Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԱԽՍՀից)
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Азәрбајҹан Совет Сосиалист Республикасы
 Մուսավաթական Ադրբեջան
 Լեռնահայաստան
 Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
1920 ապրիլի 28 - 1991 օգոստոսի 31 Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն 
Ադրբեջան 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաքու
Լեզու Ռուսերեն, ադրբեջաներեն
Ազգություն Ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ, թալիշներ, թաթեր
Հիմն Ադրբեջանական ԽՍՀ-ի Պետական Օրհներգ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ Ադրբեջանական Կոմկուսի առաջին քարտուղար
Օրենսդրություն Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրություն (1937 թվական)
Պատմություն

Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ադրբ.՝ Азәрбајҹан Совет Сосиалист Республикасы՝ Ազերբայջան Սովեթ Սոսիալիսթ Ռեսփուբլիքասը), նաև՝ Ադրբեջանական ԽՍՀ կամ Խորհրդային Ադրբեջան, ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, 15 միութենական հանրապետություններից մեկը (1920-1991)։ Գտնվում էր Հարավային Կովկասի արևելյան մասում՝ Կասպից ծովի ափին։ Ուներ երկու ինքնավար միավոր՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։

Արևելքում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հյուսիս-արևելքում՝ Վրացական ԽՍՀ-ին, հյուսիսում՝ Ռուսաստանի ԽՍՖՀ-ին (Դաղստանի ԻԽՍՀ)։ Հարավում անցնում էր ԽՍՀՄ-Իրան պետական սահմանը։ Նախիջևանի անկլավը հյուսիսում և արևելքում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հարավում և արևմուտքում՝ Իրանին, ծայր հյուսիս-արևմուտքում անցնում էր թուրքական սահմանը։

Տարածքը կազմել է 86,6 հազար կմ2 (Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ տերիտորիան ավելացել է 3500 քառ. կմ), իսկ բանկչությունը՝ 7 037 867 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։ Խոշոր քաղաքներն էին Կիրովաբադը, Սումգայիթը, Մինգեչաուրը, Շաքին։ Բաժանված էր 60 շրջանի, ուներ 57 քաղաք, 119 քաղաքատիպ ավան։

Այժմ նրա տարածքում գտնվում են երկու անկախ հանրապետություններ՝ Ադրբեջան և Արցախի Հանրապետություն։ Դրանցից երկրորդը չունի միջազգային ճանաչում, և անկախ է միայն փաստացի (դե ֆակտո)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադար և միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ԽՍՀ տարածքում նախամարդը բնակվել է դեռևս հին քարի դարում։ Հայկական լեռնաշխարհի սահմանների մեջ մտնող Ուտիք-Արցախից (Գետաբեկ, Դաշքեսան (Քարհատ), Խոջալու, Կիրովաբադ, Մինգեչաուր, Շամխոր) պեղված նյութերը վկայում են այդ վայրերի նախաբնիկների զարգացած մշակույթի մասին։ Քարե գործիքներից բրոնզին, ապա երկաթին անցնելը պայմաններ ստեղծեց տոհմատիրական կարգերի քայքայման, դասակարգային հասարակության առաջացման համար։

Արշակունիների թագավորությունը, Վրաստանը և Աղվանքը

Մ.թ.ա. 8-7-րդ դարերում Կուր-Արաքսյան միջագետքում բնակվող ցեղերը ներգրավվեցին ուրարտական պետության ոլորտը։ Մ.թ.ա. 7-րդ դարի սկզբին Կովկաս ներխուժած «սակերի» քոչվոր սկյութական ցեղը բնակություն հաստատեց Կուր գետի հովտում, որի անունը Շակաշեն ձևով մնաց գավառի վրա։ Սկյութական այլ ցեղեր հիմնվեցին այժմյան Բաքվի և Դերբենդի միջև՝ ծովամերձ շրջաններում։ Կուր և Ալազան գետերի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև ընկած տարածություններում, անտիկ շրջանում, ըստ Ստրաբոնի, բնակվում էին աղվանական շուրջ 26 ցեղեր։

Մ.թ.ա. 1-ին դարում աղվանները ստեղծեցին միացյալ թագավորություն, որը դաշնակցում էր Մեծ Հայքի հետ։ Վերջինիս առաջին բաժանումից (387) հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյանները միացրին Աղվանքին՝ կազմելով առանձին կուսակալություն։

8-րդ դարում Աղվանքը մտավ խալիֆայության «Արմինիա» վարչական միավորի մեջ։ Վերոհիշյալ շրջաններում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով արաբական նվաճողները ռազմական կարևոր նշանակություն ունեցող վայրերում հիմնեցին զինվորական գաղութներ, հետզհետե այդ վայրերի բնակչության ազգային կազմը փոփոխության ենթարկվեց։

9-րդ դարում եկվոր իսլամադավան ցեղերի հիմքի վրա առաջացան արաբ Շիրվանշահերի (Շամախիում) և քուրդ Շադդադյանների (Գանձակում) ամիրայությունները։ 809-837 թվականներին Ատրպատականում տեղի է ունեցել Խուրամյանների շարժումը, որ գլխավորում էր Բաբեկը։ Այն ընդգրկեց Արաքսից հյուսիս ընկած շրջանները։ Երբ Աբբասյան խալիֆայությունը 9-րդ դարի երկրորդ կեսին ճանաչեց Բագրատունիների գերիշխանությունը, ապա՝ թագավորությունը Հայաստանում, Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիզակի և այ իշխանություններ մտան Բագրատունյաց թագավորության մեջ։ Կուրից հյուսիս վերականգնվեց Աղվանից թագավորությունը՝ Շաքե կենտրոնով։

11-րդ դարում սելջուկ նվաճողներն իրենց հպատակեցրին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում եղած իշխանությունները։ Սելջուկյան տիրապետության քայքայումից (12-րդ դար) հետո այդ իշխանությունները վերականգնեցին իրենց ինքնուրույնությունը և հզորացան։ Սակայն թաթար-մոնղոլական նվաճումների հետևանքով խափանվեց նրանց վերընթաց զարգացումը։

Թուրք-պարսկական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական քոչվոր ցեղերը (հայկական աղբյուրներում «թուրքմանք») Կուրի և Արաքսի ստորին ավագանում երևացին 11-րդ դարի կեսերին՝ սելջուկյան արշավանքների ժամանակ։ Նրանց հոսանքը դեպի Անդրկովկաս ուժեղացավ հատկապես թաթար-մոնղոլների տիրապետության և հետագա շրջանում (13-15-րդ դարերից մինչև 17-րդ դար)։ Արևելյան Անդրկովկասում հետզհետե տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը։

Բաքվի խանության (1720-1806) դրոշ

Շիրվանշահերի ու Շադդադյանների պետության կարծանմամբ ու սելջուկյան ամիրայությունների քայքայմամբ տարածաշրջանում տեղի ունեցող խառնաշփոթից օգտվեցին թուրքմենական խաշնարած ցեղերը։ Հայկական լեռնաշխարհում, Ատրպատականում և Կովկասյան լեռների հարավում հաստատվելով՝ նրանք հիմնեցին իրենց պետությունները և տարածաշրջանում իրար փոխարինելով գոյատևեցին մոտ մեկուկես դար (Կարա-Կոյունլուներ՝ 1375-1468, Ակ-Կոյունլուներ՝ 1468-1502)։

16-17-րդ դարերում Անդրկովկասը գտնվում էր սուլթանական Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության ներքո։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվեց նախ Ղարաբաղի կուսակալությունը, ապա՝ Շիրվանի (Շամախի և Բաքու կենտրոններով), Շաքիի (Նուխի կենտրոնով) և Ղարաբաղի խանությունները։ Նախիջևանի տարածքում գործում էր ևս համանուն խանություն (1747-1827), որը ստեղծվել էր Երևանի կուսակալության (1502-1724) բաժանումից հետո։

Լեռնային Ղարաբաղում ընդհուպ մինչև 19-րդ դարը գոյատևեցին Խամսայի մելիքությունները։ 18-րդ դարում առաջացել էին ավելի քան 15 կիսանկախ խանություններ։

Ռուսական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում ուժեղացավ կողմնորոշումը դեպի Ռուսաստանը։ Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Գանձակի, Ղարաբաղի, Շիրվանի, Շաքիի, Բաքվի, Դերբենդի, Ղուբայի, Թալիշի, Նախիջևանի խանությունները և Օրդուբադի շրջանն անցան Ռուսաստանին։ Խանությունների փոխարեն ստեղծվեցին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները։ Չնայած ցարիզմի վարած գաղութային քաղաքականությանը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ռուսական առաջադեմ մշակույթին հաղորդակից լինելու համար։

Բաքվի նահանգի զինանշան

Ադրբեջանական մի շարք ականավոր մտածողների (Աբբասղուլի Բաքիխանով, Մուստաֆա Թոփչուբաշև, Միրզա-Քյազումբեկ, Միրզա Ախունդով) ստեղծագործություններում իր արտացոլումը գտավ ռուսական հեղափոխական-դեմոկրատական միտքը։ 1870 թվականին անցկացվեց գյուղացիական ռեֆորմ։ Զարգացավ ապրանքային արտադրությունը, կառուցվեց Թբիլիսի-Բաքու (շահագործման հանձնվեց 1883 թվականին) երկաթուղին։ Բաքուն դարձավ նավթարդյունաբերության խոշոր կենտրոն։ 1872 թվականի 26 000 տոննայի դիմաց 1901 թվականին արդյունահանվեց 11,4 միլիոն տոննա նավթ (նավթի համաշխարհային հանույթի մոտ 50%)։ Նավթարդյունաբերության մեջ խոշոր դեր էր խաղում արտասահմանյան (Նոբել, Ռոտշիլդ և ուրիշներ), ինչպես նաև տեղական (Մանթաշև, Լիանոզով, Թաղիև, Նազիև, Ղուկասով, Միրզոև) կապիտալը։ Սակայն տնտեսության զարգացումն ընթանում էր անհավասարաչափ, և երկիրը մնում էր հետամնաց, ագրարային մակարդակի վրա։

Կապիտալիստական հարաբերությունների սկզբնավորումով պայմաններ ստեղծվեցին ադրբեջանական ազգի կազմավորման համար։ Ադրբեջանի ներգրավումը համառուսական կապիտալիստական համակարգի մեջ պայմանաւլորեց ադրբեջանական ժողովրդի տնտեսական կյանքի ընդհանրության ձևավորումը։ Կապիտալիզմի զարգացումը բնակչության սոցիալական կազմի մեջ փոփոխություններ մտցրեց։ Առաջացան նոր դասակարգեր՝ բուրժուազիա և պրոլետարիատ։ 1880-90-ական թվականներին բանվորական առաջին ելույթները կրում էին տարերային բնույթ։ Բաքուն իր բազմազգ (30 ազգությունների ներկայացուցիչներ) պրոլետարիատով (20-րդ դարի սկզբին 60 հազարից ավելի) ներգրավվեց ցարիզմի ու կապիտալիզմի դեմ համառուսսւկան հեղափոխական շարժման մեջ։ 1890-ական թվականների վերջին Բաքվում ստեղծվեցին սոցիալ-դեմոկրատական խմբակներ, իսկ 1901-ին՝ ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեն։

Հայկական եկեղեցի Բաքվում

1902-1903 թվականներին Բաքվում տեղի ունեցան մասսայական-քաղաքական գործադուլներ, իսկ 1903 թվականին անցկացվեց առաջին համընդհանուր գործադուլը, որն սկիգբ դրեց համընդհանուր գործադուլին Ռուսաստանի հարավում։ 1904-ին ստեղծվեց «Հումմեթ» սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը, որի գործունեությունը ղեկավարում էին հեղափոխական շարժման ականավոր կազմակերպիչներ Մեշադի Ազիզբեկովը, Նարիման Նարիմանովը և ուրիշներ։ 1905-07 թվականների հեղափոխության ժամանակ գործադուլային պայքարը Բաքվում ընդունեց ավելի համառ ու հետևողական բնույթ։

Գյուղացիական հուզումներ եղան շատ գավառներում։ 1913-14 թվականներին Բաքվում տեղի ունեցան ընդհանուր գործադուլներ։ Աշխատավորների հեղափոխական շարժումները ղեկավարում էին բոլշևիկյան կուսակցության խոշոր գործիչներ Մեշադի Ազիզբեկովը, Բոգդան Կնունյանցը, Լ. Կրասինը, Նարիման Նարիմանովը, Ստեփան Շահումյանը, Պ. Ջափարիձեն, Սուրեն Սպանդարյանը, Իոսիֆ Ստալինը, Գեորգի Օրջոնիկիձեն, Ի. Ֆիոլետովը և ուրիշներ։

Փետրվարյան հեղափոխությունից հետո (1917) Բաքվում ստեղծվեց երկիշխանություն. Հասարակական կազմակերպությունների գործադիր կոմիտե՝ նավթարդյունաբերողների և կալվածատերերի իշխանության մարմինը, և Բանվորական դեպուտատների Խորհուրդը՝ Ստ. Շահումյանի գլխավորությամբ։ Գարնանը և ամռանը խորհուրդներ ստեղծվեցին նաև գավառներում։

Անդրկովկասյան միություն և Մուսավաթական Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամեդ Էմին Ռասուլզադե՝ Ադրբեջանական պետության հիմնադիր

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո՝ հոկտեմբերի 31 (նոյեմբերի 13)-ին Բաքվում հռչակվեց խորհրդային իշխանություն, իսկ նոյեմբերի 2 (15)-ին Բաքվի խորհուրդը որոշում կայացրեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին։ Անդրկովկասում իշխանության դեմ ելան սպիտակգվարդիական և տեղական ազգայնական, հակահեղափոխական ուժերը։ 1918 թվականի մարտին մուսավաթականները խռովություն բարձրացրին Բաքվում։ Կարմիր գվարդիայի ջոկատների, նավատորմի և հեղափոխական բանվորների ակտիվ միջամտությամբ խռովությունը ճնշվեց։ Ապրիլի 25-ին ստեղծվեց Բաքվի ժողկոմխորհ՝ Ստ. Շահումյանի գլխավորությամբ։

1918 թվականի մայիսին, Անդրկովկասյան սեյմի ցրումից հետո, մուսավաթականների ջանքերով Ելիզավետպոլում (Կիրովաբադ) ստեղծվեց կառավարություն և հռչակվեց Ադրբեջանի հանրապետությունը (1918-ի մայիսի 27-ին), որը պայքար ծավալեց Բաքվի խորհրդային իշխանության դեմ։ Օտարերկրյա ինտերվենտների և հակահեղափոխական ուժերի՝ մուսավաթականների, էսեռների, մենշևիկների, դաշնակցականների և այլոց ճնշման տակ խորհրդային իշխանությունը 1918 թվականի հուլիսի 31-ին ընկավ։ 1918 թվականի օգոստոսի 4-ից սեպտեմբերի 14-ը Բաքուն օկուպացրին անգլիական զորքերը, իսկ սեպտեմբերի 15-ին քաղաք ներխուժեցին թուրքերը, որոնք մուսավաթականներին օգնեցին վերականգնելու բեկերի ու բուրժուազիայի իշխանությունը։ Մուդրոսի զինադադարով (30 հոկտեմբերի, 1918) Թուրքիան պարտավորվեց իր զորքերը դուրս բերել Անդրկովկասից, և նոյեմբերին կրկին անգլիացիները մտան Բաքու։ 1919 թվականին, երբ անգլիացիները հեռանում էին Բաքվից, վերստին սկսեց ձևավորվել բոլշևիկյան կազմակերպության ղեկավար կորիզը։

