Կտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կտակ, քաղաքացու կարգադրությունը մահվան դեպքում իր գույքային իրավունքները փոխանցելու մասին։ Կտակը միակողմանի գործարք է. արտահայտում է մեկ անձի կամքը։ ԽՍՀՄ-ում գույքը կարելի էր կտակել մեկ կամ մի քանի անձանց, այդ թվում նաև ըստ օրենքի ժառանգ չհանդիսացողներին, պետությանը, կոոպերատիվ կամ հասարակական առանձին կազմակերպությունների։ Ժառանգատուն կարող է ժառանգման իրավունքից զրկել ժառանգորդներին, բացառությամբ պարտադիր բաժնի իրավունք ունեցողների՝ անչափահաս, անաշխատունակ երեխաներ (այդ թվում՝ որդեգրվածներ), անաշխատունակ ամուսին, ծնողներ (որդեգրողներ), մահացածի խնամքի տակ գտնվողներ, որոնք ստանում են այն բաժնի 2/3-ը, որը կստանային ըստ օրենքի գույք ժառանգելու դեպքում։ Ժառանգվող գույքի մեջ չի մտնում խնայողական դրամարկղի կամ բանկի ավանդը, եթե կտակարարը կարգադրում է գումարը հանձնել որևէ անձի կամ պետությանը։ Այդ ավանդից պարտադիր բաժին նույնպես չի տրվում։ Կտակը կազմվում է գրավոր, նշվում կազմելու վայրը, ժամանակը, ստորագրվում կտակարարի ձեռքով և ենթարկվում նոտարական վավերացման։ Եթե նոտարական վավերացումը հնարավոր չէ, կտակը իրավասու են վավերացնել զինվորական մասերի, նավերի հրամանատարները, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, արշավախմբերի, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերը կամ այլ պաշտոնատար անձինք։ Կտակարարն իրավասու է ուզած ժամանակ փոխել կամ վերացնել կտակը կամ կազմել նորը։ Անգործունակ անձի կազմած կտակը անվավեր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png