Աշխարհբեկ Քալանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհբեկ Քալանթար

Աշխարհբեկ Քալանթար (1884–1942) (Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար), հայագետ, հնագետ, պատմաբան։

Վաղ տարիները, կրթությունը[խմբագրել]

Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թվականի փետրվարի 11–ին, Լոռու Արդվին գյուղում։ 1905 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1907 թվականին Թիֆլիսի գիմնազիան։ 1907 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-լեզվաբանական բաժինները, համալսարանը գերազանցությամբ ավարտելով 1911 թվականին։ Սանկտ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ 1912-1913 թթ. Կասերական ակադեմիայի կողմից գործուղվել է Իմիրզեկ (Վանստան), ապա Սուրմալուի գավառ՝ ուսումնասիրելու եզդիների ազգագրությունը և Զորի բազիլիկան, նաև Լոռի. արդյունքները հրատարակում է ակադեմիայի զեկույցներում։

Անիի պեղումները[խմբագրել]

1912 թվականին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Հնագիտական ինստիտուտի իսկական անդամ, իսկ 1914 թվականին՝ Կայսերական Հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականին Կայսերական ակադեմիայի որոշմամբ նշանակվել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի վարիչ։ 1914 թվականին Մառն իր բացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների ղեկավարությունը։ 1918 թվականին Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի հանձնարարությամբ կազմակերպել է Անիից մոտ 6000 հնագիտական իրերի փրկությունը, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Մինչ այդ՝ 1917 թվականին՝ Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավախմբին։

Քալանթարը մասնակցել է հայ ազատագրական շարժմանը (1915) Հայ կամավորական գնդի կազմում, որպես Անդրանիկ Օզանյանի թարգմանիչ և խորհրդական՝ փախգնդապետի կոչումով, ճանապարհին ուսումնասիրում Խոյի շրջակա պատմական հուշարձանները։

1920 թվականին Քալանթարի գլխավորած արշավախումբը չափագրել-լուսանկարել է Անիի շրջակա հուշարձանները՝ Տեկոր, Ալաման, Նախճավան, Բագարան, Մրեն, Խծկոնք, Արջո-Արիջ, Ջալալ, Ագարակ. նրա օրագիրը հրատարակված 1994 թվականին (անգլերեն) և 2007 թվականին (հայերեն) պարունակում է վերջին վկայությունները ներկայումս մասամբ կամ ամբողջովին ավերված այդ հուշարձանների։

Երևանի համալսարանի և Հնությունների պահպանության կոմիտեի հիմնադրումը[խմբագրել]

Աշխարհբեկ Քալանթարը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, ուր նաև ստեղծեց հնագիտության ամբիոնը։ 1922 թվականին հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Մինչ այդ՝ 1918-1919 թթ. նա դասախոսել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանում, ընդգրկվելով հայկական համալսարանի հիմնադրման հանձնաժողովի կազմում։ 1929 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1919 թվականին Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի հետ միասին հիմնադրում է Հնությունների պահպանության կոմիտեն, երկար տարիներ պաշտոնավարելով որպես գիտնական քարտուղար՝ համակարգելով հնագիտական աշխատանքները։ 1919-1937 թթ. նա ղեկավարել է 30-ից ավելի արշավախմբեր ու պեղումներ, իբրև հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել է մասնագետների մի քանի սերունդներ։

1931-1933 թթ. Թամանյանի հետ համառ պայքար է մղել Երևանի երկու եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի և Կաթողիկեի քանդման դեմ, ապա դրանց քանդման ընթացքում կատարում կարևոր ուսումնասիրություններ։

1935-ին նշանակվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական բաժանմունքի (ԱՐՄՖԱՆ) Գիտական Խորհրդի անդամ։

Աշխարհբեկ Քալանթարի բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938 թվականին նա ձերբակալվել է համալսարանի մի խումբ դասախոսների թվում ('պրոֆեսորների գործը')։ Մահացել է ենթադրաբար 1942 թվականին աքսորում։

«Ամերիկյան հնագիտական հանդեսը» (American Journal of Archaeology, 1996) Ա. Քալանթարի փարիզյան 1994 թ. հրատարակության հատորի գրախոսականում գրում է.

Aquote1.png Եթե մինչ այժմ Լեման-Հաուպտն ու Մառն էին համարվում Հարավային Անդրկովկասի վաղ պատմության հետազոտությունների նախաձեռնողները, ապա այս հատորը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ոչ այլ ոք, քան Աշխարհբեկ Քալանթարն է եղել Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը։ Aquote2.png


Aquote1.png Քալանթարի կյանքը եւ գործը բացահայտում են այն մնայուն կարեւորությունը, որ ունի Հայկական լեռնաշխարհը համաշխարհային պատմության մեջ։ Aquote2.png


Նախապատմական ջրաբաշխական համակարգի հայտնաբերումը[խմբագրել]

Քալանթարը հեղինակել է 80-ից ավելի աշխատություններ, որոնք վերաբերվում են Հայաստանի պատմահնագիտական հարցերին՝ քարե դարից մինչև միջնադար, արվեստի, ճարտարապետության հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, ժայռապատկերների լուսաբանմանը։

1930-1933 թթ. Արագածի վրա, Գեղամա լեռներում հայտնաբերել է նախապատմական ջրաբաշխական համակարգ, ջրանցքների - ջրամբարների կանոնավոր ցանցով, 1931 թվականին գլխավորել է հին Վաղարշապատի՝ Զվարթնոցի -Հռիփսիմեի մերձակա հնագիտական պեղումները, որոնց արդյունքները հրատարակել է "Հին Վաղարշապատի պեղումները" գրքում (1938)։

Նրա աշխատություններից են նաև.

  • «Անիի պեղումները», Հորիզոն 1907
  • Պրոֆ, Ն. Մառի պեղումները Անիում, Հորիզոն 1909
  • «Ազգային թանգարանի հարցը», Հովիտ 1909
  • Отчет о командировке в Имирзек летом 1912 г. Изв.Импер.Акад.Наук, 127, 1913
  • Отчет о командировке в Лори летом 1913 г., Изв.Импер.Акад.Наук, 725, 1913
  • Зорская базилика и развалины древнего Карван-сарая, Христ. Восток, т. III, вып.1, 101, 1914
  • Պատմական հուշարձանների ոչնչացումը ռամական գործողությունների տարածքում թուրքական ռազմաճակատում, Հորիզոն 1916
  • «Վանստան» 1933; հրատարակվել է 1994-ին՝ անգլերեն, 2007-ին՝ հայերեն
  • Inscriptions d'Armenie en caracteres inconnus, Revue Archeologique, 30, 43, 1929
  • Վիշապների դարաշրջանի ջրաբաշխական համակարգը, 1935
  • «Նյութեր հայկական և Ուրարտական պատմությունից», 2004

Քալանթարին նվիրված հուշատախտակի բացում[խմբագրել]

Աշխարհբեկ Քալանթարի հուշատակտակը Երևանի Տերյան 62 հասցեում

2006 թվականին Երևանի Տերյան փողոցի թիվ 62 տան առջև բացվել է Քալանթարին նվիրված հուշատախտակ։ Աշխարհբեկ Քալանթարը ապրել է այդ տանը 1935-1938 թթ.։ Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը։

Հղումներ[խմբագրել]

  • Ashkharbek Kalantar, Armenia: From the Stone Age to the Middle Ages, Civilisations du Proshe-Orient։ Serie 1, Vol. 2, Recherches et Publications, Neuchatel, Paris, 1994;ISBN 978-2-940032-01-3
  • Ashkharbek Kalantar, The Mediaeval Inscriptions of Vanstan, Armenia, Civilisations du Proshe-Orient։ Series 2 - Philologie, Vol.2, Recherches et Publications, Neuchatel, Paris, 1999; ISBN 978-2-940032-11-2
  • Ashkharbek Kalantar, Materials on Armenian and Urartian History (with a contribution by Mirjo Salvini), Civilisations du Proche-Orient։ Series 4 - Hors Serie, Neuchatel, Paris, 2004։ ISBN 978-2-940032-14-3
  • Ա.Քալանթար, Քարե դարից միջնադար, Երևան, 2007
  • A.Smith, American Journal of Archaeology, vol.100, p. 638, 1996.
  • Մելանյա Բադալյան «Ի պատիվ հայ հնագիտության կերտողին՝ Աշխարհբեկ Քալանթարին», ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ #219, 01-12-2005
  • http://www.azg.am/AM/2005120110
  • http://www.apaga.4t.com/index2.htm
  • http://www.acam-france.org/bibliographie/auteur.php?cle=kalantar-ashkharbek