Ադրբեջանի խորհրդայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի փետրվարի 12-ին, Բաքվում, կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարում, հիմնադրվեց Ադրբեջանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը։ 1920 թվականի ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը տապալեց մուսավաթական կառավարությունը և հաստատեց խորհրդային իշխանություն։ 1921 թվականի մայիսին Ադրբեջանի խորհուրդների առաջին համագումարն ընդունեց հանրապետության առաջին սահմանադրությունը։

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո նրա կառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրին Հայաստանի Հանրապետությանը։ Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին[1]։ Նոյեմբերի 29-ին Հայաստանը խորհրդայնացավ, իսկ դեկտեմբերի 2-ին Դաշնակցությունը պաշտոնապես վայր դրեց իր լիազորությունները։ Ադրբեջանի Ժողկոմխորհի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորանք ուղարկեց Հայաստան՝ հայտնելով, որ այլևս որևէ տարածքային խնդիր չունի, և ճանաչում է Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը որպես Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։ 1921 թվականին Թիֆլիսում կայացած հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բեկզադյանը առաջարկեց Խորհրդային Հայաստանի տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել հայկական հոծ զանգվածներով բնակեցված շրջանները՝ Ախալքալաքը, Լոռին, Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրո[2]։

Լեռնահայաստանի կառավարության անկումից հետո Զանգեզուրը վերամիավորվեց մայր Հայաստանին։ Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Հայաստանի կառավարությունը 1921 թվականի հունիսի 12-ին ընդունեց որոշում և Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Հայկական ԽՍՀ անբաժան մասը։

Գեորգի Օրջոնիկիձեն և Սերգեյ Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ Ղարաբաղի ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում՝ Թիֆլիս, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Դրա դեմ բողոքեց Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ) կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությանը միջամտել էր Իոսիֆ Ստալինը[3]։

1925 թվականին, հաշվի առնելով հայերի բարձր տոկոսը Նախիջեւանում նույնպես հիմնվեց ինքնավարություն՝ Նախիջևանի ԻԽՍՀ՝ Նախիջևան կենտրոնով։ ԼՂԻՄ-ը հիմնադրվել էր 1923 թվականին՝ Շուշի, ապա՝ Ստեփանակերտ կենտրոնով։ 1922 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև կնքվեց ֆեդերատիվ միություն կազմելու պայմանագիր։ Միությունը 1922 թվականի դեկտեմբերի 13-ին վերածվեց Անդրկովկասյան Ֆեդերացիայի (ԱԽՖՍՀ), որը դեկտեմբերի 30-ին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։ Անդրֆեդերացիայի վերացումից հետո, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանը դարձավ միութենական հանրապետություն։ 1937 թվականի մարտի 14-ին ընդունվեց հանրապետության նոր սահմանադրությունը։

Խորհրդային տարիներին Ադրբեջանը տնտեսապես բավականաչափ զարգացավ։ Շարք մտան նոր, հարուստ նավթահանքեր։ Մեքենայացվեց և էլեկտրիֆիկացվեց նավթարդյունաբերությունը։ 1931 թվականին Ադրբեջանի նավթարդյունաբերությունը պարգևատրվեց Լենինի շքանշանով (այդ ժամանակ այն տալիս էր ԽՍՀՄ ամբողջ նավթի 60%)։ Զարգացավ գյուղատնտեսությունը։

Հայրենական մեծ պատերազմում Ադրբեջանից ֆաշիստական Գերմանիայի դեմ մարտի ելան հազարավոր քաղաքացիներ։ Նրանցից 114 հոգի արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման եւ բոլորը հայ էին, քանի որ Ադրբեջանը օգտագործեց նաեւ այդ առիթը կրճատելու համար հայ բնակչությունը։ Աշխատավորների միջոցներով ստեղծվեցին տանկային շարասյուներ և ավիացիոն էսկադրիլիաներ։ Մարդիկ մեծ եռանդով աշխատում էին ռազմաճակատը վառելիքով, ռազմամթերքով և սնունդով ապահովելու համար։

Ետպատերազմյան տարիներին սկսվեց Ադրբեջանի տնտեսության ու մշակույթի նոր վերելքը։ Շարք մտավ Մինգեչաուրի հիդրոհանգույցը (1954), ստեղծվեցին Սումգայիթ, Մինգեչաուր, Դաշքեսան արդյունաբերական կենտրոնները։ Կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Երևան գազամուղը։ Տնտեսության ու մշակույթի հաջողությունների համար Ա. երկու անգամ (1935-ի մարտի 15, 1964-ի մայիսի 29) պարգևատրվել է Լենինի, իսկ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հիսնամյակի առթիվ (1970-ի հոկտ. 2)՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Ադրբեջանական ԽՍՀ-ն կազմավորվել է 1920 թվականի ապրիլի 28-ին։ 1922 թվականի մարտի 12-ից մինչև 1936 թվականի դեկտեմբերի 5-ը մտել է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ից անմիջապես մտել է ԽՍՀՄ կազմի մեջ եւ Ստալինի ապօրինի որոշումով նրա ադմինիստրատիվ ենթակայության են հանձնվել Հայաստանի առաջին հանրապետությանը պատկանող տարածքներ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Ադրբեջանը բաժանվում է ֆիզիկաաշխարհագրական հինգ մարզերի՝ Կուր-Արաքսյան, Մեծ Կովկասի, Փոքր Կովկասի, Թալիշի և Նախիջևանի։

Բազարդյուզու՝ Մեծ Կովկասի հարավային ամենաբարձր գագաթը

Հանրապետության տարածության մոտ կեսը գրավում են լեռները։ Հյուսիս-արևելքում ձգվում են Մեծ Կովկասի ջրբաժան լեռնաշղթաները՝ մինչև 4480 մ բարձրությամբ (Բազար-Դյուզյու)։ Արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Սևանի (Շահդաղ), Մռովդաղի, Ղարաբաղի, Զանգեզուրի (Կապուտջուղ, 3904 մ) լեռնաշղթաները (Փոքր Կովկաս լեռնային համակարգ) և Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակը։ Մեծ և Փոքր Կովկասյան համակարգերի միջև գտնվում է Կուր-Արաքսյան դաշտավայրը, հարավ-արևելքում՝ Լենքորանի դաշտավայրը և Թալիշի լեռները։

Ադրբեջանական ԽՍՀ-ն ալպյան ծալքավոր գոտու առավել բարդ և յուրահատուկ մարզերից է։ Կազմված է տարբեր հասակի ապարներից, տիրապետող են յուրայի, կավճի և կայնոզոյի նստվածքները (Մեծ Կովկասում՝ թերթաքարեր, Փոքր Կովկասում՝ հրաբխային, ներժայթքային և նստվածքային ապարներ, Կուր-Արաքսյան դաշտավայրում՝ անթրոպոգենի ծովային և այլ նստվածքներ)։

Կասպից ծովի ափերը թույլ են կտրտված։ Խոշորագույն թերակղզին Ապշերոնյանն է։ Հարմարավետ են Ապշերոնյան, Կիրովի անվան ծոցերը և Բաքվի ծովախորշը։ Կղզիներից նշանավոր են Ապշերոնյան և Բաքվի կղզեխմբերը։

Հոդերը բազմազան են. Կուր-Արաքսյան դաշտավայրում՝ մոխրահողեր և մարգագետնային մոխրահողեր են՝ աղուտային բծերով, նախալեռներում (200-500 մ)՝ շագանակագույն, լեռնալանջերին (500-2200 մ)՝ գորշ և դարչնագույն, լեռնաանտառային, մերձ ալպյան և ալպյան գոտիներում՝ լեռնամարգագետնային հողեր, Լենքորանում և Թալիշի նախալեռներում՝ դեղնահողեր։

Ադրբեջանը հարուստ է օգտակար հանածոներով (նավթ, բնական գազ, երկաթ, պղինձ, պղնձային հրաքար, աղ, շինանյութեր) և հանքային աղբյուրներով (Իստիսու, Բադամլի, Թորշուսու)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման Կուր-Արաքսյան դաշտավայրում չոր մերձարևադարձային է (հունվ. 0 °C-ից 3 °C, հուլիսին՝ 25 °C-ից 27 °C, տեղումները՝ 200-300 մմ), Լենքորանի դաշտավայրում և Թալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000- 1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000-2000 մ բարձր, վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։

Թալիշի անտառապատ լեռներ

Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ա-ով հոսում են Կովկասի ամենախոշոր գետերը՝ Կուրը և Արաքսը։ Կուրի վրա կառուցված է Մինգեչաուրի ՀԷԿ, որի ջրամբարից (605 քառ. կմ) անցկացված են Վերին Ղարաբաղի և Վերին Շիրվանի ջրանցքները։ խոշոր գետերից են նաև Թարթառը, Սամուրը, Սումգայիթը, Կուսարչայը։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ցածրադիր մասերն ունեն կիսաանապատային բուսականություն՝ օշինդրի, աղաբույսի, Էֆեմերների գերակշռությամբ։ Կուրի և Արաքսի ափերը պատված են ողողատային անտառներով, լեռնալանջերը՝ կիսաանապատային բուսականությամբ և թփուտներով, ավելի բարձրադիր մասերում՝ լայնատերև անտառներով (հաճարենի, բոխի, կաղնի)։ Անտառից բարձր մերձալպյան կամ բարձր լեռնային (չոր շրջաններում) մարգագետիններ են։ Թալիշի լեռնալանջերին և Լենքորանի դաշտավայրում տարածված են խոնավաջերմասեր բույսեր, որոնցից շատերը պալեոգեն-նեոգենի ռելիկտներ են։

Հարթավայրերում շատ են կրծողները, հանդիպում են օձեր, կրիաներ, անտիլոպ-ջեյրան, թռչուններից՝ մեծ արոս, փասիան։ Անտառներում կան կովկասյան արջ, գորշուկ, կզաքիս, լեռներում՝ դաղստանյան վայրի ցուլ, կովկասյան եղջերու, այծյամ, վարազ, քարայծ, հայկական մուֆլոն (Նախիջևանի շրջանում), խոզուկ, վարազ, ընձառյուծ (Թալիշում)։ Ծովափնյա շրջանը հարուստ է թռչուններով (ձմեռող կարմրաթևիկներ, հավալուսն, բադեր, սագեր ևն)։ Կասպից ծովը առատ է ձկներով՝ սաղմոն, զութխի, թառափ, մորե։ Ստեղծված են արգելավայրեր (Զաքաթալա, Կըզլաղաջ

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ԽՍՀ-ն միութենական խորհրդային սոցիալիստական հանրապետություն էր, որը մտնում է ԽՍՀՄ կազմի մեջ։ Սահմանադրությունն ընդունվել է 1937 թվականի մարտի 14-ին, խորհուրդների համաադրբեջանական IX համագումարում։ Իշխանությունը պատկանում էր աշխատավորների դեպուտատների խորհուրդներին։

Կառավարության շենքը Բաքվում

Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն խորհուրդն է, ընտրվում է 4 տարին մեկ (յուրաքանչյուր 12,5 հազար բնակչից՝ 1 դեպուտատ)։ Գերագույն խորհուրդի նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում բարձրագույն իշխանությունն իրականացնում է Գերագույն խորհուրդի նախագահությունը։ Այն կազմում է հանրապետության կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդը, և ընտրում է Գերագույն դատարանը։

Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը ԽՄԿԿ հիմնական բաղկացուցիչ մասերից է։ Սոցիալ-դեմոկրատական խմբակները ստեղծվել են 1896-97 թվականներին, Բաքվի մեխանիկական և նավթամշակման ձեռնարկություններում։ 1901 թվականին կազմակերպվեց ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեն, որից հետո սոցիալ-դեմոկրատական խմբակներ ստեղծվեցին Ելիզավետպոլում (Կիրովաբադ), Շուշիում։ 1903 թվականին Բաքվի սոցիալ-դեմոկրատների պատվիրակ Բոգդան Կնունյանցը մասնակցեց ՌՍԴԲԿ 2-րդ համագումարին և պաշտպանեց կուսակցության կազմակերպման լենինյան տեսակետը։ Բաքվի կուսակցական կազմակերպությունն անցավ բոլշևիկների կողմը։ 1904 թվականին Բաքվի կոմիտեին կից ստեղծվեց «Հումմեթ» («Եռանդ») խումբը, որը գործունեություն ծավալեց մուսուլմանների շրջանում։ Ադրբեջանի աշխատավորները բոլշևիկների ղեկավարությամբ ակտիվորեն մասնակցեցին 1905-07 թվականների հեղափոխությանը։ Բոլշևիկների ջանքերի շնորհիվ հաջողվեց դադարեցնել ազգամիջյան ընդհարումները, որոնք հրահրել էին ցարական իշխանությունները և բուրժուակսւն ազգայնականները 1905 թվականի փետրվարին՝ աշխատավորների ուշադրությունը հեղափոխական պայքարից շեղելու նպատակով։ Բաքվի բոլշևիկները եռանդուն մասնակցություն ունեցան ՌՍԴԲԿ 3-րդ համագումարի նախապատրաստմանը և անցկացմանը։ Համագումարում Բաքուն ներկայացնում էր Պրոկոֆիյ Ջափարիձեն։

Պրոլետարական Բաքուն բոլշևիզմի հենարանն էր հեղափոխության նահանջի տարիներին։ Այստեղ էին աշխատում Ստեփան Շահումյանը, Մեշադի Ազիզբեկովը, Պրոկոֆի Ջափարիձեն, Սուրեն Սպանդարյանը, Իոսիֆ Ստալինը, Գեորգի Օրջոնիկիձեն (Սերգո) և ուրիշներ։ Նոր հեղափոխական վերելքի և համաշխարհային առաջին պատերազմի տարիներին Ադրբեջանի բոլշևիկները կանգնած էին պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերում։ 1915 թվականին Բաքվում գումարվեց Կովկասի բոլշևիկների խորհրդակցություն, որտեղ ընտրվեց ՌՍԴԲԿ կովկասյան բյուրո։

Ստեփան Շահումյան

1917 թվականին, Փետրվարյան հեղափոխության ժամանակ, Բաքվում ՌՍԴԲԿ կազմակերպությունը մնում էր միացյալ (բոլշևիկները կազմակերպչորեն չէին անջատվել մենշևիկներից), որն արգելակում էր հեղափոխության զարգացումը Ադրբեջանում։ Հունիսի 25 (հուլիսի 8)-ին բոլշևիկների կոնֆերանսն ընտրեց ՌՍԴԲԿ(բ) Բաքվի կոմիտե։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, բոլշևիկների ղեկավարությամբ 1917 թվականիի հոկտեմբերի 31 (նոյեմբերի 13)-ին Բաքվում հռչակվեց խորհրդային իշխանություն։ 1918 թվականի մարտին ճնշվեց մուսավաթականների հակահեղափոխական խռովությունը։ 1918 թվականի ապրիլի 25-ին ստեղծվեց Բաքվի ժողկոմխորհը։

