Ծիծեռնավանք
Ծիծեռնավանք, վանքային համալիր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (այժմ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Ծիծառնավանք գյուղի մոտ:
Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է: Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջիննավ: Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է: Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցությունը: Մասնավորապես, արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով (7–8 շարք բարձրությամբ) մասը պատկանում է IV դարին (կամ ավելի վաղ ընկած ժամանակաշրջանին): Ըստ որոշ կարծիքների Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը հենց IV դարում վերածվել է եկեղեցու: V–VII դդ հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները և խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը: Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն: Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (նման հարդարանքը հանդիպում է V դ 2-րդ կեսին կառուցված Տեկորի, Երերույքի, Փարպիի, Ամարասի բազիլիկ եկեղեցիներում): Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով: Պահպանվել է որոշ վարդյակների ու մույթերի խոյակների վրա կարմիր ներկը:
Ծիծեռնավանքը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի կողմից Սյունյաց վանքերի անվանացանկում: 1633թ կառուցվել են Ծիծեռնավանքի պարիսպները՝ կամարակապ մեծ դարպասով, հարավային կողմում՝ սեղանատունը, 1779թ եկեղեցին նորոգվել է: Մինչև XX դ եղել է գործող վանք (պատկանել է Տաթևի վանքի թեմին՝ «Ծիծեռնակու սուրբ վանք» անունով) և մեծ ուխտատեղի, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիքից ուխտավորներ են այցելել: