Ադիաբենե
Ադիաբենեն հնագույն երկիր էր Տիգրիս և Փոքր Զաբ գետերի միջև: Տարածվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան (այժմյան Քրդստանի տարածքում):
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Ադիաբենեն հյուսիսից սահմանակից էր Մեծ Հայքի Կորճայք և Պարսկահայք նահանգներին: Ըստ Ստրաբոնի, Ադիաբենեում մեծաթիվ ժողովուրդներն էին մարերը, հայերը և բաբելացիները: Գլխավոր քաղաքներն էին Արբելան և Նինվեն: Սկզբնապես տարածված լինելով Մեծ Զաբ և Փոքր Զաբ գետերի միջև, անունը ստացել Դիաբա (Զաբ, ասոր. “Գայլ”) գետի անունից:
[խմբագրել] Պատմություն
Մթա IV-II դդ Սելևկյան թագավորության 72 սատրապություններից մեկն էր: Մթա II դարի սկզբին (Սելևկյանների անկումից հետո) դարձավ առանձին թագավորություն: Սակայն մթա 140-ական թվականներին նվաճվեց Պարթևների թագավորության կողմից, իսկ մթա 80-ականներին որպես կախյալ թագավորություն Տիգրան Բ Մեծի կողմից ընդգրկվեց Հայկական կայսրության կազմում: Պլուտարքոսի վկայությամբ, հայ-հռոմեական պատերազմների ժամանակ (մթա 69-68) Ադիաբենեի թագավորն իր զորքով կռվում էր հայկական բանակի կողմում և մթա 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում գլխավորում էր նրա ձախ թևը: Արտաշատի մթա 66-ի հաշտության պայմանագրով Ադիաբենեն կրկին միացվեց Պարթևստանին:
Մթ I դ սկզբին այնտեղ հիմնվեց Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ I-ի անունով): Երկրորդ գահակալ Իզատեսի օրոք (35-59) թագավորությունը զգալիորեն ընդարձակվեց և հզորացավ: Պարթևների թագավոր Արտավան III-ը Հռոմի համաձայնությամբ 37-ին Ադիաբենեին միացրեց Հայքի Ծավդեք, Արվաստան (Միգդոնիա) և Հայոց Միջագետք երկրամասերը: Ադիաբենեն արևմուտքում տարածվեց մինչև Կոմագենեի թագավորության եփրատյան սահմանը, և նոր կենտրոն դարձավ Մծբինը:
Մթ I դարի երկրորդ կեսին Հայքի համար ծավալված հռոմեա-պարթևական պայքարում Ադիաբենեի թագավորությունը հենարան էր Պարթևստանի Վաղարշ Ա թագավորի (իշխանության մոտավոր թվականները՝ 51-80) և նրա եղբայր Տրդատ Ա-ի համար: Այստեղից նրանք ռազմական գործողություններ էին ձեռնարկում Հռոմի և Հայքում նրա դրածո թագավորների դեմ: Հայքի գահին տիրանալու համար Հռոմի դեմ պայքարող Տրդատ Ա-ին հատկապես եռանդուն աջակցություն ցույց տվեց Մոնոբազ II թագավորը: Մոնոբազյանների տան անդամները դարձան Տրդատ Ա-ի թագավորության հենարանը և, հավանաբար, նրանցից կազմվեցին Մանավազյան, Բզնունյաց և Խորխոռունյաց նախարարությունները:
115-ին Հռոմի Տրայանոս կայսրը նվաճեց Ադիաբենեի թագավորությունը, նրան կցված հայկական նահանգներից կազմելով “Մեսոպոտամիա” (“Միջագետք”), իսկ բուն Ադիաբենեից՝ “Ասսիրիա” (“Ասորեստան”) պրովինցիաները: Տրայանոսի մահվանից հետո Ադիաբենեն կրկին անցավ Պարթևստանին: 193-ին այն նվաճեց Հռոմի Սեպտիմոս Սևերոս կայսրը: Բայց 198-ի հռոմեա-պարթևական նոր համաձայնագրով, երբ երկու տերությունների սահմանը ճանաչվեցին Եփրատ և Խաբուր գետերը, Ադիաբենեն մնաց Պարթևական թագավորությանը: 213-ին Հռոմի Կարակալա կայսրը նվաճեց այն, քանդեց Արբելա քաղաքում պարթև Արշակունիների նախնիների գերեզմանները և աճյունները ցրիվ տվեց: Բայց Մարկինոս կայսրը (217-218) ստիպված էր Ադիաբենեն վերադարձնել Պարթևստանին և հատուցել իր նախորդի պատճառած վնասները:
[խմբագրել] Հետագա Պատմություն
Ադիաբենեի վասալ թագավորությունն իր գոյությունը պահպանեց հավանաբար մինչև Սասանյանների իշխանության գլուխ անցնելը (224): VI դարում Ադիաբենեն հիշվում է որպես Սասանյան Պարսկաստանին ենթակա վարչական առանձին միավոր՝ Հեդայաբ անունով: Հեդայաբը (հին Ադիաբենեն) ասորական (նեստորական) եկեղեցական թեմերից էր, որի առաջնորդին ենթարկվում էին Մոկքի, Կորճայքի և Նուշիրական-Պարսկահայքի ասորի եպիսկոպոսները: Արաբական նվաճումներից (VII դարի կես) հետո Ադիաբենեն վարչականորեն ընդգրկվեց Ջեզիրեի կազմում և նրա անունն աստիճանաբար մոռացվեց: Այժմ գտվում է իրաքյան Քրդստանի տարածքում:
Վաղ ժամանակներից այստեղ բնակվում են ասորիներ, մասամբ՝ հայեր, ուշ միջնադարից՝ նաև քրդեր: Ներկայումս բնակեցված է գերազանցապես քրդերով, թուրքերով և արաբներով: Դեռ գոյատևում են ասորական նեստորական, յակոբինյան և քաղդեական փոքրաթիվ համայքներ, որոնք խստագույն հասարակաքաղաքական և մշակութային ճնշման տակ են գտնվում տեղի քրդերից (www.aina.org):
[խմբագրել] Աղբյուրներ, նշումներ և հղումներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 73-74
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |