Հոռոմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոռոմոս
Վանքային համալիր
Տեղադրություն Արևելյան Հայաստան, Անի
Աշխարհ Այրարատ
Պատմական երկիր Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ) Բագրատունյաց Հայաստան Աբաս
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կիսավեր
Ակտիվ է Ոչ
Ճարտարապետ(ներ) Հովհաննես
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 10-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար
Ավերում Թուրքերի արշավանքից մինչև հիմա
##Հոռոմոս (Թուրքիա)
Set01-church1.svg
##Հոռոմոս (Մեծ Հայք)
Set01-church1.svg


Հոռոմոս, X-XI դարերի հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի սահմաններում)։

Պատմություն[խմբագրել]

X դարի 1-ին կեսին հիմնադրել են Բյուզանդիայից փախած և Բագրատունյաց Հայաստանում ապաստանած հայ վանականները (այստեղից էլ՝ Հոռոմների վանք անվանումը)։ Հոռոմոսի վանքից հարավ, Անի տանող ճանապարհին ավերակ վիճակում են հաղթական կամարի (հավանաբար X-XI դդ.) դռան (Ղոշեք, որից՝ վանքի նաև Ղոշավանք անվանումը) գմբեթավոր զույգ աշտարակները։ Հոռոմոսը բաղկացած է մինչև XIII դ. կառուցված շինությունների երկու խմբից՝ Ախուրյանը երիզող ձորում և բարձրադիր լեռնադաշտի վրա։ Առաջին խմբում վանքի հնագույն կառույցներն են՝ Սուրբ Մինաս (930-953, հիմնադրել է Հովհաննես վարդապետը) և Սուրբ Գևորգ (1013-ից հետո) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի-դամբարանները, թաղածածկ մատուռ և Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953-977) դամբարանը։ Բարձունքի վրա տեղադրված են վանքի հիմնական կառույցները՝ շրջափակված ուղղանկյուն պարսպով, որի հյուսիս-արևմտյան անկյունում միակ մուտքն է և մի կիսաբոլոր բուրգ։ Այս խմբի մեջ են Սուրբ Հովհաննես գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին և գավիթը (1038), հյուրատուն, մահարձաններ, մատուռներ, խաչքարեր։

Ճարտարապետություն[խմբագրել]

Գավթի հորինվածքում հայ ճարտարապետության մեջ առաջին անգամ կիրառվել են վաղ միջնադարյան ժողովասրահների, բնակելի տան՝ գլխատան որոշ կառուցողական սկզբունքներ, և ձևավորվել է հետագայում լայն տարածում գտած գավիթների քառասյուն կենտրոնակազմ տիպը։ Բազմանիստ քանդակազարդ երդիկը պսակված է սյունակամարաշար վեղարածածկ զանգակատնով։ Սուրբ Հովհաննես եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են գմբեթածածկ երկհարկանի մատուռ-դամբարաններ, որոնք կառուցել է Սմբատ Բագրատունին։ Հարավից եղել է Բագրատունիների տոհմական հանգստարանը (Շ. Թեքսիեի կարծիքով, հայկական Սեն Դնին՝ թագավորների և իշխանների դամբարանավայրը)։ Եկեղեցին և մատուռներն ունեն նույն հարթության վրա մշակված մեկ ընդհանուր արլ. ճակատ՝ պսակված տարբեր չափերի, միմյանց շաղկապված ճակտոններով։ Ծավալները սիմետրիկ են, կենտրոնից դեպի եզրերը նվազող եռանկյունի դասավորությամբ (տարբեր ծավալների մեկ միասնական ճակատով նման լուծումը վանական այլ համալիրների համեմատությամբ քաղաքային տիպ է և զարգացում է գտել Եվրոպայում)։ Հոռոմոսի համալիրի մասն են կազմում հարավում տեղադրված միմյանց կից ուղղանկյուն հատակագծով երեք կառույցները (հավանաբար նշխարատուն կամ գրապահոց են եղել)՝ ուշագրավ իրենց արտակարգ շքեղ դեկորատիվ հարդարանքով։ Հոռոմոսում կան փոխհատվող կամարների կառուցվածքային տարբեր համակարգերով իրականացված ծածկերի հնագույն օրինակներ։ Հոռոմոսի վանքը, որ Բագրատունիների ժամանակաշրջանում ունեցած դերով, շինարարական և ճարտարապետական նշանակությամբ հայ ճարտարապետության կարևորագույն իրագործումներից է, այժմ կիսավեր է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png