Աբգար Թոխաթեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբգար Թոխաթեցի

Աբգար Թոխաթեցի, (Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր, Աբգար Սաֆար Թոխատցի (մոտ 1520 – մոտ 1572)), հայ տպագրիչ, հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։

Գործունեությունը[խմբագրել]

Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562-ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին։ Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Թոխաթեցու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ՝ Հայաստանի ազատագրության, ինչպես նաև դավանաբանական հարցերով։ Հռոմի պապի հանձնարարությամբ Թոխաթեցին Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565-ի փետրվարին ներկայացրել է հատուկ հանձնաժողովին։ Այստեղ Թոխաթեցին քաղաքական նկատառումներով դավանական նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են։ 1565-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջանոց) և առաջին հայերեն «Սաղմոսարանը»[1] (վերջինս մինչև 1880-ական թվականներին սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Թոխաթեցին՝ առաջին հայ տպագրիչը, այնինչ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Աբգար Թոխաթեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը)։ 1567-ին Թոխաթեցին տպարանը տեղափոխել է Կոստանդնուպոլիս և Սբ․ Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը, տպագրել վեց գիրք՝ որոնցից առաջինը վերաբերում է քերականության, «Փոքր քերականութիւն» (1567), իսկ ամենօրյա ժամերգությունների և եկեղեցածիսակատարության վերաբերող, «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների վերաբերող «Մաշտոց» (1569)։

և այսպէս Կոստանդնուպոլսում տպագրված 6 գրքերն են՝

  • 1567 - «Փոքր քերականութիւն»
  • 1568 - «Տօնացոյց», «Տաղարան», «Պարզատումար», «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին)
  • 1569 - «Մաշտոց»։

Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս IV պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png