Հովհաննես Աբելյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Աբելյան (դերասան)
Abelian 1 s.jpg
Բնագիր ԱԱՀ Հովհաննես Աբելյան Հարությունի
Ծնվել է՝ 1865 թ., նոյեմբերի 4 (1865-11-04)
Ծնվելու վայր՝ Շամախի
Վախճանվել է՝ Երևան
Վախճանի օր՝ հուլիսի 1, 1936 (70 տարեկան)
Պարգևներ և մրցանակներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1932), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932), Աշխատանքի հերոս(1932)
էջ IMDb-ում ID 1669630
էջ ԿինոՊոիսկ-ում ID 596188

Հովհաննես Հարությունի Աբելյան (1865 - 1936), հայ դերասան, ՀՍՍՀ (1925) և ԱԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4)–ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացում ներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880)։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882-ին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում՝ որպես բեմահարդար, նան դերասան՝ դրամատիկ, և օպերետային ներկայացումներում։ 1886-ին Աբելյանը ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887–91-ին խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում։ 1891-ից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895-ին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանա կան ընկերություն»–ը։ 1901–05-ին Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905-ից՝ նաև ռեժիսոր)։ 1908-ին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը։ 1912-ին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913-ին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։ 1917-ին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920-ի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921 - 25-ին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում, Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ 1925-ին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն1926-ից վեր սկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927–28-ին աշխատել է Բաքվում՝ հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» ևն)։

Ադամյանի մահից հետո, տասնամյակ ներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմար վեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։

Բեմական գործունեություն[խմբագրել]

Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատա րումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն (Սունդուկյանի «էլի մեկ զոհ», 1886, «Պեպո», 1889), Աբիսողոմ աղան, Պաղտասարը (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1894, «Պաղտասար աղբար», 1897), Վանահայրը, Նիկիֆորը (Շանթի «Հին աստվածներ», 1913, «Կայսր», 1919) ևն։ Աբելյանի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուսական և եվրոպական դրամատուրգների գործերը։ Նրա կերտած դերերից են՝ Օսիպը (Գոգոլի«Ռևիզոր», 1898), ժադովը, ավելի ուշ՝ Ցուսովը, Նեզնամովը, Նեսչաստլիվցևը (Ա. Օստրովսկու «Եկամտա բեր պաշտոն», 1892, «Անմեղ մեղավոր ներ», Լ898, «Անտառ», 1903), Օթար բեկը (Սումբատով-Ցուժինի «Դավաճանություն», 1905), Կորրադոն (Ջակոմետտիի «Ոճրա գործի ընտանիքը», 1893), Կարլ Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1893), Շտոկմանը (Իբսենի «ժողովրդի թշնամին», 1895), Օթելլոն, Պետրուչչիոն, Լիրը (Շեքսպիրի «Օթելլո», 1896, «Անսանձի սանձահարու մը», 1897, «Լիր արքա», 1911)։ Սովետական դրամատուրգների ստեղծած կերպարներից անձնավորել է՝ Աթա Քիշի (Ջաբարլիի «Սևիլ», 1929), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1930), Ասլան ամի (Վւսղարշյանի «Օղակում», 1931), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1934), Խոջա Մուբարեք (Ջանանի «Շահնամե», 1935) ևն։ Նկարահանվել է «Նամուս» ֆիլմում՝ Բարխուդարի դերում (1925)։

Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ. Գունիայի, Ն. Գարոնիա–Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիևի, Ա. Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը։ Վ. Աբաշիձեի հետ ստորագրել է հայ–վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։ Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»–ն (1904)։ 1913-ին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահը Աբելյանին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932-ին Աբելյանին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Վանաձորի դրամատիկական թատրոնը (1936 թ-ից) և Երևանի փողոցներից մեկը կրում են Աբելյանի անունը։ Հովհաննես Աբելյանը Ալեքսանդր Աբելյանի եղբայրն էր։

Դերերը կինոյում[խմբագրել]

Գրականություն Հ.Աբելյանի մասին[խմբագրել]

  • Մելիքսեթյան Ս., Հովհաննես Աբելյան, Երևան, Հայպետհրատ, 1954
  • Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967
  • Абелян М. О моём отце Ованесе Абеляне (Воспоминания). Ер., 2000 ISBN 99930-2-152-0 (ռուսերեն)
  • Երկանյան Վ.Ս. Հայկական մշակույթը 1800-1917 թթ., Եր.ան, 1982

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png