Հովհաննավանք
| Հովհաննավանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Արագածոտնի |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Արագածոտնի մարզ |
| Օծման թվական | 1216 թ. |
| Հոգևոր կարգավիճակ | Վանք, եկեղեցի |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1216 թ. |
Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հովհաննավանք գյուղի մոտ, Արագածոտնի մարզում: Այն գտնվում է Քասաղ գետի Արագածահայաց ժայռաբերանին: Վանքը նվրիված է Հովհաննես Մկրտչին:
Բովանդակություն |
[խմբագրել] Վանքի հնագույն կառույցը
Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչի կողմից: Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին:
[խմբագրել] Վաչուտյանաշեն կառույցները
Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ` Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ: Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին: Վերասլաց շինությունը շքեղորեն նստած է Քասաղի կիրճի ուղղահայաց ելուստի վրա: Եկեղեցու արևելյան պատը կարծես ուղղակի ձորապռնկի շարունակությունն է: Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ: Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքը ճակատային մասից է, իսկ վերին հարկի մուտքերը` ավագ խորանի միջից: Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում և այդտեղ կարելի է բարձրանալ քարե 11 կոնսուլային աստիճաններով /այդպես է նաև Սաղմոսավանքում, Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղիպատրուշի գավթում, Հառիճում, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցիներում/: Եկեղեցու արևմտյան պատը գմբեթի հետ կործանվել էր 1918 թ-ին երկրաշարժից: Պատմիչ Զաքարիա Սարկավագի նկարագրության և տեղում պահպանված մանրամասների հիման վրա պարզվել է գմբեթի նախնական տեսքը: Թմբուկն ունեցել է 12 նիստ` ինչպես Գանձասարի եկեղեցին և վերասլաց վեղար: Հենց այդպես էլ 1980-1990-ական թթ-ին գմբեթն ու վեղարը վերականգնվեցին: Եկեղեցին հյուսիսային դռնով հաղորդակցվում է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու հետ, իսկ արևմտյան կողմում ունի շքամուտք, որով հաղորդակցվում է գավթի հետ: Եկեղեցին ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ պատած է հարուստ ու ճոխ հարթաքանդակներով: Սակայն առավել ցայտուն է շքամուտքի ու շքամուտքի բարավորի ձևավորումը: Դռան շրջակալի կողքերին, երկու կիսագլան սյուների միջնամասերում մեծ վարպետությամբ փորագրված են ութաթև աստղեր և բուսապատկեր քանդակներ, իսկ բարավորը զարդարված է ,«Իմաստուն և հիմար կույսեր,, առակի բարձրաքանդակով (Մատթեոս 25:1-13): 1240-ական Քուրդ Ա Վաչուտյանը` կնոջ` Խորիշահի համագործակցությամբ սկսել է կառուցել գավիթը, որի շինարարությունն ավարտվել է 1250 թ-ին: Գավիթը զբաղեցնում է Կաթողիկե եկեղեցու ամբողջ արևմտյան ճակատը և 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի մի մասը` մուտքով հանդերձ: Հովհաննավանքի գավիթը պատկանում է 13-րդ դարում տարածում գտած քառասյուն գավիթների տիպին ու մի ընդարձակ դահլիճ է: Գավթի չորս հզոր սյուները որմնասյուներին և իրար միանում են կամարներով, որոնց շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է ինը միջկամարային հատվածների: Չորս սյուների միջև ընկած երդիկավոր կենտրոնական հատվածը պսակված է ռոտոնդայով /ամենամեծը Հայաստանի նույնատիպ կառույցների մեջ/: Կտուրի մյուս հատվածները ներքուստ ծածկված են զարդաքարերով, իսկ արևելյան մասի կենտրոնական հատվածը` շթաքարերով: Շքամուտքը հարուստ ձևավորված է: Ուղղանկյուն շրջանակի ներսի տարածությունը պատած է շեղանկյուն զարդաքարերով, որոնք կազմում են հավասարաթև խաչեր: Շքամուտքի գլխին գտնվում է միջնասյունով երկու մասի բաժանված մեծ և լայն լուսամուտ, որը կիսաշրջան