Սակայն 1918 թվականի հուլիսի 31-ին, օտարերկրյա ինտերվենտների և ներքին հակահեղափոխական ուժերի հարվածի ներքո խորհրդային իշխանությունը Բաքվում ընկավ։ Թշնամիները հաշվեհարդար տեսան Բաքվի կոմիսարների հետ։ Կուսակցական կազմակերպությունն անցավ ընդհատակ։ 1919 թվականի սկզբին ՌԿ(բ) կ Կովկասյան երկրամասային կոմիտեի և նրա Բաքվի բյուրոյի անդամներից ստեղծվեց ղեկավար կուսակցական կենտրոն։ 1920 թվականի փետրվարի 11-12-ին Բաքվում տեղի ունեցավ Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը, որը միավորեց կոմունիստական բոլոր կազմակերպությունները, ընտրեց Ադրբեջանի Կ(բ) կ Կենտկոմ և Կովկասյան երկրամասային կոմիտեն ճանաչեց որպես իր ղեկավար մարմինը։ Համագումարը Ադրբեջանական Կ(բ) կ առջև խնդիր դրեց զինված ապստամբություն նախապատրաստել մուսավաթական վարչակարգի դեմ։ 1920 թվականի ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակի օգնությամբ մուսավաթականների իշխանությունը տապալվեց։

Կոմունիստները գլխավորեցին աշխատավորների պայքարը տնտեսության վերականգնման, ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության համար։ Ադրբեջանի կոմկուսի XIII համագումարը (հունիս, 1937) նշեց, որ աշխատավորների ջանքերով Ադրբեջանը դարձել է ինդուստրիա-ագրարային հանրապետություն՝ ձևով ազգային և բովանդակությամբ սոցիալիստական մշակույթով։ Հայրենական պատերազմի տարիներին, Ադրբեջանի կոմկուսի եռանդուն ջանքերով հանրապետությունը դարձավ խորհրդային զինված ուժերի կարևոր զինանոց։ Ետպատերազմյան տարիներին կոմկուսը գլխավորեց աշխատավորների պայքարդ ժողովրդական տնտեսության և մշակույթի նոր վերելքի համար։ Զինված ԽՄԿԿ XXIV համագումարի որոշումներով, կոմկուսն ընթանում է հանրապետության աշխատավորության ավանգարդում՝ գլխավորելով նրա անձնվեր պայքարը կոմունիզմի նյութա՜տեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակության կառուցման համար։ Առ 1 հունվարի 1972 թվականի Ադրբեջանի կոմկուսի շարքերում հաշվվում էր 265.156 կոմունիստ։

Լենինյան կոմունիստական երիտասարդական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի կոմերիտմիության պատմությունը անխզելիորեն կապված է բոլշևիկյան կազմակերպությունների պատմության հետ։ ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի (1917) որոշմամբ կուսակցության Բաքվի կոմիտեն 1917 թվականի օգոստոսին ստեղծեց բանվորների և սովորող երիտասարդների կազմակերպություն, որը և դարձավ Ադրբեջանի կոմերիտմիության սաղմը։ Աշնանը ստեղծվեց տպագրիչների հեղափոխական երիտասարդության խումբը։

Բաքվի 26 կոմիսարներ

1918 թվականի հունվարին երկու խմբերը միավորվեցին՝ ստեղծեյով «Բաքու քաղաքի և նրա շրջանների բանվոր երիտասարդության ինտերնացիոնալիստական միությունը», որը դարձավ Ադրբեջանի ԼԿԵՄ հիմքը։ 1920-ի հուլիսին տեղի ունեցավ Երիտասարդության միության I համագումարը, որտեղ ձևավորվեց Ադրբեջանի կոմունիստական երիտասարդության միությունը։ Այն ակտիվորեն մասնակցել է հանրապետության ինդուստրացմանը, գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, կուլտուրական հեղափոխությանը։

Առաջին հնգամյակի պլանները (նավթի գծով) կատարելու գործում աչքի ընկնելու համար Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմը Բաքվի կոմերիտմիությանը պարգևատրեց հանրապետության Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ադրբեջանի երիտասարդությունը ակտիվորեն մասնակցեց նաև Հայրենական մեծ պատերազմին։ Հետագա տարիներին նա խոշոր ներդրում կատարեց հանրապետության արդյունաբերության, գյուղատնտեսության և կուլտուրական շինարարության աշխատանքներում։ Ադրբեջանական ԼԿԵՄ 1970-ին ուներ ավելի քան 500 000 անդամ։

Արհմիություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արհմիությունները Ադրբեջանում ստեղծվել են 1905 թվականի հոկտեմբերին (դարբինների, մատուցողների, փոստի և հեռագրական աշխատողների, կասպյան նավաստիների, տպագրիչների, երկաթուղայինների, կոշկակարների)։ 1906 թվականի հոկտեմբերին ստեղծվեց նավթարդյունաբերության բանվորների արհմիությունը։ Նույն թվականի վերջին Բաքվում գործում էր մոտ 20 արհմիություն՝ մինչև 12 200 անդամով։ Բաքվի պրոլետարիատի հեղափոխական համախմբվածության գործում խոշոր դեր է խաղացել նավթարդյունաբերության բանվորների արհմիությունը, որն արդեն 1908 թվականին ուներ 7 000 անդամ։ Ադրբեջանի արհմիությունները մասնակցում էին բանվորների հեղափոխական ելույթներին, նրանց պահանջների մշակմանը, պայքարում նրանց բնակարանային և կենցաղային պայմանների բարելավման, բժշկական սպասարկման համար։

Նավթային աշտարակներ Բաքվում

Արհմիությունները ողջունեցին խորհրդային իշխանության հաստատումն Ադրբեջանում 1920 թվականի ապրիլին։ Հունիսին, Բաքվի արհմիությունների I կոնֆերանսում ընտրվեց արհմիությունների Ադրբեջանական խորհուրդը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին մեծ էր արհմիությունների դերը հանրապետության ինդուստրացման, հատկապես նավթարդյունաբերության զարգացման գործում։ 1931 թվականի ապրիլին Բաքվում, նավթարդյունաբերության բանվորների I համագումարում, ստեղծվեց ԽՍՀՄ նավթարդյունաբերության բանվորների համամիութենական արհմիություն։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին արհմիությունները հանրապետության աշխատավորներին մոբիլիզացրին ռազմաճակատին անխափան կերպով վառելանյութ մատակարարելու համար։ Ետպատերազմյան տարիներին Ադրբեջանի աշխատավորները լայնորեն մասնակցում են կոմունիստական շինարարության կազմակերպմանը՝ բարձրացնելով աշխատավորների ստեղծագործական ակտիվությունը։ Ադրբեջանի արհմիությունները միավորում են 1,34 միլիոն բանվորն ծառայող (1971-ի հունվար)։ Արհմիություններն ունեին 57 կուլտուրայի պալատ, 63 ակումբ, 195 գրադարան, 167 կինոսարք, 591 սպորտային կառույց, մեծ թվով հանգստյան տներ, սանատորիաներ և այլն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բնակիչները ադրբեջանցիներ են՝ 73,8%, ռուսները կազմում են բնակչության 10%, հայերը՝ 9,4%, լեզգիները՝ 2,7%, մյուս ազգությունները՝ 4,1% (1970)։ 19-րդ դարի երկրորդ կեսից Կազանի, Աստրախանի և Ղրիմի թաթարներին արևելյան Այսրկովկասի թաթարներից տարբերելու նպատակով վերջիններին հանրագիտական բառարաններում և պաշտոնական վիճակագրական տեղեկագրերում սկսեցին անվանել կովկասյան կամ այսրկովկասյան թաթարներ։ Ադրբեջանում 1930-ական թվականներին տեղի ունեցած անձնագրավորման ժամանակ, երբ համատարած կերպով ադրբեջանականացվեց թյուրքալեզու բնակչությունը, 1939 թ. հունվարի 17-ի մարդահամարի պաշտոնական նյութերում նոր միայն Ադրբեջան վարչաքաղաքական անունից ի հայտ եկավ ադրբեջանցի տերմինը։

Խորհրդային Ադրբեջանի տարածքում միջին խտությունը 1 կմ2 վրա 59,1 մարդ էր։ Բնակչության 57,5% բանվորներ ու ծառայողներ են, 42,4%՝ կոլտնտեսային գյուղացիություն։ Առավել խիտ են բնակեցված Ապշերոնյան թերակղզին, Կուր գետի միջին ավազանի աջափնյա մասը, Լենքորանի հարթավայրը։ Մեծ քաղաքներ են՝ Բաքուն, Կիրովաբադը, Սումգայիթը, Նուխին, Մինգեչաուրը, Նախիջևանը, Ստեփանակերտը։

1939[4]
1979[5][6]
1989[6][7][8]
Թվաքանակ Տոկոս Թվաքանակ Տոկոս Թվաքանակ Տոկոս
Ընդամենը 3 205 150 6 026 515 7 021 178
ադրբեջանցիներ 1 870 471 58,4 % 4 708 832 78,1 % 5 804 980 82,7 %
Ռուսներ 528 318 16,5 % 475 255 7,9 % 392 304 5,6 %
Հայեր 388 025 12,1 % 475 486 7,9 % 390 505 5,6 %
Լեզգիներ 111 666 3,5 % 158 057 2,6 % 171 395 2,4 %
Թալիշներ 87 510 2,7 % - - 21 169 0,3 %
Ավարներ 15 740 0,5 % 35 991 0,6 % 44 072 0,6 %
Թուրքեր 600 0,0 % 7 926 0,1 % 17 705 0,2 %
Թաթարներ 27 591 0,9 % 31 350[9] 0,5 % 28 600 0,4 %
Ուկրաինացիներ 23 643 0,7 % 26 402 0,4 % 32 345 0,5 %
Ծախուրներ - 8 546 0,1 % 13 318 0,2 %
Վրացիներ 10 196 0,3 % 11 412 0,2 % 14 197 0,2 %
Քրդեր 6 005 0,2 % 5 676 0,1 % 12 226 0,2 %
Թաթեր - - - 10 239 0,1 %
Հրեաներ 41 245 1,3 % 35 487 0,6 % 30 800 0,4 %
Ուդիներ - 5 841 0,1 % 6 125 0,1 %
Այլ 40 200 0,8 % 41 500 0,6 %

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Ադրբեջանում կար 49 000 հիվանդանոցային մահճակալ (93 մահճակալ՝ 10 000 բնակչին), 1913 թվականի 1 100 փոխարեն (5 մահճակալ՝ 10 000 բնակչին)։ 1970 թվականին գործում էր 1075 պոլիկլինիկա և ամբուլատորիա, 133 հակատուբերկույոզային, 152 մաշկա-վեներոլոգիսւկան, 51 օնկոլոգիական հիմնարկ (դիսպանսեր, բուժկետ, բաժանմունք)։

1970 թվականին աշխատում էր 13 000 բժիշկ (25 բժիշկ՝ 10 000 բնակչին)։ Բժշկական կադրեր են պատրաստում Բաքվի Ն. Նարիմանովի անվան ադրբեջանական բժշկական ինստիտուտը և 17 միջնակարգ բժշկական ուսումնարաններ։ Վերացվել են բնական ծաղիկը, խոլերան, ժանտախտը, մալարիան, տրախոման և այլ հիվանդություններ։

Մահացությունը 1970 թվականին կազմել է 1000 բնակչին 6,7 (1913-ին՝ 25,5), ծնունդը՝ 29,2 մարդ։ 1971-ի բյուջեով, առողջապահության և ֆիզիկական կուլտուրայի հատկացումները կազմել են մոտ 153 միլիոն ռ.: 1970-ին գործել են 60 սանատորիա, 9 հանգստյան տուն։ Հանրածանոթ առողջարաններից են՝ Նավթալանը, Իստիսուն, Մարդաքյանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի տնտեսության համար բնորոշ է զարգացման բարձր մակարդակը։ ԽՍՀՄ իշխանության տարիներին արդյունաբերության համախառն արտադրանքը ավելացել է 70 անգամ։ Ադրբեջանը ԽՍՀՄ-ում երկրորդն է նավթի հանույթով (ՌՍՖՍՀ-ից հետո) և մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ (Վրացական ԽՍՀ-ից հետո)։ Միութենական նշանակություն ունեն նավթային մեքենաշինությունը, լեռնահանքային, քիմիական, ցեմենտի արդյունաբերությունը, պահածոների արտադրությանը, ձկնարդյունաբերությունը, շերամապահությունը, բամբակագործությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը և գինեգործությունը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի արդյունաբերությունն աչքի է ընկնում, ամենից առաջ, նավթի և գազի հանույթով, նավթավերամշակմամբ, գազի արագորեն աճող հանույթով և դրանց հետ կապված քիմիական արդյունաբերությամբ, մեքենաշինությամբ։ Հիմնական ֆոնդերի մոտ 50% կենտրոնացված է վառելանյութի արդյունաբերության մեջ։ Ադրբեջանը ԽՍՀՄ նավթի և գազի հանույթի հնագույն շրջանն է, որը 1940-ին տվել է նավթի միութենական հանույթի 71%։

Ազերալյումին գործարանը Գանձակ քաղաքում

Երկրի այլ շրջաններում նավթի նոր հանքավայրերի յուրացման կապակցությամբ Ադրբեջանի տեսակարար կշիռն այդ ասպարեզում իջել է մինչև 5,7%-ի (ներառյալ գազային կոնդենսատը), սակայն արտադրությունը բացարձակ չափերով 1913-ի համեմատությամբ ավելացել է 3 անգամ (1970)։ Ետպատերազմյան տարիներին հետազոտվել և յուրացվել են նավթի և գազի նոր հանքավայրեր (Ղարադաղ, Միշովդաղ, Կիրովդաղ, Կալմաս, Փիրսահաթ են)։ Գործում են Դարադաղ-Կիրովաբադ-Աղստաֆա (Երևան-Թբիլիսի ճյուղավորումներով) և Ղարադաղ-Բաքու գազամուղները։ Բուռն զարգացում ապրեց նավթի հանույթը ծովից, որը կազմում է ընդհանուր հանույթի կեսից ավելին (Նավթային քարեր, Պեսչանի կղզի, Գրյազևայա սոպկա և այլն)։ Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ բաց ծովում ստեղծվեց «Նավթային քարեր» քաղաքը՝, որի էստակադների երկարությունը հասնում է 200 կմ։ Կասպից ծովի հատակից նավթի հանույթով զբաղվում են նաև Սերեբրովսկու և Նարիմանովի անվան նավթագազահանույթի վարչությունները։ Ստեղծվել և վերակառուցվել են նավթի և գազի վերամշակման խոշոր գործարաննեը։

Ադրբեջանն արտադրում է 90 տեսակ նավթամթերք, այդ թվում մոտ 10 անուն բարձրորակ քսայուղեր։ Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի 90% բաժին է ընկնում ՋԷԿ-երին (Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ, Նախիջևան)։ ՀԷԿ-եր կառուցված են Կուր (Մինգեչաուրի և Վարվարինյան), Թարթառ (Մադաղիզի), Կիշչայ (Շաքիի) գետերի վրա։ Ալի-Բայրամլիում գործում է գազատուրբինային բաց տիպի շրջանային էլեկտրակայան։ Իրանի հետ միասին կառուցվել է ՀԷԿ Արաքսի վրա։ Ադրբեջանի էներգետիկ տնտեսությունը մտնում է անղրկովկասյան միացյալ էներգահամակարգի մեջ, և արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը ստանում են Հայաստանն ու Վրաստանը։

