Մարկոս Անտոնիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
M Antonius.jpg

Մարկոս Անտոնիոս (մ.թ.ա. 83-30), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար: Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը: Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ: Մ.թ.ա. 49-45-ի քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիես Կեսարին: Մ.թ.ա. 43-ին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը: Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները: Մ.թ.ա. 37-ին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները: Մ.թ.ա. 39-ին պարթևներից գրավել է Ասորիքը: Մ.թ.ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս: Մ.թ.ա 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին: Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31-ին: Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը: Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդրը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին: Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը: Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային: Մ.թ.ա. 31-ին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը: Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց: Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png