վերնամասի հետ առնված է շթաքարե քանդակներով պատած շրջանակի մեջ: Գավթի արևմտյան պատը շքամուտքի երկու կողմերում արտաքինից պատած է եռակերտ զարդակամարներով` մուտքից ձախ` չորս, մուտքից աջ` երեք թռիչքներով: Գավթի զարդը 12 սյուների վրա հենված ռոտոնդան է: Սյուներից վեցը մեկընդմեջ կլոր են, վեցը` բազմանկյուն: Ճարտարապետական այս ձևը շուրջ մեկ հարյուրամյակ հետո լավագույնս օգտագործվեց Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղվարդի, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցի-դամբարան-զանգակատներում: Գավթի ներսում, բազիլիկ և Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատերի մոտ, բարձր պատվանդաններին ագուցված կամ պատերի մեջ ամրացված են գեղաքանդակ խաչքարեր: Վաչուտյան իշխանատան հիմնադիր Վաչե Ա-ի և նրա որդի Քուրդ Ա-ի կառուցած Կաթողիկե եկեղեցին և գավիթը 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են: Մեծավաստակ Գարեգին Ա Հովսեփյանցը հայ իշխանական տների շինարարական գործունեության մասին խոսելիս առանձնահատուկ նշել է գլուխգործոցները` ,, Յոհաննա-վանքը Վաչուտեանց իշխանութեան մէջ, Գանձասարը Խաչենի, Նորավանքը Օրբէլեանների, Դսեղի Բարձրաքաշը Մամիկոնեանների, Գեղարդը Խաղբակեանների... կենդանի եւ խօսուն վկաներ են մի աննման, եռանդուն շինարարութեան, որի նմանը քիչ է կրկնւում պատմութեան մէջ,,: Իր պարիսպներով` կամարակապ մեծ դարպասով, Հովհաննավանքը Վաչուտյանների իշխանատիրույթի հզորագույն ամրոցներից մեկն է եղել: Պարսպի վրա եղել է յոթ աշտարակ, որոնք տեղադրված են իրարից 30-40 մետր հեռավորությամբ: Որոշ տեղերում պարիսպները պահպանվել են 4-5 մ բարձրությամբ: Պատերը շարված են ամուր կրաշաղախով և ունեն 1,5-2 մ հաստություն: Զաքարիա Սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն պարիսպը մինչև 1222 թ-ը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի այրի` Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քույր Վանենին /Նանա/:
[խմբագրել] Հոգևոր-մշակութային կենտրոն
Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, ինչպես նաև Վաչուտյանների իշխանության շրջանում, խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում: 1243 թ-ին Կոնստանդին Ա Բարփրբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով: 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի նրկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը: Հետագայում այս թեմը կոչվել է Հովհաննավանքի թեմ և խիստ կարևոր դերակատարություն է ունեցել ժամանակաշրջանի հոգևոր կյանքում, առանձնապես 1441 թ-ին` Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու ժամանակ: Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն: Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր: Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր: Հովհաննավանքում իր ողջ կյանքն է անցկացրել միջնադարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցին /17-րդ դար/:
[խմբագրել] Հովհաննավանքի արձանագրությունները
Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ: Դրանք հավաքել ու հրատարակել է անվանի պատմաբան, վիմագրագետ Կարապետ Ղաֆադարյանը:[1]
[խմբագրել] Օգտագործված գրականություն
- Զաքարեայ Սարկաւագի պատմագրութիւն, հ. 1-3: Վաղարշապատ, 1870 թ.:
- Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մասն Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
- Կարապետ Ղաֆադարյան, Հովհաննավանքը և նրա արձանագրությունները: Երևան, 1948 թ.:
- Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Երևան, 2001 թ., էջ 156-167:
[խմբագրել] Պատկերներ
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Thierry, Jean. Eglises et Couvents du Karabagh. Antelais, Lebanon, 1991, pages 161-165