Անտառներ Ղուբայի մոտ

Արագ թափով զարգանում են սև և գունավոր մետալուրգիան, շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում են երկաթաքար, բազմամետաղներ, կոբալտի հանքաքար, մշակվում են քիմիական և ցեմենտի հումքի հանքատեսակներ» ցինկ, կապար, ծծմբային հրաքար, բարիտ։ Ստեղծվել են արդ. նոր կենտրոններ (Կիրովաբադ, Սումգայիթ, Նուխի, Դաշքեսան, Մինգեչաուր, Ալի-Բայրամլի, Ղարադաղ, Ստեփանակերտ ևն)։ Բաքվում են կենտրոնացած հորատող սարքեր, մխոցա-շատրվանային արմատուրաներ, հորատող շարժական ագրեգատներ արտադրող մեքենաշինական ձեռնարկությունները։ Նավթային մեքենաշինության արտադրանքը առաքվում է աշխարհի ավելի քան 26 երկիր։

Էլեկտրատեխնիկական և սարքաշինական ձեռնարկությունները արտադրում են էլեկտրաշարժիչներ, տրանսֆորմատորներ, բարձրավոլտ էլեկտրաապարատներ, լուսատեխնիկական սարքավորումներ։ Սև և գունավոր մետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացված են Սումգայիթում (միութենական նշանակություն ունեն խողովակագլանման, ալյումինի, սինթետիկ կաուչուկի, սուպերֆոսֆատի գործարանները, քիմկոմբինատը)։ Քիմիական արդյունաբերության ձեռնարկություններն արտադրում են սինթետիկ կաուչուկ, թթուներ, պլաստմասսաներ, հանքային պարարտանյութեր, յոդ։ Ղարադաղամ է գտնվում պորտլանդ ցեմենտի՝ ԽՍՀՄ-ում խոշորագույն գործարաններից մեկը, Թովուզուք՝ գունավոր ցեմենտի, Բաքվում՝ ասբոցեմենտի, կերամիկական իրերի, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները։ Նավթի մնացուկներից ստանում են ասֆալտ, շիֆեր, բիտում։ Թեթև արդյունաբերության հնագույն ճյուղերից է մետաքսագործությունը (Շաքի, Ստեփանակերտ, Օրդուբադ)։

Տեքստիլ, բրդի, կարի, կոշիկի խոշոր ձեռնարկություններ կան Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում և այլն։ Գորգերի արտադրությամբ Ադրբեջանը գրավում է առաջին տեղն Անդրկովկասում (Լեռնային Ղարաբաղ, Աղդամ, Ղուբա, Շամախի)։ Կիրովաբադում է գտնվում Անդրկովկասի խոշորագույն հախճապակու գործարանը։ Սննդարդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են ձկնեղենի, պահածոների, գինու, մսեղենի, յուղի-պանրի, մրգի-բանջարեղենի վերամշակման, ձավարեղենի, ծխախոտի և թեյի արտադրությունը։ Ադրբեջանից արտասահմանյան 56 երկրներ է առաքվում 300 անուն արտադրանք։

Աղյուսակ 1. Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը

Արտադրանքի անվանումը 1913 1940 1950 1967 1970
Նավթ (միլիոն տ) 7,7 22,2 14,8 21,6 20,2
Գազ (միլիոն մ3) - 2498 1233 5771 5500
Էլեկտրաէներգիա (միլիոն կվտ..ժ) 111 1827 2923 11164 12000
Պողպատ (հզ. տ) - 23,7 44,1 831,4 732,6
Գլանվածք սն մետաղների (հզ. տ) - 8,5 12,7 665,6 585,1
Երկաթաքար (հզ. տ) - - - 1431 1412,7
Սուլֆանոլ 100 %-ի հաշվով (տ) - - - 19229 46200
Ավտոդողեր (հզ. հատ) - - - 1265 1562,2
Նավթային սարքավորում (հզ. տ) - 2,6 2,8 2,9 2,2
Հաստոց-ճոճանակներ (հզ. տ) - 1.1 1,1 2.4 585,1
Պոմպեր խորքային (հզ. հատ) - 31,2 41.5 74 77
էլեկտրաշարժիչներ Փոփոխական հոսանքի,
100 կվտ-ից բարձր հզորությամբ (հատ)
- - 783 2400 2460
Ցեմենտ (հզ. տ) 46 111,6 129,6 1440,8 1409,2
Ապակի պատուհանի (հզ. մ2) - 448 366 5421 7516
Բամբակյա գործվածքեղեն (միլիոն մ) 11,9 49,1 49,2 131,5 107,2
Բրդյյա գործվածքեղեն (միլիոն մ) - 0,5 0,4 7,0 1409,2
Մետաքսյա գործվածքեղեն (միլիոն մ) - 0,2 2,2 14 17,6
Ձկան և ծովային գազանի որս (հզ. տ) 97,3 33,2 27,3 65,5 73
Պահածոներ (միլիոն պայմանական տուփ) 1 20 35,4 144,6 179,9
Գինի խաղողի (միլիոն դկլ) 824 906 1103 2576 3340

Ութերորդ հնգամյակի ընթացքում (1966-70) Ադրբեջանի հասարակական ամբողջական արդյունքը ավելացել է 35%-ով, ազգային եկամուտը՝ 34%-ով, արդյունաբերական արտադրանքը՝ 37%-ով, տնտեսության հիմնական արտադրական ֆոնդերը՝ 34%-ով։ Գործարկվել է 56 արդյունաբերական խոշոր ձեռնարկություն, այդ թվում՝ ալյումինի և հախճապակու գործարանների առաջին հերթը Կիրովաբադում, Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մետրոպոլիտենի առաջին հերթի մի մասը, արհեստական կաշիների գործարանը Ալի-Բայրամլիում։ 1970 թվականին պլանավորման և տնտեսական խթանման նոր սիստեմով աշխատում էր 504 արդյունաբերական ձեռնարկություն, որոնք տվել են ամբողջ իրացված արտադրանքի 78,3% և արդյունաբերության մեջ՝ ստացվող շահույթի 95%։

Ադրբեջանը բազմակողմանի տնտեսական փոխհարաբերությունների մեջ է գտնվում միութենական բոլոր հանրապետությունների հետ։ Նրա արտադրանքի շատ տեսակներ արտահանվում են նաև արտասահմանյան 65 երկրներ։ ՀԽՍՀ միջհանրապետական տնտեսական կապերում, ներածվող և արտածվող արտադրանքի ծավալով և տեսականիով ՌԽՖՍՀ-ից և Ուկրաինայից հետո կարևոր տեղը պատկանում է Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից ՀԽՍՀ ներածվող արտադրանքի ընդհանուր ծավալի (արժեքային արտահայտությամբ) շուրջ 15% ստացվում է Ադրբեջանական ԽՍՀ-ից։

Հայաստանի ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառներում օգտագործվող նավթամթերքները գրեթե ամբողջությամբ մատակարարում է Ադրբեջանը։ Վառելիքային մազութից և բենզինից բացի Հայաստանը ստանում է ավելի քան 20 տեսակ քսայուղ և նավթամթերք։ Նավթամթերքները կազմում են Ադրբեջանից Հայաստան ներմուծվող ողջ արտադրանքի ընդհանուրծավալի ավելի քան 80%-ը։

ՀԽՍՀ վառելիքա-էներգետիկ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն նաև Ադրբեջանից ստացված բնական գազը և էլեկտրաէներգիան։ Ներմուծվող արտադրանքի մեջ ծավալի տեսակետից 2-րդ տեղը գրավում են թեթև և սննդի արդյունաբերության ապրանքները (բամբակյա մանվածք, բամբակի յուղ)։ ՀԽՍՀ տնտեսության համար, չնայած փոքր քանակին, կարևոր են նաև Սումգայիթից ներմուծվող պողպատյա խողովակները և թերթավոր պողպատը։ Ադրբեջանը ՀԽՍՀ-ին մատակարարում է նաև մեծ քանակությամբ լուսամուտի ապակի, ապակե տարա և մեծ տրամաչափի ասբեստացեմենտի խողովակներ։

ՀԽՍՀ-ից Ադրբեջանը ստանում է շուրջ 150 տեսակ արդյունաբերական ապրանք, որոնք հատկապես կիրառվում են նավթային, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և գյուղատնտեսության մեջ։ ՀԽՍՀ-ից Ադրբեջան արտահանվող արտադրանքների 40% բաժին է ընկնում քիմիական արդյունաբերության արտադրանքին։ Մեծ քանակություն են կազմում և Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեն նաիրիտը, կաուստիկ սոդան, նատրիումի կրեմնեֆտորը, ամոնիակը, սուպերֆոսֆատը, ցիանամիդը, ծծմբաթթուն, պղնձարջասպը, ասբովինիլը, պոլիվինիլացետատի էմուլսիան, լաքերն ու ներկերը։

Դաշքեսան-Քարհատ

Ադրբեջանի ավտոմոբիլային տրանսպորտը լայնորեն կիրառում է հայկական «գիգանտ» և այլ տեսակի ավտոդողեր։ Հանրապետության տնտեսության ամենատարբեր բնագավառներում վաղուց լայն ճանաչում է գտել նաև Հայաստանի մեքենաշինության և էլեկտրատեխնիկա կան արդյունաբերության 60-ից ավելի արտադրանք (շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, գեներատորներ, էլեկտրաշարժիչներ, ճշգրիտ չաւիիչ գործիքներ, հիդրոպոմպեր, կոմպրեսորներ, մամլիչներ, ունիվերսալ բարձր ճշտությամբ շրջահղկող և ֆրեզերային հաստոցներ)։ Ադրբեջանում արտածվում են նաև մեծ քանակությամբ էլեկտրալամպ, կաբելներ, պահեստամաս, ժամացույց։ Վերջին տարիներին Ադրբեջան արտածվող արտադրանքներին ավելացել է նաև «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը կազմում է ՀԽՍՀ-ից Ադրբեջան արտածվող արտադրանքների ընդհանուր ծավալի 30%։ Ծավալի տեսակետից զգալի են նաև թեթև սննդի արդյունաբերության արտադրանքները, հատկապես բրդյա նուրբ գործվածքները, հանքային ջրերը։

Երկու հանրապետությունների միջև գոյություն ունեն ձեռնարկությունների համատեղ կառուցման, փորձի փոխանակման, մասնագետների պատրաստման ու փոխանակման, սոցմրցման և այլ տեսակի տնտեսական փոխհարաբերություններ։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի գյուղատնտեսության հիմնական ճյուղը երկրագործությունն է։ Ցանքատարածությունները 1970 թվականին 1,196 միլիոն հա էին, որից հացահատիկային կուլտուրաներինը՝ 621 000 հա, տեխնիկական կուլտուրաներինը՝ 209 900 հա։ Ցանքատարածությունների ավելի քան 70% ոռոգելի է։ Առավել կարևոր ջրանցքներն են վերին Շիրվանյան, վերին Դարաբաղյան և Սամուր-Ապշերոնյան։

Բամբակի դաշտ

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բամբակագործությունն է (1970 թվականին՝ 193 000 հա), որը տալիս է կոլտնտեսություն ների դրամական եկամտի մոտ 50%։ Բամբակենու մշակությամբ զբաղվում են հիմնականում Կուր-Արաքսյան հարթավայրում և Մերձարաքսյան դաշտավայրում՝ ներառյալ Նախիջևանի ԻԽՍՀ։ Նախալեռնային շրջաններում մշակվում է ծխախոտ։ Լենքորանի հարթավայրում զարգացած է թեյի մշակությունը։ Հացահատիկի արտադրությունը կենտրոնացած է Մեծ և Փոքր Կովկասի նախալեռնային շրջաններում և Մուղանի հարթավայրի հարավում։ Հացահատիկների ցանքատարածությունների 70% զբաղեցնում է ցորենը (1970 թվականին՝ 419 700 հա)։ Մշակվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այգիները 1970 թվականին զբաղեցնում էին 121 600 հա։ Զարգացած է պտղաբուծությունը (1970 թվականին՝ 149 200 հա՝ ներառյալ ցիտրուսային կուլտուրաները)։ Լենքորանում մշակում են խոնավասեր մերձարևադարձային կուլտուրաներ (հիմնականում թեյ), Կուր-Արաքսյան դաշտավայրում և Ապշերոնյան թերակղզում՝ նուռ, թուզ, սերկևիլ, նուշ, ձիթապտուղ։ Շերամապահությամբ զբաղվում են՝ Շաքի-Զաքաթալայի շրջանում, Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ում, Նախիջևանի, Կիրովաբադ-Ղազախի գոտիներում։

Աղյուսակ 2. Գյուղատնտեսալամ կարևորագույն կուլտուրաների համախառն բերքը (հազար տոննա)

1913 1940 1950 1967 1970
Բամբակ 64 154 284 333 335,4
Հացահատիկ 486 567 523 729 723
Ծխախոտ 1 5,4 8,1 20,8 24,7
Բանջարեղեն - 63 67 363 409
Թեյ - - - 8,7 9.8
Կարտոֆիլ 38 82 119 122 130

Անասնապահությունը տալիս է կոլտնտեսությունների և խորհրդային տնտեսությունների եկամտի 25%-ը։ Անասունների գլխաքանակի մասին տես 3 աղյուսակը։

Աղյուսակ 3. Անասունների գլխաքանակը (հազար գլուխ, առ 1 հունվարի)

1916 1941 1951 1968 1971
Խոշոր եղջերավոր անասուն 1397 1357 1248 1671 1578,5
Այդ թվում կովեր և մատակներ 491 489 345 664 621,7
Ոչխարներ և այծեր 2394 2907 3360 4713 4413,8
Խոզեր 31 120 73 101 106,3

Ադրբեջանում զարգացած է ավանդական արտագնաց անասնապահությունը։ Միաժամանակ ստեղծվում է կերի կայուն բազա, և անասունների մի մասը տեղափոխվել է մսուրային խնամքի։ Մեծ տեղ է գրավում ոչխարաբուծությունը.: Մսաբրդատու ցեղերից բացի (բալբաս, շիրվան, ղարաբաղի բողազ ևն) բուծվում են նաև կիսանրբագեղմ և նրբագեղմ ոչխարների ցեղեր, այդ թվում՝ ադրբեջանական լեռնային մերինոսը։ Խոշոր եղջերավորներից բուծվում են գոմեշ և զեբու։ Զարգացած է թռչնաբուծությունը։ Գյուղատնտեսական ողջ արտադրանքի արժեքը 1970 թվականին կազմել է 856 միլիոն ԽՍՀՄ ռուբլի, որը 106 միլիոն ռուբլի ավելի էր 1969 թվականի մակարդակից (գյուղատնտ. արտադրանքի պետական գնումների ծավալի դինամիկան ցույց է տրված 4 աղյուսակում)։

1970 թվականին Ադրբեջանի գյուղատնտ. մեջ աշխատում էր 47 000 տրակտոր, 4 000 հացահատիկային կոմբայն, ավելի քան 1500 բամբակահավաք մեքենա, մոտ 18 000 ավտոմեքենա։ Հանրապետության գյուղատնտ. 1970 թվականին սպառել է 600 միլիոն կվտժ էլեկտրաէներգիա, որը 54 անգամ ավելի է 1940 թվականին սպառածից։

Աղյուսակ 4. Գյուղատնտեսական մթերքների պետական գնումները (հազար տոննա)

1940 1950 1967 1970
Բամբակ 154 284 333 336
Հացահատիկ 130 115 178 170
Բանջարեղեն 25 26 236 267
Մրգեր և հատապտուղներ
(խաղողը ներսայալ)
59 52 165 370
Թեյի տերև 0,24 0,8 8,7 9,8
Անասուն և թռչուն (կենդանի
քաշ)
23 33 67 84
Կաթ 39 55 162 182
Ձու (միլիոն հատ) 10 20 94 133
Բուրդ 3,1 3.8 8,8 8

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանն ունի զարգացած տրանսպորտային ցանց։ Բեռնաշրջանառության 60%-ից ավելին բաժին է ընկնում երկաթուղուն, որի ընդհանուր երկարությունը 1970 թվականին ավելի քան 1800 կմ էր։

Երկաթուղային կայարանը Բաքվում

1926 թվականին շահագործման հանձնվեց ԽՍՀՄ-ում էլեկտրիֆիկացված առաջին՝ Բաքու-Սաբունչի երկաթուղին, իսկ 1970-ին էլեկտրաքարշերով և ջերմաքարշերով սպասարկվող երկաթուղիների երկարությունը հասավ ավելի քան 1677 կմ։ Երկաթուղային խոշոր հանգույցներ են Բաքուն, Բալաջարին, Եվլախը։

Մեծ նշանակություն ունի ծովային տրանսպորտը։ Կասպից ծովով բեռնափոխադրումների մեծ մասը բաժին է ընկնում Ադրբեջանին։ Գլխավոր նավահանգիստը Բաքուն է։ Գետերից նավարկելի է միայն Կուրի ստորին հոսանքը։ Ավտոճանապարհների երկարությունը 1971-ին 20 000 կմ էր, որից կոշտ ծածկով՝ 11 500 կմ։. Ավտոտրանսպորտը հանրապետության ներսում երթևեկության հիմնական փոխադրամիջոցն է։ Ադրբեջանն օդային գծերով կապված է ԽՍՀՄ գրեթե բոլոր արդ. կենտրոնների հետ։ Գործում են նաև ներքին՝ Բաքու-Կիրովաբադ-Նախիջևան, Բաքու-Եվլախ, Բաքու-Շաքի-Բելոկանի, Բաքու-Աղջաբեդի գծերը։

Ադրբեջանում գործում են Բաքու-Բաթում (Ռուսաստանում առաջին), Ալի-Բայրամլի-Բաքու նավթամուղները և Ղարադաղ-Աղստաֆա (դեպի Երևան և Թբիլիսի ճյուղավորումներով), Ղարադաղ-Սումգայիթ, Ալի-Բայրամլի - Ղարադաղ գազամուղները։ Տրանսպորտի բոլոր տեսակների բեռնաշրջանառությունը 1970-ին կազմել է 40 մլրդ. ռուբլի։

Տնտեսա-աշխարհագրակսւն շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ զարգացման առանձնահատկությունների, Ադրբեջանը բաժանվում է տնտեսական հետևյալ շրջանների

  • Ապշերոնյան (Բաքու-Սամգաիթի), որը ԽՍՀՄ նավթ-արդյունաբերության հիմնական բազաներից է
  • Կուր-Արաքսյան (բամբակագործություն)
  • Ղուբա-Խաչմասի (այգեգործություն, բանջարաբուծություն, շերամապահություն, ձկնորսություն, թեթև արդյունաբերություն, նավթա-գազարդյունահանում և գազավերամշակող արդյունաբերություն)
  • Լենքորանի (մերձարևադարձային կուլտուրաներ, զարգացած սննդարդյունաբերություն)
  • Կիրովաբադ-Ղազախի (լեռնաքիմիական, թեթև, սննդի արդյունաբերություն, այգեգործություն, բամբակագործության, հացահատիկի մշակություն, ծխախոտագործություն, անասնապահություն)
  • Շաքի-Զաքաթալայի (այգեգործություն, ծխախոտագործություն, պտղաբուծություն, հացահատիկի մշակություն, շերամապահություն)
  • Շամախի-Իսմայիլի (անասնապահություն, խաղողագործություն, պտղաբուծություն, հացահատիկի մշակություն)
  • Լաչին-Քյալբսւջարի (անասնապահություն, անտառային տնտեսություն, ծխախոտագործություն, լեռնահանքային արդյունաբերություն)
  • Նախիջևանի (լեռնահանքային և սննդի արդյունաբերություն, այգեգործություն, խաղողագործություն, շերամապահություն, հացահատիկի մշակություն, բամբակագործություն, անասնապահություն)
  • Լեռնային Ղարաբաղի (այգեգործություն, շերամապահություն, անասնապահություն, հացահատիկի մշակություն)

Կրթություն և մշակութային-լուսավորական հիմնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ժողովրդի լուսավորության ու մշակույթի զարգացման, մայրենի լեզվով դասավանդումը վարելու, կուլտուրլուսավորական հիմնարկներ ստեղծելու գործում մեծ դեր են խաղացել 19-20-րդ դարերի ադրբեջանական մտավորականության նշանավոր դեմքեր Մ. Ֆ. Ախունդովը, Մ. Շ. Վազեհը, Ա. Ա. Բսւքիխսւնովր, Ս. Ա. Շիրվանին, Գ. Ս. Զարդաբին, Միրզա Սաբիրը, Ջ. Մամեդկուլիզադեն, Նարիման Նարիմանովը, Ուզեյր Հաջիբեկովը, Ս. Մ. Գանիզադեն, Ա. Շաիկը, Ա. Ս. Ահմեդովը և ուրիշներ։

Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա

Նախահեղափոխական Ադրբեջանում թույլ էր զարգացած կրթությունը, ազգային լեզվով ուսուցման խնդիրը մնում էր չլուծված։ 1914-15 ուսումնական տարում տարբեր տիպի դպրոցներում սովորել է 73 000 երեխա, սակայն ադրբեջանցիների թիվը տարրական դպրոցներում 36,1, իսկ միջնակարգ դպրոցներում 11% էր։ Գրագիտությունը կազմում էր 9,2%։ 1921 թվականին բարձրագույն կրթությամբ ընդամենը 62 ադրբեջանցի կար։

Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ադրբեջանում վերացվել է անգրագիտությունը։ 1970 թվականի տվյալներով ամեն 100 բնակչից բարձրագույն և միջնակարգ (լրիվ ն ոչ լրիվ) կրթություն ուներ 471-ը։ Ցերեկային հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը 1 443 000 էր, իսկ կրթության բոլոր ձևերում ընդգրկված էր 1,83 միլիոն մարդ կամ Ադրբեջանի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը։ Ուսուցիչների թիվը անցնում էր 70 հազարից։ 1970-ին Ադրբեջանում գործում էին պիոներների և դպրոցականների պալատ՝ Բաքվում, 84 պիոներտուն, պատանի բնասերների, տեխնիկների և տուրիստների 18 կայան, 59 սպորտդպրոց, 1600 նախադպրոցական հիմնարկություն (110 600 երեխա)։

1970-71 ուսումնական տարում 70 պրոֆ-տեխնիկական ուսումնարաններում սովորել են մոտ 46 100, 79 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 71 000 սովորող, 13 բուհերում՝ ավելի քան 100 000 ուսանող։ 1966-70-ական թվականներին Ադրբեջանի բուհերն ավարտել են 52 500, իսկ միջնակարգ մասնագիտական ուս. հաստատությունները՝ մոտ 80 000 մասնագետ։ Խոշոր բուհերն են՝ Ադրբեջանի Ս. Մ. Կիրովի անվան պետական համալսարանը, Մ. Ագիզբեկովի անվան նավթի և քիմիայի, պոլիտեխնիկական, Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական, Մ. Ֆ, Ախունդովի անվան օտար լեզուների, Ն. Նարիմանովի անվան բժշկական ինստիտուտները, Ուզեյր Հաջիբեկովի անվան կոնսերվատորիան։ 1970 թվականին Ադրբեջանում գործել են 7242 մասսայական, դպրոցական և գերատեսչական գրադարան, ավելի քան 2000 ակումբ, կուլտուրայի պալատ և տուն, 2000 կինոսարք և 37 թանգարան։ Ադրբեջանի մշակույթի կարևոր օջախներից են՝ Մ. Ֆ, Ախունդովի անվ, հանրապետական, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ հիմնակազմ գրադարանները, Ադրբեջանի պատմության, Նիզամիի անվան ադրբեջանական գրականության, Ռ. Մուստաֆաևի անվան արվեստի թանգարանները և Վ. Ի. Լենինի կենտրոնական թանգարանի մասնաճյուղը։

Գիտություն և գիտական հիմնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Ադրբեջանի տարածքում հարյուրամյակներ առաջ ձևավորվել էր հարուստ մշակույթ։ Այստեղ ապրող ցեղերը հնագույն ժամանակներից տիրապետել են մետաղաձուլության և մետաղից իրեր ու զենքեր կռելու հմտությանը։ Մետաղամշակման, ինչպես նաև նավթը որպես վառելիք և դեղանյութ օգտագործելուն զուգընթաց կուտակվում էին տեխնիկական գիտելիքներ։ Գտնվել են մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակը պղնձյա և պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից պատրաստված իրեր։ Միջին դարերում գիտական միտքն առավել զարգացում ապրեց աստղաբաշխ և մաթեմատիկոս Նասիրեդդին Թուսիի գործերում (13-րդ դար)։ Փիլիսոփայական միտքը բարձր զարգացման հասավ Նիզամի Գյանջևիի ստեղծագործություններում։ Նրանք միայն տարածքային առումով են ապրել Ադրբեջանում. ոչ լեզվաբանական, ոչ ազգային կապեր չունենալով ժամանակակից ադրբեջանցիների հետ։ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու շնորհիվ հնարավոր դարձավ հաղորդակից լինել ռուսական գիտությանը։

Ռուսական գիտության հետ է կապված Կազանի և Պետերբուրգի համալսարանների պրոֆեսոր, լեզվաբան-արվեստագետ Միրզա-յազիմ-բեկի (1802-1870) գործունեությունը։ Ռուս առաջավոր մտքի ազդեցությամբ ձևավորվեցին մի շարք առաջադեմ գործիչների, այդ թվում Ա. Բաքիխանովի և Հ. Զարդաբիի հայացքները։ Առաջադեմ դեմոկրատական գաղափարախոսությունը և մատերիալիստական փիլիսոփայությունը իրենց զարգացումը գտան Մ. Ֆ. Ախունդովի գործերում։

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբներին Ադրբեջանի ընդերքի, հատկապես նավթի ուսումնասիրման հետ կապված գիտական գործունեություն ծավալեցին ռուս գիտնականներ Դմիտրի Մենդելեևը, Վ. Վ. Մարկովնիկովը, Ի. Մ. Գուբկինը և ուրիշներ։ Հ. Աբիխը դրեց Ադրբեջանի երկրաբանական հետազոտման հիմքերը։ Նավթի հանույթի և մշակման կատարելագործման մեջ զգալի դեր խաղացին ինժեներներ Վ. Գ. Շուխովը, Ա. Ա. Լետնին, Ս. Ա. Լեբեդևը։ 1880-90-ական թվականներին են գրվել ադրբեջանցի առաջին քիմիկոս, Ստրասբուրգի համալսարանի դոկտոր Մ. Խանլարովի գիտական աշխատությունները։ Նա եղել է Ռուսական ֆիզիկա-քիմիական ընկերության անդամ։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին ստեղծվեցին Ռուսական տեխնիկական ընկերության Բաքվի բաժանմունքը, Գյուղատնտեսության կովկասյան ընկերության մասնաճյուղը, նավթամշակման գործարանների քիմիական լաբորատորիաները։

Ադրբեջանցիների համար մուտքը այդ գիտական կազմակերպությունները և ընկերությունները կապված էր մեծ բարդությունների հետ։ Անդրկովկասում բարձրագույն դպրոց ստեղծելուն ցարական կառավարության արգելքը, մայրենի լեզվով միջնակարգ կրթության բացակայությունը ծայր աստիճան դժվարացնում էին ադրբեջանցի մասնագետների, առավել ևս գիտական աշխատողների պատրաստումը։

Ադրբեջանում գիտությունն իսկական վերելք ապրեց խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Սկզբում գիտության զարգացման գլխավոր օջախը ադրբեջանական պետական համալսարանն էր։ Բուհերի կազմակերպման և ազգային կադրերի պատրաստման հետ մեկտեղ ստեղծվեցին գիտական հիմնարկներ, այդ թվում Երկրաբանական բյուրոն և «Ազնեֆթ»-ի Կենտրոնական քիմիական լաբորատորիան, Բաքվի ծովային աստղադիտարանը։ 1923 թվականի նոյեմբերին կազմակերպվեց Ադրբեջանի Ուսումնասիրման և հետազոտման ընկերությունը։ 1929 թվականին ստեղծվեց Ադրբեջանական գիտահետազոտական ինստիտուտը, որը 1932 թվականի վերջին վերակազմվեց որպես ԽՍՀՄ ԳԱ Անղրկովկասյան մասնաճյուղի ադրբեջանական բաժանմունք, իսկ վերջինս 1935 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ ադրբեջանական մասնաճյուղ (ԱզՖԱՆ)։

Նավթային քարեր քաղաք

1930-ական թվականների գիտահետազոտական աշխատանքների կարևորագույն ուղղությունը նավթի նոր հանքավայրերի որոնումն էր, հանույթի և վերամշակման միջոցների ու մեթոդների կատարելագործումը։ Սկսվեց Կասպից ծովի հարավային մասի նավթաբերության հետազոտությունը։ Աշխատանքներ ծավալվեցին նավթաքիմիայի ասպարեզում։ Սկսվեց ջրային պաշարների օգտագործման պրոբլեմի մշակումը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գիտնականները զբաղված էին երկրի պաշտպանության համար անհրաժեշտ նյութեր ստանալու հարցերով։ 1945 թվականին ստեղծվեց Ադրբեջանական ԽՍՀ Գա։ Ադրբեջանում ետպատերազմյան շրջանում գիտությունը հիմնականում զբաղվում էր նավթային և լեռնահանքային արդյունաբերության վերելքի, ստեղծման, մետալուրգիայի, շինանյութերի արդյունաբերության ընդլայնման, գյուղատնտ. արժեքավոր կուլտուրաների և ամենից առաջ բամբակի նոր, բարձր բերքատու սորտերի ստացման հարցերով։ Երկրաբանները հայտնաբերել են նոր նավթագազաբեր շրջաններ, ուսումնասիրվել են մեծ խորություններում գտնվող նավթաշերտեր, հայտնաբերվել խոշոր, այդ թվում ծովային նավթահանքեր («Նավթային քարեր», Բալա կղզի)։ Նավթային երկրաբանության կարևոր ուղղությունը նավթագազային շրջանների առաջացման օրինաչափությունների ուսումնասիրությունն է, նստվածքային շերտում ու երկրի կեղևի ավելի խոր մասերում երկրաբանական պրոցեսների և նավթագազային հանքաշերտի կազմավորման միջև եղած կապի հարցը, նավթի և գազի պաշարների ու նրանց տեղաբաշխման կանխագուշակումը (Վ. Վ. Աբրամովիչ, Ա. Ալիզադե, Շ. Մեհտիև, Ա. Ալիև, Բ. Բաբազադե, Կ. Սուլթանով, Ա. Խալիլով, Ս. Սալաև և ուրիշներ)։

Հանրապետության ողջ տարածքի երկրաբանական ուսումնասիրության և կուտակված նյութի ընդհանրացման հիման վրա լույս տեսավ յոթհատորյա «Ադրբեջանի երկրաբանությունը» (1952-61)։ Զգալի հաջողություններ կան նավթի հանույթի տեխնիկայի զարգացման խնդրում։ Ծավալվել են ծովային նավթահանքերի կոմպլեքսային մշակումը և յուրացումը, որի համար 1961 թվականին մի խումբ գիտնականների և մասնագետների շնորհվել է լենինյան մրցանակ (Է. Ալիխանով, Ա. Բիլանդարլի, Բ. Հաջին, Ս. Կասըմզադե, Ի. Կուլին, Մ. Մամեդով, Զ. Մելիք-Թանգիև, Դ. Մզարեուլով, վ. Նեգրեև, Ֆ. Սսւմեդով)։ Նավթաքիմիան դարձել է առաջատար գիտական ուղղություն։ Դրանում մեծ ծառայություն ունեն Չու. Մամեդալիևը, Ռ. Իսմաիլովը, Մ. Դալինը, Վ. Ալիևը, Ս. Մեհտիևը և ուրիշներ։

Իմադ ադ-Դին Նասիմի. թուրքմեն բանաստեղծ, ում անունն է կրում Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ լեզվաբանության ինստիտուտը

1930-ական թվականներին Ադրբեջանում ներդրվեց կրեկինգ-գործընթացը։ Ուսումնասիրվել են մոտորային վառելանյութերի ու յուղերի բարելավման մեթոդները։ Ադրբեջանի քիմիկոսները հաջողությամբ զբաղվել են նավթագազից (էթիլեն) էթիլ սպիրտի ստացման եղանակների մշակմամբ (Մ. Ա. Դալին և ուրիշներ), նավթամշակման պրոցեսում կատալիզատորների օգտագործման հարցերով (Վ. Ալին, Վ. Գուտիրիա, Ռ. Իսմաիլով)։ Լուծված են մի շարք տեսական ու կիրառական հարցեր, որոնք կապված են մոնոմերային ու պոլիմերային միացությունների սինթեզման նոր մեթոդների ստեղծման, մոլեկուլների կոնֆորմացիաների, ինչպես նաև նրանց կառուցվածքի ու ռեակցիայի ունակության կապի բացահայտման (Ս. Դ. Սեհտիև, Մ. Մ. Մովսումզադե և ուրիշներ) հետ։

Բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանում մաթեմատիկական հետազոտություններր հիմնականում տարվում են ֆունկցիոնալ անալիզի և նրա կիրառությունների, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսության, ֆունկցիաների տեսության, ատոմատ կառավարման տեսության, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, հեղուկների մեխանիկայի և այլ ուղղություններով։ Ադրբեջանցի մաթեմատիկոսների (Զ. Ի. խալիլով, Ա. Ի. Հուսեյնով, Ի. Ի. Իբրահիմով, Մ. Լ. Ռասուլով, Մ. Գ. Կասիմով, Զ. Ա. Ալլահվերդիև և ուրիշներ) ստացած արդյունքները ունեն ինչպես տեսական, այնպես էլ կիրառական նշանակություն։

Զարգանում են կիբեռնետիկական հետազոտությունները, մշակվում են ալգորիթմների և ավտոմատացման սարքերի, ինֆորմացիայի մշակման մեթոդներ։ Կառավարման ավտոմատացված համակարգեր են ստեղծվում ժողովրդական տնտեսության զանազան ճյուղերում, այդ թվում և նավթարդյունաբերության մեջ։ Կիբեռնետիկայի ինստիտուտից բացի Ադրբեջանում կան կիբեռնետիկական թեքման ճյուղային գիտահետազոտական նախագծային ինստիտուտներ, ինչպես նաև մի շարք ինֆորմացիոն-հաշվողական կենտրոններ։

Ադրբեջանի ֆիզիկոսների հետազոտությունները վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկային (ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Հ. Մ. Աբդուլաև, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Խ. Ի. Ամիրխանով), միջուկի և տարրական մասնիկների տեսությանը (Ա. Ի. Մուխտարով, Ն. Ա. Կուլին), պինդ մարմնի ֆիզիկային (Յու. Մ. Սեիդով), ռադիոֆիզիկային (Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Լ. Մ. Իմանով) և մոլեկուլային ֆիզիկային (ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ա. Ա. Աբասզադե)։ Հիմնական հետազոտությունները կատարվում են Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր ֆիզիկայի ինստիտուտում։ Ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքները հանգեցին սելենի և տելուրի մի շարք երկակի ու եռակի միացություների հայտնադործմանը։ Ինքնալեգիրվող դեֆեկտավոր կիսահաղորդիչների հիման վրա հայտնաբերվել են Էլեկտրական հիշողությամբ օժտված սկզբունքորեն կառավարող նոր դիոդներ։ Զգալի հաջողություններ են ձեռք բերվել Էլեկտրոնաանցքային անցումների հետազոտությունների ասպարեզում։

Շամախիի աստղադիտարան

Շամախու աստղադիտարանում (տնօրեն՝ Գ. Ֆ. Սուլթանով) հետազոտություններ են կատարվում Արեգակի, աստղային միգամածությունների ֆիզիկայի բնագավառում, ինչպես նաև ուսումնասիրվում են արեգակնային համակարգության մոլորակները։ Աշխարհագրագետ ները հրատարակել են «Ադրբեջանական ԽՍՀ ատլաս»-ը (1963)։ Կ. Գյուլը հետազոտել է Կասպից ծովի հիդրոլոգիայի, հիդրոօդերևութաբանական ռեժիմի, ջրային հաշվեկշռի, հոսանքի ռեժիմի հարցերը։ Բուսաբանների երկարատև աշխատանքի արդյունքն է 8 հատորյա «Ադրբեջանի ֆլորան» (1950-61) աշխատությունը։ Վ. Ի. Ուլյանիշչևի քառահատոր «Ադրբեջանի միկոֆլորան» (1952-67) աշխատությունը արժանացել է լենինյան մրցանակի։ Հողագետների նվաճումները հանրագումարի են բերված «Ադրբեջանական ԽՍՀ հողերը» (1953) գրքում և հանրապետության հողային քարտեզում։ Սելեկցիոներներ Ն. Ալեքպերովը և Ի. Վելիզադեն ստացել են բամբակի, Ի. Մուստաֆաևը՝ ցորենի և գարու, Մ. Մուսաևը՝ բանջարանոցային կուլտուրաների նոր սորտեր։

Բժշկության բնագավառում աշխատանքներ են կատարվում ծայրանդամային ախտաբանության ուսումնասիրման (Մ. Մ. Նազիրով), հանրապետության հանքաջրաբուժական պաշարների հետազոտման և կիրառման վիրաբուժության և ցավազրկման (Մ. Ա. Թոփչիբաշև, Զ. Մ. Մամեդով, Գ. Կ. Ալիև), թերապիայի (Դ.Մ. Աբդուլաև, Մ. է. էֆենդին), ակնաբուժության (Ու. Ս. Մուսաբեկովա, Ս. Ի. Վելիխան), ախտաբանական անատոմիայի (Դ. Բ. Հուսեյնով), ուրոլոգիայի (Մ. Բ. Աբին, Մ. Դ. Զավադզադե) ուղղությամբ։

Հասարակական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ իշխանության տարիներին մեծ աշխատանք է տարվել հասարակական գիտությունների բնագավառում։ Ադրբեջաներեն հրատարակվել են Կառլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի աշխատությունները, Վլադիմիր Լենինի երկերը, ԽՄԿԿ ականավոր գործիչների աշխատությունները։ Մարքս-Լենինյան Փիլիսոփայության պրոպագանդման հետ մեկտեղ մշակվել է ադրբեջաներեն փիլիսոփայական տերմինաբանություն։ Ադրբեջանական փիլիսոփայության պատմությանն են նվիրված Ա. Օ. Մակովելսկու, Գ. Հուսեյնովի, Ա. Զակուևի, Ջ. Մուստաֆաևի, Ա. Սեիդզադեի, Ֆ. Կասըմզադեի աշխատությունները։ Ադրբեջանի պատմությանը, հեղափոխական շարժումներին, կոմկուսի գործունեությանը նվիրված աշխատություններ են ստեղծվել ԳԱ պատմության, ազգագրության ու հնագիտության ինստիտուտի, Ադրբեջանական կոմկուսի ԿԿ-ին առընթեր կուսակցության պատմության ինստիտուտի, ադրբեջանական պետ. համալսարանի պատմության ֆակուլտետի գիտաշխատողների ուժերով՝ Լենինգրադի, Մոսկվայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի գիտնականների ստեղծագործական համագործակցությամբ։ Ադրբեջանի պատմաբանները մասնակցել են «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր»-ի և «ԽՍՀՄ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (ռուս.) 12 հատորով և այլ աշխատությունների ստեղծմանը։

ազգությամբ պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան

Տնտեսագիտական և իրավագիտական հետազոտաթյուններր նախապես հիմնականում կենտրոնացված էին բուհերում։ 1935 թվականին ԱզՖԱՆ-ի կազմում ստեղծվեց տնտեսագիտության սեկտոր (1958 թվականից՝ Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ)։ 1962 թվականին հիմնադրվեց տնտեսության և գյուղատնտեսության կազմակերպման ադրբեջանական գիտահետազոտական ինստիտուտը, իսկ 1965 թվականին՝ Ադրբեջանական ԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության գիտահետազոտական, 1966 թվականին՝ Դ. Բունիաթզադեի անվան ժողովրդական տնտեսության ադրբեջանական ինստիտուտները։ Նույն թվին Բաքվում ստեղծվեց ժողովրդական սպառման առարկաների, բնակչության պահանջի և կոնյուկտուրային առևտրի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ադրբեջանական մասնաճյուղը։ Այդ գիտական հիմնարկներում մշակվում են ժող. տնտեսության առանձին ճյուղերի համամասնության, արտադրողական ուժերի տեղաբաշխման, կապիտալ ներդրումների արդյունավետության, պլանավորման, նյութական խթանման և տեսական ու գործնական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Իրավագիտության պրոբլեմներով զբաղվում են Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում (ստեղծվել է 1968 թվականին) և պետական համալսարանում։

Ադրբեջանում ստեղծվել է գիտական հիմնարկությունների լայն ցանց։ 1940 թվականին կար 70, իսկ 1968 թվականին՝ 131 գիտական հիմնարկություն և բուհ։ 140 գիտահետազոտական հիմնարկներում ու բուհերում և այլ հիմնարկներում ու կազմակերպություններում աշխատում էր 17082 գիտաշխատող, այդ թվում ավելի քան 652 դոկտոր և 5346 գիտ. թեկնածու (1970)։ Ադրբեջանի գիտական կենտրոնը Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ-ն է, որը 1971 թվականին իր կազմում ուներ 21 գիտահետազոտական ինստիտուտ և մի շարք այլ գիտական հիմնսւրկություններ։ ԳԱ հրատարակում է «Տեղեկագիր» և «Զեկույցներ» (1936 թվականից և 1945 թվականից, ադրբեջաներեն և ռուսերեն), «Ազերբայջանսկի խիմիչեսկի ժուռնալ» (1959 թվականից, ռուսերեն)։

Մամուլ, ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական պարբերական մամուլի տպագրությունն սկսվել է 1830-ական թվականներից։ 1832 թվականին Թիֆլիսում սկսեց լույս տեսնել ադրբեջաներեն «Թիֆլիս էխբարը» («Թիֆլիսի տեղեկագիր»), 1845 թվականին՝ «Կաֆկազըն բութարաֆինըն խաբարլարի» («Անդրկովկասյան լրաբեր») թերթերը։ Ադրբեջանական լուսավորական Հ. Զարդաբիի հրատարակած «Էկինչի» («Մաճկալ») թերթը (1875-1877) հիմք դրեց Ադրբեջանի դեմոկրատական մամուլի տպագրությանը։ «էկինչի»-ից հետո 19-րդ դարի Ադրբեջանի համեմատաբար պրոգրեսիվ թերթը «Կեշկյուլ»-ն էր (1883-1891)։

Ադրբեջանի հասարակական մտքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ «Շարգի-Ռուս»-ի («Ռուսական Արևելք», 1903-05) ադրբեջաներեն հրատարակությունը Թիֆլիսում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լույս տեսան «Կասպի» (1881 -1919), «Բաքու» (1902-18), «Հայաթ» («Կյանք», 1905-06), «Իրշադ» («Ուղեցույց», 1905-1908) թերթերը և «Ֆույուզաթ» («Բարիք», 1906-07) ևն ամսագրեր։ 1906 թվականին դեմոկրատ-գրող Ջ. Սամեդկուլիզադեն ստեղծեց «Սոլլա Նասրեդդին» դեմոկրատական ուղղության ադրբեջանական առաջին երգիծական ամսագիրը (1906-31), որը լայն տարածում գտավ Արևելքում։ Բաքվում բանվորական շարժման զարգացման շնորհիվ ստեղծվեց հեղափոխական մամուլ։ Այստեղ 1901-02 թվականներին լույս էր տեսնում «Բրձոլսւ» («Պայքար») վրացական թերթը, 1901 -1906-ին գործում էր կուսակցական անլեգալ «Նինա» տպարանը, որն արտատպում էր «Իսկրա» թերթը և այլ մարքսիստական գրականություն։

«Հումմեթ» խումբը հրատարակում էր «Հումմեթ» («Եռանդ») անլեգալ թերթը (1904-05) և թռուցիկներ։ 1905-06-ին լույս տեսան «Իզվեստիա Սովետա ռաբոչիխ դեպուտատով» և «Կոչ-Դեվեթ» (հայերեն և ադրբեջաներեն) բոլշևիկյան թերթերը, այնուհետև «Բսւկինսկի ռսւբոչի», «Բանվորի ձայն» (հայերեն), 1906-07 թվականներին «Թեկամյուլ» («էվույուցիա», ադրբեջաներեն), 1907 թվականին «Յոլդաշ» («Ընկեր», ադրբեջաներեն), «Գուդոկ» և այլ թերթեր։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ադրբեջանում լայն թափ ստացավ տպագրական գործը։

1924 թվականին ստեղծվեց Ադրբեջանի պետական հրատարակչությունը։ «Ազերնեշր» («Ադրպետհրատ»), «Մաարիֆ» («Լույս»), «Գյանջլիք» («Երիտասարդություն») են հրատարակչությունները 1970 թվականին լույս են ընծայել 1300 անուն գիրք՝ 11 590 000 տպաքանակով։ 1970 թվականին հանրապետությունում լույս է տեսել 122 թերթ (1965 թվականին՝ 82)՝ 391 599 000 տարեկան տպաքանակով և 128 հանդես ու ամսագիր (1965 թվականին՝ 122)՝ 25 045 000 տարեկան տպաքանակով։ Ադրբեջանում մայրենի լեզվով հրատարակվում է «Կոմունիստ», «Սովեթ քենդի» («Խորհրդային գյուղ»), «Ազերբայջան գյանջլարի» («Ադրբեջանի երիտասարդություն», 1919 թվականից), «Ազերբայջան պիոների» («Ադրբեջանի պիոներ», 1938 թվականից), «Ադաբիյաթ վա ինջեսենեթ» («Գրականություն և արվեստ») և այլ թերթեր ու ամսագրեր, ռուսերեն՝ «Բսւկինսկի ռաբոչի» («Բաքվի բանվոր»), «Վիշկա» («Աշտարակ»), «Մոլոդյոժ Ազերբայջանա» («Ադրբեջանի երիտասարդություն, 1919 թվականից) են, հայերեն՝ «Կոմունիստ», 1920 թվականից, թերթերը։ 1920 թվականին հիմնվել է Ադրբեջանի հեռագրական գործակալությունը (1972 թվականից՝ Ազինֆորմ)։

