Զաքարե Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարե Բ
Թագավոր Հայոց/Շահնշահ
Իշխանություն 11901212
Լրիվ անուն Զաքարե Բ Զաքարյան
Տիտղոսներ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար
Մահացել է՝ 1212
Թաղվել է՝ Սանահինի վանքի տոհմական դամբարան
Ազգություն Հայ
Հաջորդող Իվանե Ա
Տոհմ Զաքարյաններ
Հայր Սարգիս Զաքարյան

Զաքարե Բ Զաքարյան, (ծննդյան թվականն անհայտ – 1212 թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական դամբարանում) Հայաստանի ինքնակալ կառավարիչ (1200-1212 թթ-ին), պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, Հայ-վրացական բանակի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի որդին:

Կենսագրությունը [խմբագրել]

1190 թ-ին` հորից հետո, նշանակվել է Հայ-վրացական բանակի ամիրսպասալար /սպարապետ, գլխավոր հրամանատար/, 1203 թ-ին` նաև Վրաստանի պետության մանդատորթուխուցես:

Գործունեությունը [խմբագրել]

1190-1210 թթ-ին անընդմեջ պատերազմներ է մղել սելջուկ-թուրքերի դեմ: 1196 թ-ին ազատագրել է անառիկ Ամբերդ բերդաքաղաքը, 1199 թ-ին` Անին, 1201 թ-ին` Բջնին, 1203 թ-ին` Դվինը, 1206-]]1207]] թթ-ին` Կարսը, Սուրմառին, Բագրևանդը, Նախիջևանը, 1208-1209 թթ-ին` Մանազկերտը, Արճեշը: Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին, արշավել Խլաթ: Քսանամյա պատերազմներով, եղբոր` Իվանե Ա-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին: Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ` Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ: Որպես պետության գլուխ` տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել: Կրել է Բագրատունիների շահնշահ տիտղոսը, անվանվել թագավոր Հայոց, կեսար, ինքնակալ: Վրաստանի պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն` պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն: Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով: Կազմակերպել է Լոռու (1205 թ) և Անիի (1207 թ) եկեղեցական ժողովները: Հայաստանի անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները, կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ: Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները: Հովանավորել է գիտությունն ու մշակույթը: Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս:

Գրականություն [խմբագրել]

Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց, 200 հայ զորավարներ: Երևան, 2011 թ., էջ 53: