Արցախի ազատագրական պայքար (1724-1731)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի պատմություն
Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)[1]։

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով[2]։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան[3]։

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսվում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսվում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգ Թահմասպը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա[4]։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]։

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Սղնախների կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահական Պարսկաստանի գահակալական կռիվներից ու ներքին անիշխանությունից օգտվելով՝ լեռնաբնակ լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի գյուղերն ու ամրոցները։ Կովկասցիների հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում են։ Կասպիական արշավանքի մասին իմանալով՝ նրանք կազմակերպում են հայոց ազատագրական շարժումը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից այստեղ են տեղափոխվում Ավան և Թարխան հարյուրապետները։

Շուշիի բերդը

Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ։ Նա սերում էր Խաչենի հինավուրց ազնվական Հասան-Ջալալյան տոհմից։ 1701 թվականին նստելով Գանձասարի կաթողիկոսական գահին՝ նա Գանձասարը դարձնում է ազատագրական շարժման քաղաքական կենտրոնը՝ Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի հավաքատեղին, որտեղ դիվանագիտական հարաբերություններ և ռազմական ծրագրեր էին քննարկվում ու մշակվում։

Արցախի տարածքում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ «սղնախներ», որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները։ Դրանցում տեղակայված կայազորը կարող էր վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր։ Սղնախների կազմակերպումը մեծապես նպաստեց թուրքական արշավանքի դեմ պայքարին[6]։

1724 թվականին հայ ազատագրական ուժերը թուրքական արշավանքի դեմ համատեղ պայքարի նպատակով պայմանագիր կնքեցին նույնիսկ Գանձակի մուսուլման ղեկավարների հետ։ Հայ զորահրամանատարները թուրքական բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին։ Արցախի պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը։ Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին[7]։

Թուրքական հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1723 թվականին թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը, ապա նաև՝ Գանձակը։ Երեք ամսից ավելի տևած ինքնապաշտպանական կռիվներից հետո՝ թուրքական զորքերին տալով 20.000 զինվորի կորուստ՝ հանձնվում է 5000 բնակիչ ունեցող Երևանը[8]։ Գանձակի ղեկավարները, այդպիսով, անցնում են թշնամու կողմը, օգնություն չի հասցվում նաև Իրանից։ Արցախի ու Սյունիքի ազատագրական ուժերը թուրքերի դեմ մենակ են մնում։ Թշնամին առաջինը մտնում է Արցախ։

Օսմանյան զորահրամանատարները 1724 թվականին Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցուն դրդում են նամակ գրել արցախահայերին, հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին, որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն։ Բայց Եսայի Հասան-Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել օսմանյան բանակի դեմ[9]:

Գանձասարի վանքը՝ Աղվանքի կաթողիկոսական թեմի նստավայրը

1725 թվականի մարտին օսմանյան բանակի երեք զորամաս ներխուժեց Վարանդա գավառ և սպառնալիք ստեղծեց Փոքր Սղնախի համար։ Հայ բնակչությունը շուրջ 6000 թուրք զինվորների հյուրընկալում է գյուղերում։ Ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացնում են նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Այս հաղթանակը բարձրացրեց հայկական ջոկատների ինքնավստահությունը և մարտունակությունը։ Հայերը մինչ այդ պատվիրակություն էին ուղարկել ռուսական բանակ և մերժում ստացել, այժմ դաշնակցության պատվիրակություն են ուղարկում Թավրիզ՝ Իրանի գահաժառանգ Թահմասպի մոտ։ Նույն տարում Անտոն քահանայի ու Չալաբի Քյոխվայի գլխավորությամբ Ռուսաստանից Արցախ վերադարձած հայ պատվիրակությունը հայտնեց ռուսական կողմի բացասական պատասխանը։ Հայերը նոր նամակ են գրում Պետրոս Մեծին՝ չիմանալով, որ կայսրն արդեն մահացել էր[10]։

Թուրքական երկրորդ արշավանքը նույնպես անարդյունք է անցնում. 1726 թվականին նրանք ութօրյա պաշարման ընթացքում կորցնում են 800 զինվոր և չեն կարողանում գրավել Շուշին։ 40 000-անոց բանակը հետ է վերադառնում Գանձակ։ Այդ ճակատամարտից հետո հայերը երրորդ անգամ Չալաբի Քյոխվայի գլխավորությամբ պատվիրակություն են ուղարկում Եկատերինա I կայսրուհու մոտ (1725-1727)[11]։

Ապստամբության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն այն ժամանակ է առավելությունն անցնում թշնամուն, երբ մահանում են Դավիթ Բեկը և Եսայի Հասան-Ջալալյանը։ 1728 թվականին թուրքական բանակները կարողացել էին գրավել Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգը։ Գանձասարի կաթողիկոսը, տեղեկանալով 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Նույն կարծիքին էին նաև ազատագրական ուժերը, ովքեր հուսախաբ էին եղել ռուսական խոստումներից։

Խամսայի մելիքությունները

Հայ ազատագրական ուժերի մյուս մասը 1729 թվականի սկզբներին Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ, սակայն դրական պատասխան չստանալով՝ այլևս չվերադարձավ Արցախ։ 1729-1731 թվականներին թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը (այժմ՝ Շահումյանի շրջան), որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Արցախում ազատագրական պայքարն ավարտվեց[12]։ Միևնույն ժամանակ պառակտում էր տեղի ունեցել Սյունիքում. Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի տարակարծությունները հանգեցնում են Հալիձորի բերդի գրավմանը[13]։

Աֆղանական և օսմանյան նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Թահմասպ ղուլի խանը մի քանի տարում վերականգնում է Պարսկաստանի սահմանները ու 1735 թվականին նոր հաշտություն կնքում թուրքերի հետ։ Նա դառնում է Իրանի նոր առաջնորդը՝ Նադիր շահ Աֆշարը (1736-1747)։ Օսմանյան զորքերի դեմ պայքարում նա օժանդակություն էր ստանում հայերի կողմից։ Որպես երախտագիտություն՝ շահը այցելում է Էջմիածին և ներկա է լինում պատարագին, Մայր աթոռի վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով։ Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի (այժմ՝ Հադրութի շրջան) մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ[14]։

Շահ հռչակվելուց հետո Նադիրը Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թյուրքական ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին նա Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել «Խամսայի (հինգ) մելիքություններ»։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգան Մելիք-Եգանյանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Մելիք Եգանի մահից հետո (1744 թ.) կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի մելիք Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատագրական պայքարի սկիզբը։ Դավիթ Բեկ». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  2. «Իսրայել Օրին Ռուսաստանում». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  3. «Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  4. «Թուրքական ներխուժումն Անդրկովկաս, ռուս-թուրքական 1724 թ. պայմանագիրը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  5. «Ռուսական զորքերի 1722 թ. Կասպիական արշավանքը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  6. «Ռազմական ճամբարների (սղնախներ) կազմավորումը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  7. «Շարժման ծավալումը Արցախում». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  8. «Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  9. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 684 — 785 էջ։
  10. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004 — 129-131, էջեր 129-131 — 352 էջ։
  11. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 686 — 785 էջ։
  12. «Շուշիի և Վարանդայի ինքնապաշտպանական կռիվները». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  13. «Մխիթար Սպարապետ։ Ապստամբության ավարտը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  14. «Շահական Պարսկաստանի նոր քաղաքականությունը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  15. «Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում (Խամսայի մելիքությունները)». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975 — 785 էջ։
  • Պարսամյան Վ.Ա., Հայ ժողովրդի պատմություն, հ. II (IX- XIX դդ.), Երևան, «Հայպետուսմանկ», 1963 — 484 էջ։
  • Մաղալյան Ա., Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007 - 325 էջ։