1926 թվականից սկսվեցին Բաքվի ռադիոհաղորդումները։ Հեռուստատեսային կայանն աշխատում է 1956 թվականից։ Հանրապետական ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումներ են տալիս ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն։ 1970 թվականին Ադրբեջանում կար 450 000 հեռուստացույց և 700 000 ռադիոընդունիչ։

Մշակույթ և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի գրականությունը սկզբնավորվել է ժողովրդական բանահյուսությամբ։ Նրա ամենահին հուշարձանը «Քիթաբի Դեդե Կորկուդ» էպոսն է, ուր պատկերված է Միջին Ասիայից օղուզա-թուրքմենական ցեղերի ներթափանցումը Կովկաս (11-12-րդ դարեր)։ 12-րդ դարից սկսած զարգացել է պարսկալեզու գրականությունը, որի խոշոր ներկայացուցիչներից է բանաստեղծ-հումանիստ, մեծ քնարերգակ ազգությամբ պարսիկ Նիզամի Գյանջևին։

Սայաթ-Նովա. ուշմիջնադարյան հայ աշուղ-բանաստեղծը ստեղծագործել է թուրքերեն, վրացերեն ու հայերեն, ամենից շատ՝ թուրքերեն, քանի որ աշուղական արվեստը տարածված էր Կովկասի ու Իրանի իսլամադավանների շրջանում

Մայրենի լեզվով գրավոր գրականության զարգացումը տեղի է ունեցել Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և պետական ինքնուրույնության բացակայության, արաբական, պարսկական մշակույթի և կրոնի ազդեցության պայմաններում։ Այդ գրականության սկզբնավորումը կապվում է ազգությամբ թուրք, խորասանցի Հասան օղլի Իզզեդդինի (պարսկերեն հնչմամբ՝ Փուր-Հասան, 13-14-րդ դարեր) անվան հետ։ Գրականության մեջ մեծ ներդրում են կատարել ազգությամբ թուրքմեն Իմադեդդին Նասիմին և ազգությամբ թուրք Ֆիզուլին։ 17-18-րդ դարերում զարգացել է ժողովրդական բանահյուսությունը, հատկապես աշուղական պոեզիան (աշուղ Աբաս, Թուֆերգանլի, խաստա Գասիմ)։ Ստեղծվել են «Քյոռ-օղլի» էպոսը, «Ասլի և Քյարամ», «Աշուղ Ղարիբ» և այլ վիպերգություններ, որոնք ունեն նաև հայկական պատումներ։ Ադրբեջաներեն աշուղական երգեր է հորինել հայ բանաստեղծ Սայաթ-Նովան։ 18-րդ դարի վերջին Վիդադիի (1700-1809) և Վագիֆի (1717-97) ստեղծագործություններում ուժեղացել են ռեալիզմի տարրերը։

19-րդ դարի սկզբին, Անդրկովկասի՝ Ռուսաստանին միացնելուց հետո, գրականության մեջ սկսվել է լուսավորա-դեմոկրատական շարժումը, որի խոշոր ներկայացուցիչներն են Բաքիխանովը (մականվանյալ՝ Քուդսի), Մ. Շ. Վազեհը և Մ. Թոփչիբաշևը։ Ադրբեջանական գրականության մեջ մեծ ներդրում է կատարել ազգային դրամայի և արձակի հիմնադիր Մ. Ֆ. Ախանդովը, որի հետևորդներն էին գրողներ Ս. Ա. Շիրվանին (1825-88), Հ. Զարդաբին (1837-1907), Հ. Վեզիրովը, Ն. Նարիմանովը։ Գրականությունը վերելք է ապրել 20-րդ դարի սկզբին։ Դասական պոեզիայի հողի վրա աճել են երգիծաբաններ Ա. Սաբիրը, «Մոլլա Նասրեդդին» հանդեսի հիմնադիր Ջ. Մամեդկուլիզադեն։ Այդ շրջանի ադրբեջանական գրականության նշանավոր դեմքերից են Ա. Հախվերդիևը (1870-1933), Ա. Սիխխաթը (1874-1918), Հ. Ջավիդը (1884 - 1944) և Մ. Խադին (1879-1920)։

Խորհրդային իշխանության հաղթանակից հետո գրականութւան զարգացումն ընթացել է նոր ժանրերի և թեմատիկայի յուրացման, գաղափարական բովանդակության հարստացման, ստեղծագործական մեթոդների կատարելագործման, սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաստատման հունով։ Հաջողության է հասել արձակը, որի ստեղծմանը մասնակցել են նշանավոր ադրբեջանցի գրողներ Մ. Ս. Օրդուբադին, Ա. Աբուլհասանը, Մ. Հուսեյնը, Մ. Իբրահիմովը։ Զարգացել է պոեզիան, որի տաղանդավոր ներկայացուցիչներն են Ս. Վուրղունը, Ս. Ռուստամը, Ռ. Ռզան, Ն. Բաբանը, Ն. Ռաֆիբայլին, Բ. Վահաբզադեն, Հ. Հուսեյնզադեն, Զ. Ջաբարզադեն, Ի. Սաֆարլին և ուրիշներ։ Գրականության նվաճումներից է թատերագրությունը։ Հայտնի են Ս. Ս. Ախունդովի «Բազեի բույնը», Ջ. Ջաբարլիի «Հրո հարսնացուն», «1905 թվականին», «Ալմաս», «Սեիլ», Ս. Վուրղունի՝ «Վագիֆ», «Ֆահրադ և Շիրին», «Խանլար» և այլ պիեսներ։ Մանկական գրականությունը հիմնադրել և զարգացրել են Ա. Շաիգը, Մ. Սաիդզադեն, Մ. Դիլբազին։ Գրականագիտությունը և քննադատությունը սկզբնավորել է Մ. Ֆ. Ախունդովը։ Ակնառու գրաքննադատներից են եղել Ֆ. Քոչարլին (Քոչարլինսկի), Մ. Իբրահիմովը, Մ. Ռաֆիլին, Հ. Արասլին, Ջ. Հաջիևը, Մ. Արիֆը, Մ. Թահմասիբը և ուրիշներ։ Ադրբեջանի գրականության մեջ մարքսիստական գրաքննադատությունն սկզբնավորել են Ա. Նագիմը, Մ. Կուլինը։

թուրք բանաստեղծ Ֆիզուլին, ով ստեղծագործել է թուրքերեն, արաբերեն և պարսկերեն

Հայ-ադրբեջանական գրական կապերը դարերի պատմություն ունեն։ Սկզբնավորվելով ժողովրդական բանահյուսության մեջ՝ այդ կապերը հետագայում խորացան գրավոր գրականության բնագավառում։ Արևելյան այնպիսի սիրավեպեր, ինչպիսիք են՝ «Ասլի և Քյարամ»-ը, «Խոսրով և Շիրին»-ը, «Լեյլի և Մեջնուն»-ը և այլն, որոնք հին առասպելների շատ տարրեր են պարունակում, հավասարապես հարազատ են և տարածված երկու ժողովուրդների մոտ։ «Քյոռօղլի» ադրբեջանական էպոսը հատվածաբար երգել են նաև հայերը։

Հայկական մի քանի տարբերակ ունեցող այդ էպոսը գրի է առնվել և մշակվել նաև հայ գրողների կողմից (Ղ. Աղայան և ուրիշներ)։ Հայ մեծ բանաստեղծ Սայաթ-Նովան դարձավ կովկասյան ժողովուրդների բարեկամության երգիչը։ Պահպանվել են նրա ադրբեջաներեն գրած ավելի քան 120 խաղերը։ Հայ-ադրբեջանական գրական կապերն աշխուժացան անցյալ դարի կեսերի Թիֆլիսում, որն արտահայտվեց Խ. Աբովյանի և Մ. Ֆ. Ախունդովի, Խ. Աբովյանի և Մ. Շաֆիի բարեկամությամբ։ Գրական աշխույժ կապեր կային նաև Բաքվում, Շուշիում, Գանձակում և Շամախիում։ Հայ-ադրբեջանական գրական կապերն ուժեղացան հատկապես Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Հարևան ժողովուրդների մոտ ավանդույթ դարձան գրողների փոխայցելությունները, միմյանցից կատարվող թարգմանությունները։

Խորհրդային տարիներին եղբայրական համարվող երկու ժողովուրդների համար մշակութային մեծ իրադարձություն եղան Մ. Մաշտոցի ծննդյան 1600 և Նիզամիի ծննդյան 800, Ֆիզուլիի ծննդյան 500 և Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակները, Աբովյանի և Ախունդովի, Թումանյանի և Սաբիրի հոբելյանները։ Նման միջոցառումների ժամանակ թարգմանաբար լույս տեսան հոբելյանական ժողովածուներ։ Խորհրդային իշխանության տարիներին հայկական և ադրբեջանական գրական ալմանախներ են լույս տշյել Բաքվում և Երևանում։ Երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլված է հայ և ադրբեջանցի գրողների այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ Ակսել Բակունցի «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքը, Ջ. Ջաբարլիի «1905 թվականին» պիեսը, Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքները, Եղիշե Չարենցի ու Ա. Վուրղունի, Մ. Մուշֆիգի ու Հ. Սահյանի, Ս. Ռուստամի ու Ա. Գրաշու բանաստեղծությունները։ Հայ և ադրբեջանցի գրականագետները երկու ժողովուրդների գրական կապերի պատմության առանձին շրջանների վերաբերյալ ստեղծել են ուշագրավ աշխատություններ։

Ճարտարապետությունը և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույսի աշտարակ

Ադրբեջանի տարածքում հնագույն շինությունները հիմնականում գտնվում են Փոքր Կովկասի նախալեռներում։ 6-7-րդ դարերի հուշարձաններից են Կումի բազիլիկը, Կաբալա (հայերեն Կապաղակ) քաղաքի պաշտպանական շինությունների մի մասը, Լեկիտի քառաբսիդ եկեղեցին, Մինգեչաուրի տաճարային կոմպլեքսը և այլն։ Ադրբեջանում ճարտարապետության վերելքը դիտվում է 11-13-րդ դարերում։ Վերաշինվել են Գյանջան (Գանձակ), Շամախին և այլ քաղաքներ։ Կառուցվել են ամրոցներ՝ Մարդաքյան գյուղի մոտ (13-րդ դար), Կըզ-Կալասին՝ Բաքվում (12-րդ դար)։ Միաժամանակ ճարտարապետությունը ձեռք է բերում որոշ հանդիսավորություն, հատկապես հարդարանքում (հախճասալերի լայն կիրառում)։ 17-18-րդ դարերում կառուցվում են Արդեբիլի պաշտամունքային շինությունները, Գյանջայի, Նարդարանի մզկիթները, բաղնիքներ, քարավանատներ։ 15-րդ դարում կառուցվում է Շիրվանշահերի պալատը Բաքվում, 18-19-րդ դարերում բազմազան է դառնում ժողովրդական տների ճարտարապետությունը։

Խսրհրդային շրջանում Ադրբեջանում բուռն զարգացում է ապրում շինարարությունը։ Ճարտարապետության մեջ շինարարական տեխնիկայի նորագույն նվաճումներին զուգահեռ կիրառվում են հին ավանդույթները։ Ադրբեջանի խորհրդային ճարտարապետության առաջացման, ձևավորման և հետագա զարգացման գործում մեծ ավանդ ունեն ճարտարապետներ Վեսնին եղբայրները, Ա. Իվանիցկին, Ա. Շչուսևը, Լ. Իլյինը, Գ. Տեր-Միքելովը, Վ. Աարկիսովը, է. Քասիմզադեն և ուրիշներ։ Ադրբեջանի ճարտարապետության բնորոշ գծերն արտահայտվում են Ա. Դադաշևի և Մ. Հուսեյնովի գործերում (Ադրբեջանի կոմկուսի ԿԿ-ի, Նիզամիի անվան թանգարանի, կոնսերվատորիայի շենքերը Բաքվում, Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ադրբեջանական տաղավարը Մոսկվայում և այլն)։ Վերափոխվում են քաղաքները, այդ թվում Բաքուն։ Ադրբեջանում նախագծվել և կառուցվել են նոր քաղաքներ՝ Սումգայիթը, Դաշքեսանը, Մինգեչաուրը և այլն։ Ադրբեջանում դիմանկարչության, բնանկարչության, որպես ինքնուրույն ժանրերի զարգացումը, ինչպես և բեմանկարչության առաջին փորձերը կապված են մասնագիտական կրթություն ստացած առաջին նկարչի՝ Բ. Կենգերլիի, իսկ երգիծական գրաֆիկան՝ Ա. Ազիմզադեի ստեղծագործության հետ։ Քանդակագործության զարգացմանը խթանել է լենինյան «Մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրի իրականացումը։

Շիրվանշահերի ապարանքներ

Ադրբեջանում կերպարվեստի զարգացմանը մեծապես օժանդակել է 1920 թվականին Բաքվում բացված Գեղարվեստական դպրոցը։ 1930-40-ական թվականների լավագույն գործերից են Թ. Թաղիևի՝ «Վ. Ի. Լենինը Կրեմլում», Գ. Իոսլիկովի՝ Նիգամիի դիմանկարը, Հ. Ախվերդիևի՝ նկարիչ Ազիմզադեի դիմանկարը, Պ. Վ. Սաբսայի՝ Սերգեյ Կիրովի մոնումենտալ հուշարձանը (1939, Բաքու)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ադրբեջանի արվեստագետները ստեղծել են բազմաթիվ հակաֆաշիստական ծաղրանկարներ, պլակատներ, պատերազմի Ա խաղաղության թեմայով նկարներ։ Ետպատերազմյան տարիներին աչքի ընկնող գործերից են՝ Ա. Սալամզադեի, է. Ռզակուլիևի և Վ. Տոկարևի «Առաջին կոլեկտիվ պայմանագրի ստորագրումը 1904 թ.», Ն. Աբդուռահմանովի «26 կոմիսարների ձերբակալումը», Մ. Աբդուլաևի «Երջանկություն կառուցողները»։ Հոգեբանական բնորոշման տարբեր միջոցների օգտագործմանը դիմանկարի ժանրում հաջողությունների են հասել Թ. Սալահովը («Կոմպոզիտոր Կարա Կարաև»), է. Մահմեդովը («Կոլտնտեսական Մ. էյվազով»), Ս. Շարիֆզադեն («Մ. Ֆիզուլի»)։

