Դիոն Կասսիոս
Դիոն Կասսիոս Կոկցեանոս (հուն.՝ Δίων Κάσσιος, լատ.՝ Lucius Claudius Cassius Dio Cocceianus; մ.թ. 155 — 235թթ.), հռոմեական պատմիչ, ծագումով հույն: Ծնվել է Բութանիայի Նիկեա քաղաքում, Կիլիկիա և Դալմատիա նահանգների կառավարիչ Կասսիոս Ապրոնիանոսի ընտանիքում: Մարկոս Ավրելիոսի գահակալման վերջին տարիներին տեղափոխվել է Հռոմ, իսկ Կոմմոդոս կայսեր օրոք դարձել Հռոմի Ծերակույտի անդամ: Զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ, մասնավորապես եղել է հռոմեական կոնսուլ: Կյանքի վերջին տառիներին ապրել է ծննդավայրում: Գրական գործնեությունն սկսել է «Երազների և նախագուշակումների մասին» գրքով:
Գլխավոր ստեղծագործությունն է 80 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն»ը (հունարեն՝ «Роμαικη», լատ.՝ «Historia Romana»), որտեղ ներկայացվում է Հռոմեական կայսրության պատմությունը՝ Հռոմ քաղաքի հիմնադրումից մինչը Ալեքսանդր Սևերոսի գահակալության տարիները (երկը պահպանվել է հատվածաբար), նյութերի հավաքումը տևել է 10, շարադրումը՝ 12 տարի: Արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի մ.թ.ա. I - մ.թ.II դդ. և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Հայաստանին վերաբերող տեղեկությունները թարգմանվել են հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից: Երկը պահպանվել է հատվածաբար, այդ թվում քաղվածքների ձևով Բյուզանդիայի պատմիչներ Հովհաննես Քսիփիլինոսի և Հովհաննես Զոնարասի աշխատություններում:
Հռոմեական պատմիչներին հետևելով՝ Դիոն Կասսիոսը պատմությունը շարադրել է տարեգրությունների ձևով: Գրել է հին ատտիկյան լեզվով՝ հետևելով իր սիրած պատմիչ Փուկիտիդեսի գրելաոճին: Դիոն Կասսիոսը ջանացել է հետազոտել դեպքերի պատմական ընթացքը, դրանց ներքին կապը՝ փորձելով արդարամտորեն գնահատել պատմական անհատներին, կուսակցությունները, ռազմական գործողությունները[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Հովսեփոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ընդդեմ Ապիոնի: Հրեական պատերազմի մասին: Հրեական հնախոսություն: Հռոմեական պատմություն:-Եր.: 1976, 265էջ: