրա քարանձավում։ Ներկա պահին կատարվում են հետազոտություններ։[4]

Ոսկրանոցներ են հայտնաբերվել նաև մենհիրների տարածքում։ Միացյալ Թագավորությունում Ջերսիի Քանդված և Փոքր մենհիրների արանքում հայտնաբերվել է կմախքացած մնացորդների պահոց, որը թվագրվում է մ.թ.ա. 3000-2000 թվականներով։[5]Մալթայի մեգալիթյան Տարշին տաճարի տարածքում հայտնաբերվել ստորգետնյա ոսկրանոց։

Աֆրիկայի ոսկրատներ[խմբագրել]

Եգիպտոս[խմբագրել]

Հայտնի է, որ կմախքացած մնացորդների պահելը սովորույթ չէր Եգիպտոսում։ Սակայն 1914 թվականին Գիզայում հայտնաբերված Իդու II–ի հուղակավորությունը, որը հավանաբար պատկանում էր Բադարիական մշակույթին (մոտ 4150 մ.թ.ա.) ապացուցեց, որ մինչ մումիա սարքելը, եգիպտացիները սարկոֆագներում պահել են հանգուցյալների կմախքացած մնացորդները։ Տյուբինգենի համալսարանում Ուլրիխ Վեզերի կատարած ուսումնասիրությունները 20-րդ դարի վերջին ապացուցեցին, որ Իդուի ոսկորներից նախ հեռացվել են փափուկ հյուսվածքները, հետո ոսկորները մշակվել են նատրիական աղերով՝ հեղուկը հեռացնելու համար։ Վերջում ոսկորները ծխեցվել են, կամ առավել հավանական է մշակվել են փայտի խեժով, որից հետո տեղադրվել են սարկոֆագի մեջ։[6]

Կարթագեն[խմբագրել]

Կմախքացած մնացորդների պահելը բնորոշ էր նաև հյուսիսաֆրիկյան ափամերձ շրջաններում։ Կարթագենի պեղումների ժամանակ հայտնաբերված ոսկրանոցների թվում կար մեկը, որտեղ պատկերված էր «Բաալսիլեկ ստրուկը, բարձերին պառկած»[7]։ Հաճախ ոսկրանոցին կցվում էր խողովակ, որով իջեցվում էին զոհողություններ, նաև տախտակներ, որոնցից մեկի վրա անեծք է գրված թշնամուն։[8]

Կենտրոնական Ամերիկայի ոսկրանոցներ[խմբագրել]

«Գերագույն քրմի շիրիմը» Չիչեն Իցայում։

Հարավային Ամերիկայի մինչկոլումբոսյան քաղաքակրթություններում, կմախքացած աճյուններ են գտնվել միայն տոլտեկների և մայաների մոտ։ Մայաների պետության մայրաքաղաք Չիչեն Իցայի վերջին պեղումների ժամանակ այսպես կոչված «Գերագույն քրմի շիրիմում» հայտնաբերվեց ոսկրանոց։ «Գերագույն քրմի շիրիմը» իրենից ներկայացնում է 30 ոտնաչափ բարձրությամբ քառանկյուն, աստիճաններով բուրգ, որը զարդարված է Կետցալկոատլ աստծո՝ «փետրավոր օձի» պատկերով։ Շիրիմը գտնվում է Չիչեն Իցայի հարավային մասում։ Չնայած նրան, որ հուշարձանը գտնվում է Մայաների մայրաքաղաքում, բայց կառույցի ձևով ավելի մոտ է տոլտեկյան ճարտարապետությանը։ Հնագետները բուրգի ներսում, երկու սյուների արանքում սալակված հատակի տակ հոր հայտնաբերեցին, որը հորիզոնական իջնում է մինչև շինության հիմք և հասնում քարայրի մուտքի, որի վրա էլ կառուցված է դամբարանը։ Քարանձավը իրենից ոսկրանոց է ներկայացնում, նրա հատակին ոսկորներ են և սգո նվիրատվություններ ամանների մեջ։ Այնտեղ գտնված նեֆրիտը, լեռնային հախճապակին նշան են, որ հանգուցյալները հասարակության մեջ բարձր դիրք են գրավել։[9]

Ավստրալիական ոսկրանոցներ[խմբագրել]

Ավստրալիա մայր ցամաքի հին կրոնը հիմնված է եղել տոտեմների պաշտամունքի վրա։ Դրա հիմքում մարդու կապն է որսի հոգու հետ և պաշտպանությունը չար հոգիներից, որոնք մարդուն հիվանդություններ են ուղղարկում և խանգարում ուտելիք հայթայթել։ Այստեղից էլ երկակի վերաբերմունք կար հանգուցյալի հանդեպ, որը մահվանից հետո կարող էր դառնալ հովանավոր հոգի՝ տոտեմ, կամ էլ չար ոգի, որին հարկավոր էր վախեցնել կամ սիրաշահել։ Հուղակավորության տարբերությունները լավ երևում են Կիմբերլի նահանգում, որտեղ «տոտեմ հովանավորներ» էին դառնում մահացած զինվորները։ Մահվանից հետո նրանց խորհրդանշորեն «ուտում էին», որպես միավորման նշան։ Դրանից հետո դիակը դրվում էր հարթակի վրա, մինչև որ մարմինը անջատվում էր կմախքից։ Վերջում ոսկորները տեղադրվում էին ոսկրանոցներում՝ տոհմի տոտեմին նվիրված ժայռի տակ։ Գրականության մեջ հիշատակվում է նաև նմանատիպ արարողություն Թասմանիայում, տարբերությունը միայն նրանում էր, որ այստեղ պահում էին բացառապես հանգուցյալի գանգը։[10]

Զրադաշտական ոսկրանոցներ[խմբագրել]

«Լռության աշտարակ» Մումբայում (1886 թվականի նկար)

Զրադաշտականությունը արգելում է թաղել դիակները, սուզել կամ վառել։ Այդ պատճառով դիակը անմիջապես տանում են «կեդ» կոչվող շինությունը, որից հետո տեղափոխում են «դահմա» կոչվող բարձրունք, որտեղ անգղերը կտցելով մաքրում էին կմախքը։ Այդ նպատակի համար օգտագործում էին նաև հատուկ վարժեցրած շներ։ Տարվա ընթացքում քամհարված և արևից չորացած ոսկորները համարվում էին մաքուր։ Առավել ևս համարվում էր, որ ոսկորները արտացոլում էին հանգուցյալի հոգու մասը։ Ոսկորները տեղավորում էին աճյունասափորի մեջ, որն էլ տեղավորվում էր «լռության աշտարակ» կոչվող շինություններ։ Բնականաբար կմախքի լրիվ հավաքածուն, կամ անվնաս գանգեր այս ոսկրանոցներում հազվադեպ են։ [11]

Միջին Ասիայի ոսկրանոցներ[խմբագրել]

Մինչև միջնադար Խորեզմում, Սողդում հանգուցյալներին հուղարկավորելու համար ընդունված էր ոսկրանոցների օգտագործումը։[12] Այս ավանդույթը ծագել է այս տարածքներում տարածված զրադաշտականության ազդեցությունից։ Խորեզմում բազմաթիվ ոսկրանոցներ են հայտնաբերվել։ Վաղ միջնադարում ոսկրանոցները տարածված էին Սողդում՝ այժմ Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում։

Այս տարածքին հատուկ են արկղի տեսքով թրծված կավե ոսկրանոցները։ Յուրաքանչյուր պատը կամ հատակը սարքվում էր առանձին և վերջում նոր միացվում իրար։ Պատերի վրա հաճախ կատարվում էր նկար կամ զարդանախշ դրոշմելու միջոցով։ Հնագետները հայտնաբերել են նաև չզարդանախշված, ձվաձև, հում կավից ոսկրանոցներ։[13]

Բազմաթիվ ոսկրանոց–աճյունասափորներ են հայտնաբերվել Խորեզմում, որտեղ բնակիչները մի քանի հարյուրամյակ օգտագործել են հուղակավորության այս ձևը, ընդուպ Իսլամի ընդունումը։[14] Խորեզմում բնորոշ էր ոսկրանոցները պատրաստել խեցեղենից՝ մարդկանց և կենդանիների սնամեջ արձանիկների տեսքով։[15] Առավել հայտնի են երկու ոսկրանոց, մեկը կանգնած կնոջ ֆիգուրա է, մյուսը բազկաթոռին նստած տղամարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. L’ossuaire néolithique de Berry-au-Bac (Aisne) : étude odontologique // Revue archéologique de Picardie 1995, № 1-2, pp. 83-86. ISSN 0752-5656Б (ֆրանսերեն)
  2. Նվիրված Ալեպոտրիպի քարանձավի ուսումնասիրությանը(անգլերեն)
  3. Յարիգոլյան համալիրը(անգլերեն)
  4. Կասա–դե Մոուրա քարանձավի մասին(անգլերեն)
  5. Ջերսիի մենհիրները(անգլերեն)
  6. Ն. Նեպոմնյաշչի, Հին աշխարհի 100 հանելուկները, Մոսկվա, Վեչե, 2002.
  7. Հին Արևելքի պատմություն, հատոր 2
  8. Բրոկհաուզի և Էֆրոնի հանրագիտարանից
  9. Գերագույն քրմի շիրիմը Չիչեն Իցայում(անգլերեն)
  10. Բլադիմիր Կաբո Թասմանցիները և թասմանյան խնդիրը
  11. Пугаченкова Г. А., Мианкальские оссуарии — памятники культуры Древнего Согда, Наука и общество, М. 1984, էջ՝ 79—90 (ռուսերեն)
  12. Кольченко В. А. Չույսկի հովտի ոսկրանոցների մասին
  13. Горячева В. Д. Կրասնորեչինսկ քաղաքի գերեզմանատունը
  14. Новые материалы по погребальному обряду VII—VIII вв. в Кердере (Северный Хорезм) (ռուսերեն)
  15. Ягодин В. Памятники древнего искусства Каракалпакстана (ռուսերեն)

Գրականություն[խմբագրել]

  • Рапопорт Ю. А. Из истории религии древнего Хорезма (оссуарии). — М., 1971.
  • Мельник А. Г. Оссуарий ростовского Успенского собора // Сообщения Ростовского музея. Выпуск 6. — Ростов, 1994. — С. 185-189.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg

The Most Bizarre European Ossuaries(անգլերեն)