Գարեգին Լևոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Լևոնյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1872(1872-11-21)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 1947(1947-10-28)[1] (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Թբիլիսի և Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, արվեստագետ և խմբագիր
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1901)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ՀայրՋիվանի[1]

Գարեգին Ջիվանու Լևոնյան (ծածկանունները՝ Գ.Լ., Գոշ, Գրասեր, Լ., Ճռինչ, Մեֆիստոֆել, Շավարշ, Վաղինակ, նոյեմբերի 21, 1872(1872-11-21)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 28, 1947(1947-10-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1932), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կոմիտասի հետ հիմնադրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-1922), որը նշանակալից դեր է խաղացել հայ արվեստագիտական մտքի և պարբերական մամուլի պատմության մեջ[2]։

Գուսան Ջիվանու որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Սովորել է տեղի Ս. Փրկչի չորեքդասյան դպրոցում, ապա ուսումը շարունակել է Ալեքսանդրապոլի պետական վարժարանում։ 1895 թվականին ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս։ Թիֆլիսում Գարեգին Լևոնյանը մտերմացել է ժամանակի արևելահայ նշանավոր դրական գործիչների՝ Գ. Սունդուկյանի, Ղ. Աղայանի, Պ. Պռոշյանի, Մուրացանի, Թ. Թումանյանի և այլոց հետ։ 1896 թվականին նա ուսումնառության նպատակով մեկնել է Մոսկվա, ուր նկարչության դասեր է առել, այնուհետև Պետերբուրգ։ Պետերբուրգում նախ կարճ ժամանակով սովորել է ակադեմիկոս Լ. Դմիտրևի նկարչական արվեստանոցում, ապա ընդունվել տեղի արվեստի ակադեմիան, որն ավարտել է 1897 թվականին։ 1902-1906 թթ. գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

1906 թվականին սովորել է Լայպցիգում։ Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-1922)։ Այստեղ նա բացել է նկարչական դասընթացներ և դպրոցների համար պատրաստել նկարչության ուսուցիչներ, կազմել և հրատարակել դասագրքեր («Հայկական վայելչագրություն և գեղագրություն», Թիֆլիս, 1908, «Գծագրություն և նկարչություն», Թիֆլիս, 1909)։ 1908 թվականին, միամյա լուրջ նախապատրաստությունից հետո, Գարեգին Լևոնյանը հրապարակել է «Գեղարվեստ» գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդեսի առաջին համարը, որի շուրջն են համախմբվել ժամանակի հայ արվեստի, գրականության ու գիտության լավագույն ներկայացուցիչները[3]։ Հանդեսն իր տասնչորսամյա գոյության ընթացքում (1908-1922 թթ․) ունեցել է սահմանափակ թվով համարների հրատարակություն (ընդամենը յոթ գիրք)[2]։

1910-1911 թվականներին դասավանդել է Ներսիսյան դպրոցում, խորհրդային իշխանության տարիներին՝ Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Իսկ 1912-1913 թվականներին ճամփորդել է Արևմտյան Եվրոպայում։ Իր ճանապարհորդական տպավորությունները նա ամփոփել Է «Աշխարհե - աշխարհ կամ 20 000 վերստ Եվրոպայում» ուղեգրությունների մեջ։

1925 թվականին Լևոնյանն ընտրվել Է ՀԽՍՀ հնությունների պահպանության կոմիտեի անդամ, 1939 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի պատմության և գրականության ինստիտուտի գիտխորհրդի անդամ։ Հայաստանում նրան առաջինն է շնորհվել Արվեստի վաստակավոր գործչի կոչումը (1932)։ Մահացել է Երևանում[4]։ Ուսումնասիրել է Հայաստանի հարավային շրջանների մանրանկարչության և որմնանկարչության հուշարձանները, Արցախի և Ուտիքի մանրանկարչական արվեստը[5]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Լևոնյանի հուշատախտակը Երևանում

1894 թվականին լույս է ընծայել «Հայ պարբերական մամուլը» աշխատությունը, որ Պոլսում, տակավին ձեռագիր վիճակում, արժանացել էր Սահակ֊Մեսրոպյան մրցանակի։

Պետերբուրգում ուսանելու տարիներին Գարեգին Լևոնյանը ռուս և արտասահմանյան գրականության դասականների մասին «Նոր դարի» էջերում տպագրել է մի շարք հոդվածներ։

Գարեգին Լևոնյանի գիտական պրպտումներն ու ստեղծած արգասիքները կարելի է սահմանափակել երեք հիմնական բնագավառով՝ աշուղագիտությամբ, հայ թատրոնի և արվեստի պատմությամբ և հայ պարբերական մամուլի և տպագրության արվեստի պատմությամբ։

Հայ աշուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին նա Ալեքսանդրապոլում լույս է ընծայել «Հայ աշուղներ» աշխատությունը։ Առաջին անգամ հայ բանասիրության մեջ, ժամանակագրական համակարգված հաջորդականությամբ, հեղինակ առ հեղինակ կենսագրական և այլ կարգի տվյալներ են հաղորդվում շուրջ երկհարյուրամյա ժամանակաշրջան ընդգրկող 225 հայ աշուղների մասին, մի տեղեկատու գործ, որն ունի հանրագիտական֊մատենագիտական արժեք։

Աշուղների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1903-1906 թվականներին գրել է իր ծավալուն աշխատությունը՝ «Աշուղների մասին»։ Այստեղ հեղինակը քննել է աշուղների՝ իբրև ժողովրդական երգիչների խաղացած հասարակական դերը եվրոպական ու արևելյան հին ազգերի, այդ թվում նաև հայերի կյանքում։ Բազմակողմանիորեն քննվել են աշուղական կենցաղի աոանձնահատկությունները, աշուղների անձնական ու հասարակական կյանքի յուրահատկությունները, դրանց արտացոլումը աշուղական երգերում, վերջիններիս բանաստեղծական ու հասարակական արժեքը։ Նա ուսումնասիրության առարկա Է դարձրել աշուղական բանաստեղծության առանձնահատկությունները, մասնավորապես տաղաչափությունն ու երգերի տեսակները և դրանով իսկ մեզանում առաջին անգամ ստեղծում աշուղական արվեստի տեսություն։

Լևոնյանը Ջիվանու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Լևոնյանը «Հանդես գրականական և պատմական պարբերականում տպագրել է «Հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը և աշուղ Ջիվանին» ուսումնասիրությունը, ուր մեր միջնադարյան և հատկապես XIX դարի քնարերգության տեսադաշտի վրա ուրվագծում Է Ջիվանու կյանքի և գրական վաստակի պատկերը, ի հայտ Է հանում նրա բանաստեղծությունների էական մոտիվներն ու գաղափարական միտումները, ըստ արժանվույն գնահատում Ջիվանու խաղացած պատմական խոշոր դերը աշուղական արվեստի ազգայնացման խնդրում և XIX դարի երկրորդ կեսի հայ ժողովրդական մտավոր կյանքում առհասարակ։ 1936 թ. Լևոնյանը հրատարակել Է Ջիվանու երգերի հավաքածուն, որն իր ծավալով մինչ այդ տպագրվածներից ամենաստվարն Էր։ Կազմողը ժողովածուն օժտել էր Ջիվանու կյանքն ու գործը համառոտակի ներկայացնող մի առաջաբանով, ուր կենսագրական, գրական-ստեղծագործական և մի քանի այլ կարգի նոր ու թարմ տվյալներ էին հրապարակվում երգչի մասին։ Գարեգին Լևոնյանի հրատարակած ժողովածուն կարևոր ավանդ Էր ջիվանագիտության մեջ և փաստագրական կայուն հիմք՝ գալիք ուսումնասիրողների համար։

Լևոնյանը Սայաթ-Նովայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Լևոնյանն իր աշուղագիտական աշխատություններում հաճախ է անդրադարձել Սայաթ-Նովային՝ բնորոշելով ու գնահատելով նրա պատմական տեղն ու դերը հայ աշուղական բանաստեղծության ու արվեստի զարգացման մեջ։ Լևոնյանի գլուխգործոցը այս առումով նրա «Սայաթ-Նովա» արժեքավոր աշխատությունն է բանաստեղծի հայերեն խաղերի լիակատար ժողովածուն կից ընդարձակ ուսումնասիրությամբ, արժեքավոր ծանոթագրություններով, բառարանով և բազմալեզու մատենագիտությամբ։ Ժողովածուն առաջին անգամ ամփոփում է Սայաթ-Նովայի մինչ այդ հայտնի կամ նորահայտ հայերեն բոլոր խաղերը, հետևաբար և դառնում նրա գրական ժառանգության լիակատար հրատարակությունը տվյալ ժամանակահատվածի համար։ Հաշվի առնելով և յուրովսանն ամփոփելով Սայաթ-Նովա գիտության մինչև 1930֊ական թվականները ձեռք բերած նվաճումները, Գարեգին Լևոնյանը քննական մոտեցումով վերագնահատում Է դրանք նոր փաստերով ու կռվաններով, ճշգրտում կամ կրկին վերահաստատում երգչի ծննդավայրի, ծննդյան թվականի, տարաշխարհիկ ճամփորդության, կրոնավոր լինելու, մահվան թվականի և պարագաների, անվան ստուգաբանության, երգերի հասարակական և գեղարվեստական արժեքի, կրած և թողած ազդեցությունների խնդիրները։

Լևոնյանը Բաղդասար Դպիրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարի հայ գրական դեմքերից Գարեգին Լևոնյանի հետազոտությանն Է արժանացել պոլսահայ քերական, բանաստեղծ ու երաժիշտ Պաղտասար Դպիրը։ Սկսած 1919 թվականից նա հետաքրքրվում է Բաղդասար Դպիրի կյանքով ու գրական ժառանգությամբ՝ արդյունքները հրապարակելով առանձին զեկուցումների, վերջում նաև մենագրական ուրվագծի ձևով։ Մինչ այդ Բաղդասար Դպիրի մասին քիչ բան Էր հայտնի։ Լևոնյանը սկզբնաղբյուրների հետազոտությամբ վերականգնել է Բաղդասարի կենսագրությունը, հավաստում, որ քերական Բաղդասարը և բանաստեղծ Բաղդասարը միևնույն անձնավորությունն են։ Միաժամանակ նա ապացուցլ է, որ Բաղդասար Դպիրը եղել Է նաև երաժիշտ, իր բանաստեղծությունները հարմարեցրել Է պատրաստի եղանակներին, ապա հորինել Է նորերը և տարածել։ Արժեքավորելով Բաղդասար Դպրին իբրև քերականի, Լևոնյանը առանձնապես բարձր Է գնահատել որպես բանաստեղծի, որի երգած կրոնական, սիրային, բարոյախրատական, անձնական և բնության մոտիվներից իրավամբ մեծ արժեք Է տալիս սիրո և բնության երգերին, կիրառած տաղաչափական կատարյալ ձևերին, հարուստ ու գունագեղ պատկերավոր լեզվին։ Ըստ Լևոնյանի՝ Բաղդասար Դպիրը մի կողմից միջնադարյան տաղասացների ավանդների շարունակողն է, մյուս կողմից՝ արևելյան աշուղական երգերի տաղաչափական ձևերի առաջին կիրառողը մեզանում, որով իսկ դառնում է մի փոխանցիկ օղակ միջնադարյան տաղերգության և աշուղության։

Ներդրումներ հայագիտության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Ալեքսանդրապոլում Լևոնյանը հրատարակել է «Հայոց պարբերական մամուլը» ծավալուն աշխատությունը, որը հայ պարբերական մամուլի պատմության սկզբնավորումից մինչև 1894 թվականը, այսինքն՝ շուրջ մեկ հարյուրամյակ ընդգրկող ժամանակահատվածի առաջին ամբողջական և համակարգված պատմա-մատենագիտական տեսությունն Էր, ուր տասնամյակ առ տասնամյակ նկարագրվում էին տվյալ տասնամյակում հրատարակված պարբերականները՝ համապատասխան մատենագիտական տվյալներով, ինչպես նաև ծանոթությունների կարգով ներկայացվում յուրաքանչյուր պարբերականի մասին արտահայտված մատենագրական կարծիքներն ու գնահատականները։ Լևոնյանը 1934 թվականին հրատարակել է «Հայոց պարբերական մամուլը», որն իր առաջին հրատարակությունից տարբերվում է նյութի ընդգրկման լիակատարությամբ, ժամանակի ընդգրկմամբ (140 տարի) և նյութի մատուցման կատարելությամբ։ Աշխատության բուն մասն էր կազմում «Ժամանակագրական մայր ցուցակը»՝ պարբերականների մասին հաղորդող իր էական մատենագիտական տվյալներով։

Գ. Լևոնյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892, 151 էջ։
  • Հայոց պարբերական մամուլը, Ալեքսանդրապոլ, 1895, 570 էջ։
  • Աշխարհե-աշխարհ կամ 20.000 վերստ Եվրոպայում, Թիֆլիս, 1914։
  • Հայոց պարբերական մամուլը, Երևան, Պետհրատ, 1934, 230 էջ։
  • Թատրոնը հին Հայաստանում, Երևան, Հայպետհրատ, 1941, 122 էջ։
  • Աշուղները և նրանց արվեստը, Երևան, Հայպետհրատ, 1944, 106 էջ։
  • Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, Հայպետհրատ, 1946, 255 էջ։
  • Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, Հայպետհրատ, 1958, 255 էջ։
  • Հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1959, 203 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1963, 504 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 «ԳԵՂԱՐՎԵՍՏ հանդեսը». www.arteria.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  3. 3423772. «gegharvest_1». Issuu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 169-170.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․ Բ․ Հարությունյան «Գարեգին Լևոնյան», պատմաբանասիրական հանդես №1, 1970, էջ 229-235

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592