Դադիվանք
| Դադիվանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Հոգևոր կարգավիճակ | Վանք |
| Ներկա վիճակ | Գործող |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | IX դար |
| Կառուցման ավարտ | XIII դար |
Դադիվանք. հնագույն վանական համալիր Արցախում։ Գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։
XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։
Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները [1]: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում:
[խմբագրել] Պատմական ակնարկ
Դադիվանք - Դադիվանքը (Խութավանքը) պատմական Արցախի վանական համալիրներից է: Այն գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև գտնվող մի գեղեցիկ հովտում:
Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը` Դադին, սպանվել է Արցախի Վերին Խաչեն (Ծար) գավառում: Դադիի նահատակության վայրում` ներկայիս Լեռնային Ղարաբաղի Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, 1-ին դարում հիմնադրվել է Դադիվանքը: Այն կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցված է եղել խութի` բլրակի վրա:
Դադիվանքն ունի կրոնական և աշխարհիկ մոտիվներով նուրբ խորաքանդակներ, վիմագրեր, բացառիկ ուշագրավ որմնանկարներ:
7-րդ դարոմ արաբական արշավանքների ժամանակ վանքը կողոպտվել է, իսկ 12-րդ դարում թուրք-սելջուկների կողմից բոլորովին ավերվել:
Այս պատմական հուշարձանը 13-րդ դարում կյանքի է կոչել Վախթանգյանների իշխանական տան Վախթանգ իշխանի կինը` Արզուխաթունը: 1214 թ-ին Թարթառ գետի ձախ ափին, Հայոց արևելյան կողմի թագուհու կամքով, հայրենիքի համար զոհված իր երկու որդիների` Հասան և Գրիգոր իշխանների և ամուսնու հիշատակին, խաչաձև հիմքի վրա կառուցել է Դադիվանքի չորս եկեղեցիներից գլխավորը` Կաթողիկեն: Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում անաղարտ պահպանվել են երկու բարձրարվեստ խաչքարեր: Դրանք, ըստ Ն. Թանգյանի` «ոչ մի տեղ, ոչ մի վանքի մեջ իրենց հավասարը չունեն»: (Գանձասարը և Ութա վանքը», Նոր Դար, 1891թ.):
Կաթողիկեի հարուստ որմնանկարներն ուսումնասիրվել են բազում անգամներ: Այդ ուսումնասիրություններից ամենահավաստին Շահեն Մկրտչյանի ուսումնասիրությունն է, քանզի նա դրանք ուսումնասիրել է վերջին շրջանում, լրիվ մաքրված վիճակում:
Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը` խաչազարդ ուրար: Ըստ Կ. Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության` Դավիթ Ծարեցին` Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում` «Բաղնիք-արքունաք»-ում: Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել` վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց: Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին:
Շահեն Մկրտչյանի կարծիքով, Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին` Արզուխաթունի կենդանության օրոք: Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը: Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստների հյուսածո նախշեր ստեղծել: Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար: Սա հայ իրականության մեջ գորգապատկեր գոբելենի առաջին հիշատակությունն է: 1958 թ-ին, երբ հայ միջնադարյան կկերպարվեստի հմուտ մասնագետ Լիդիա Դուռնովան տեսել է Դադիվանքի որմնանկարները, անչափ հիացել է և ցանկացել է վանքում գիշերել:
Դադիվանքը եղել է Առանշահիկ Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը: Վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, սակայն 1920 թ-ին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց:
1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանքային համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանքային համալիրի շենքերը, որմնանկարները: 1993 թ-ի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է: 1999 թ-ից Վերին Խաչենի իշխանության երբեմնի հոգևոր կենտրոնը նորոգվում է: