Գայոս Մարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գայոս Մարիոս (Gaius Marius, մ. թ․ ա․ մոտ 157—86), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ 119 թ. ընտրվել է ժողովրդական տրիբուն, 115 թ.՝ պրետոր (ապա նշանակվել Իսպանիայի կառավարիչ), 107 թ.՝ կոնսուլ։ Աֆրիկայում պարտության է մատնել նումիդիացիներին։ Կիմբրերի և տևտոնների հարձակման վտանգը հռոմեացիներին ստիպել է, հակառակ օրենքի, ևս չորս անգամ (մ․ թ․ ա․ 104—101) Մարիոսին ընտրել կոնսուլ։ 102 թ. ջախջախել է տևտոններին, 101 թ.՝ կիմբրերին։ 100-ի համար վեցերորդ անգամ ընտրվել է կոնսուլ։ 107 թվականից իրականացրել է ռազմական ռեֆորմ, որով սկզբնավորվել է հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից պրոֆեսիոնալ բանակի վերածվելու ընթացքը։ 88 թ. ժողովրդական ժողովը Մարիոսին է հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի դեմ պատերազմի հրամանատարությունը, սակայն Սուլլայի կողմից Հռոմը գրավելուց հետո Մարիոսը փախել է Աֆրիկա։ Սուլլայի Արևելք մեկնելուց հետո Մարիոսը էտրուրիայում զորք է հավաքել և գրավել Հռոմը (87)։ 86 թ-ի համար 7-րդ անգամ ընտրվել է կոնսուլ, սակայն շուտով մահացել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png