Բնանկարչության ասպարեզում առանձնանում են Մ. Աբդուլաեի («Մինգեչաուրի կրակները», «Հնգամյակի ճանապարհներին»), Ս. Բախւուլզադեի («Գուդիալչաի հովիտը», «ճանապարհ դեպի Կըզ-Բենեֆշա») գործերը։ Ադրբեջանի քանդակագործության նվաճումներից են Ֆ. Աբդուռահմանովի՝ Նիզամիի հուշարձանները Կիրովաբադում և Բաքվում, Ջ. Ղարյագդիի՝ Վլադիմիր Լենինի և Միրզա Սաբիրի հուշարձանները Բաքվում, Թ. Մամեդովի ե Օ. էլդարովի՝ Վլադիմիր Լենինի հուշարձանը Սումգայիթում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ժողովրդական երաժշտությունն ունի լադային բարդ համակարգ (7 հիմնական լադեր, օժանդակ լադեր), զարգացած մեղեդիկ կառուցվածք, աչքի է ընկնում ճոխ օռնամենտիկայով, ինքնատիպ ռիթմական բազմազանությամբ։ ժող. գործիքներից են՝ թառը, սազը, քամանչան, յաստի-բալամանը (դուդուկի կառուցվածքով), զուռնան, նաղարան, նայը, դափը։ Տարածված են՝ ղազախի, իննաբի, միրզաի, թարաքյամա, ուզունդարա են ժող. պարերը։ Ինչպես հարևան արևելյան երկրներին, այնպես էլ Ադրբեջանին բնորոշ է աշուղական արվեստը։ Աշուղներն ստեղծել են ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության ժանրեր՝ դաստանը (նաև Բայաթի), մուղամը և այլն։

Ուզեյր Հաջիբեկով. նրա անունն է կրում Բաքվի կոնսերվատորիան

Առաջին ազգային օպերան՝ «Լեյլի և Մեջնուն»-ը (բեմադրվել է 1908) ստեղծել է Ուզեյր Հաջիբեկովը։ Երաժշտական թատրոնի զարգացմանը նպաստել են երգիչ Հ. Սարաբսկին, դերասան Մ. Ալիևը, ռեժիսոր Հ. Արաբլինսկին, կոմպոզիտորներ Զ. Հաջիբեկովը, Մուսլիմ Մագոմաևը։ Երաժշտությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության տարիներին։ Երաժշտական մշակույթի վերելքին մեծապես նպաստել է Ու. Հաջիբեկովի բազմակողմանի գործունեությունը, որը դրել է պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի և երաժշտագիտության հիմքերը։ Մեծ դեր են կատարեք երգարվեստի վարպետներ Բյուլ-Բյուլը (Մսւմեդով) և Շ. Մամեդովան։ Ադրբեջանի երաժշտական կյանքում ուղենշային են եղել՝ Ու. Հաջիբեկովի «Քյոռ-օղլի», Մ. Մագոմաևի «Նարգիզ», Ռ. Դլիերի «Շսւհսենեմ» օպերաները, Ա. Բադալբեյլիի «Կույսի աշտարակը» (բեմ. 1940) բալետը։ Բալետի և սիմֆոնիզմի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Կ. Կարանը։ Մուղամները սիմֆոնիկ մշակման են ենթարկել Ֆ. Ամիրովը, Նիյազին։ Սիմֆոնիկ գործեր է գրում նաև Ջ. Հաջիևը, բալետային երաժշտ. Ա. Մելիքովը, օպերետներ՝ Ռ. Հսւջիեը, երգեր՝ Ս. Ռուստամովը, Թ. Կուլիևը և ուրիշներ։ Օպերային հայտնի արտիստներ են՝ երգչուհիներ Ֆ. Մուխտարովան, Ս. Մուստաֆաևան, երգիչներ Հ. Հաջիբաբաբեկովը, Ռ. Բեյբութովը, Լ. Իմանովը, Մ. Մագոմաևը։ Ականավոր դիրիժորներ են՝ Նիյազին, Ա. Բսւդսւլբեյլին, երաժշտագետներ՝ է. Աբասովան, Դ. Դանիլովը, ջութակահար՝ Ա. Ալիևը։

Բաքվում գործում են Մ. Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնը (1924 թվականից), Երաժշտական կոմեդիայի թատրոնը (1938 թվականից), Մուսլիմ Մագոմաևի անվան ֆիլհարմոնիան։ Հանրապետության քաղաքներում և շրջկենտրոններում ստեղծված է երաժշտական դպրոցների և ուսումնարանների լայն ցանց։ Երաժշտական կյանքում կարևոր դեր են կատարում Բաքվի՝ Ուզեյր Հաջիբեկովի անվան կոնսերվատորիան (1921 թվականից) և միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, Ադրբեջանի կոմպոզիտորների միությունը։

Դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ժողովրդի թատերական մշակույթը իր ակունքներով կապված է ժողովրդական ստեղծագործության, պաշտամունքային ծեսերի, օրացուցային տոնախմբությունների («Նովրուզ»՝ գարնան տոն, «Կնսեջ»՝ ձմեռնամուտ), հարսանեկան արարողությունների («Նշան»), խաղերի («Քեպենեկ»՝ թիթեռնիկ) հետ։ Հրապարակային ներկայացումների բնույթ են կրել լարախաղացների (քյանդրբազների), դերվիշների ելույթները, աշուղների արվեստը։

Միրզա Ֆաթալի Ախունդով՝ գրականագետ և փիլիսոփա

Ադրբեջանի պրոֆեսիոնալ թատրոնը սկսել է կազմավորվել 19-րդ դարի կեսից։ 1873 թվականին Բաքվում առաջին անգամ ադրբեջաներեն բեմադրվեցին Միրզա Ֆաթալի Ախունդովի «Լենքորանի խանության վեզիրը» և «Հաջի Կարա» կատակերգությունները։ 19-րդ դարի վերջին ադրբեջաներեն ներկայացումներ են տրվել Շուշիում, Գյանջայում, Նուխիում։ 1897 թվականին Հ. Մելիքովը կազմակերպեց առաջին պրոֆեսիոնալ կոլեկտիվը։ 1908 թվականին Բաքվում բեմադրվեց ադրբեջանական ազգային առաջին օպերան՝ Ուզեյր Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնուն»-ը, որով և սկզբնավորվեց ադրբեջանական պրոֆեսիոնալ երաժշտական թատրոնը։

Թատերական արվեստի ծաղկումն իրականացավ խորհրդային իշխանության պայմաններում։ 1920 թվականին ստեղծվեց Միացյալ պետ. թատրոն, որը միավորում էր ադրբեջանական, ռուսական և հայկական դրամատիկական և օպերային խմբերը։ 1922 թվականին ադրբեջանական խումբը վերակազմվեց Ակադեմիական դրամատիկական թատրոնի, օպերային խումբը (1924-ին)՝ օպերայի և բալետի թատրոնի։ Բացվեցին բազմաթիվ թատրոններ։ Դասական դրամատուրգիային զուգընթաց բեմադրվեցին խորհրդային դրամատուրգների, հատկապես՝ Զ. Ջաբարլիի, Ս. Վուրղունի, Հ. Ջավիդի պիեսները։ Ջ. Ջաբարլիի հեղափոխական պաթոսով տոգորված «Հրո հարսնացուն», «Սևիլ», «Ալմաս», «1905 թվականին», «Յաշար» պիեսների ներկայացումները թատրոնի ստեղծագործական կյանքի կարևորագույն փուլը դարձան։ Նշանավոր բեմադրություններից են՝ Ս. Վուրղունի «Վագիֆ»-ը, Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»-ն, «Համլետ»-ը, Է. Մամեդխանլիի «Արևելքի առավոտը», Ի. էֆենդիեի «Միշտ ինձ հետ ես», Ալեքսանդր Շիրվանգադեի «Նամուն»-ը, Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»-ը են։ Հանրապետությունում գործում են Ադրբեջանի Մ. Ֆ. Ախունդովի անվան օպերայի բալետի թատրոնը, Մ. Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկ թատրոնը, Ս. Վուրղունի անվան ռուսական դրամատիկ թատրոնը, Երաժշտական կոմեդիայի թատրոնը, Գորկու անվան պատանի հանդիսատեսի թատրոնը (Բաքու), Կիրովաբադի, Ստեփանակերտի (հայկական), Նախիջևանի, Սումգայիթի, Աղդամի, Մինգեչաուրի թատրոնները։

Հայ և ադրբեջանական թատերական կապերի սկիզբը դրել են Խաչատուր Աբովյանն ու Միրզա Ախունդովը, ամրապնդել՝ Հ. Արաբլինսկին, Վ. Փափազյանը, Մ. Ալիևը, Հ. Աբելյանը, Ա. Հախվերդովը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Մ. Ախունդովի, Գ. Սունդուկյանի, Ա. Շիրվանզադեի, Ջ. Ջաբարլիի դրամատուրգիան երկու ժոդովուրդների թատերական խաղացանկի անբաժան մասն է եղել։ Հայ դերասաններ Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Գ. Ավետյանը, Ս. և Ա. Սաֆրազյան ամուսինները հաճախ հանդես են եկել ադրբեջանական բեմում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական կինեմատոգրաֆիայի առաջին քայլերից են «Նավթի և միլիոնների թագավորությունում» (1916), «Արշին մալ ալան» (1917) ֆիլմերը։ 1923 թվականին Բաքվում ստեղծվեց ֆոտոկինովարչություն (1960 թվականից՝ Ջ. Ջաբարլիի անվան «Ադրբեջան ֆիլմ» կինոստուդիա), որը 1924 թվականին թողարկեց «Լեգենդ Կույսի աշտարակի մասին» առաջին գեղարվեստական ֆիլմը։ 1925 թվականին ազգային կինոաշխատողներ պատրաստելու համար կազմակերպվեց ստուդիա։

Բաքվի առաջին կինոթատրոններից մեկը

Նկարահանվել են՝ «Հանուն աստծո», «Հաջի Կարա» (1925 և 1929, ռեժիսոր՝ Շարիֆզադե), «Սևիլ» (1929, ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան), «Տունը հրաբխի վրա» (1929, «Հայկինոյի» հետ համատեղ, ռեժիսոր՝ Բեկ-Նազարյան), «26 կոմիսարներ» (1933, ռեժիսոր՝ Շենգելայա), «Բաքվեցիներ» (1938, ադրբեջանական, առաջին հնչուն ֆիլմն Է, ռեժիսոր՝ Վ. Տուրին), «Արշին մալ ալան» (1945, ռեժիսորներ՝ Ռ. Թահմասիբ և Ն. Լեշչենկո), «Հեռավոր ափերում» (1958, ռեժիսոր՝ Թ. Թաղիզադե), «Հեռախոսավարուհին» (1962, ռեժիսոր՝ Հ. Սեիդբեյլի), «Բաքվի 26 կոմիսարները» (1966, ռեժիսոր Ա. Իբրահիմով), «Իմ յոթ որդիները» (1970, ռեժիսոր՝ Թ. Թաղիզադե), «Օրն անցավ» (1971, ռեժիսոր՝ Ա. Բաբան) և այլ կինոնկարներ։

Վավերագրական-փաստագրական կինոյի ակնառու հաջողություններից են՝ «խորհրդային Ադրբեջան» (1950, ռեժիսոր Ռ. Դադաշով, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ, 1951), «Ասք կասպիական նավթագործների մասին» (1953, ռեժիսոր՝ Ռ. Կարմեն, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ, 1954), «Ծովը նվաճողները» (1959, ռեժիսոր՝ Ռ. Կարմեն, օպերատորներ՝ Դ. Մամեդով Ա Ա. Մեդինսկի, լենինյան մրցանակ, 1960) և այլ ֆիլմեր։ 1965 թվականին ստեղծվել է Ադրբեջանական ԽՍՀ կինոաշխատողների միությունը։ Հանրապետությունում գործում է 2040 կինոսարքավորում (առ 1 հունվ. 1972)։

Հայերը Ադրբեջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն Ադրբեջանի ներկայիս տարածքում բնակվում են հին ժամանակներից։ Բացի Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից ոչ մեծ զանգվածներով հայեր ապրում էին նաև Կուր գետից հյուսիս և Կասպից ծովի հարավարևմտյան ափերին։ Նրանք զբաղվել են գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Անդրկովկասը Ռուսաստանին միանալուց հետո երկրամասի հայաբնակ վայրերում նկատելիորեն աշխուժացավ նաև մշակութային կյանքը։ Հայկական դպրոցներ են գործել Գանձակում, Շուշիում, Շամախիում, Շամխորում, Նուխիում, Ղուբայում, բազմաթիվ գյուղերում։

Արդյունաբերական Բաքվի վերեյքի հետ աճել է նաև հայության թիվը, և քաղաքը դարձել է Անդրկովկասի հայերի հասարակականքաղաքական ու մշակութային կենտրոններից մեկը։ 1864 թվականին հիմնված՝ Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը զգալի ներդրում է կատարել գավառներում հայկական դպրոցներ բացելու գործում։ Այն Բաքվում ստեղծել է գրադարան, տպարան, նյութական օգնություն ցույց տվել Արևմտյան Հայաստանից գաղթածներին։ Բաքվի հայկական թատրոնը զգալի դեր է խաղացել ազգային թատերական արվեստի զարգացման գործում։

Հայերը գործուն մասնակցություն են ունեցել տնտեսական ու քաղաքական կյանքին։ Հայ ժողովրդի շատ զավակներ (Բոգդան Կնունյանց, Սուրեն Սպանդարյան, Ստեփան Շահումյան, Անաստաս Միկոյան, Մ. Մելիքյան, Գ. Կորգանով, Ս. Հովսեփյան, Ա. Ամիրյան, Սահակ Տեր-Գաբրիելյան և ուրիշներ) ռուս, ադրբեջանցի, վրացի, ուկրաինացի, բելառուս և մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ հեղափոխական ակտիվ գործունեություն են ծավալել և պայքարել Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման համար։

Հազարավոր հայեր մասնակցել են Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Հայ և ադրբեջանցի աշխատավորների եղբայրական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց խորհրդային իշխանության վերջնական հաստատումից հետո, սոցիալիստական շինարարության տարիներին։

Խորհրդային Ադրբեջանում ապրում էր մեծաքանակ հայ բնակչություն որից ավելի քան 150 000-ը Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ում։ Սեծ թվով հայեր ապրում էին Նախիջևանի ԻԽՍՀ-ում։ Հայաբնակ հիմնական վայրերն են Բաքուն, Կիրովաբադը, Շահումյանի, Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի, Կասում-Իսմայլովի, Ղազախի, Շաքիի (Նուխի), Շամախիի և մի շարք այլ շրջաններ, որտեղ կան հայկական դպրոցներ ա մշակութային օջախներ։ 1920-48 թվականներին Բաքվում գործում էր հայկական պետական դրամատիկական թատրոնը։

1930-ական թվականների սկզբին հայկական թատրոններ ստեղծվեցին Կիրովաբադում և Ստեփանակերտում (տես Կիրովաբադի հայկական թատրոն և Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն)։ Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտում գործում է հայկական բաժանմունք։ Հայ գրողներից շատերը (Ալեքսանդր Շիրվանզադե, Հակոբ Հակոբյան) հիմնականում ստեղծագործել են Ադրբեջանում։

Բաքվի հայկական «Կոմունիստ» թերթում, գրական ալմանախներում, «խորհրդային գրող» և ապա «Գրական Ադրբեջան» հանդեսներում են աշխատել գրողներ՝ Թ. Հուրյանը, Ս. Դավթյանը, Գ. Սևունցը, Հ. Սահյանը, Ա. Գրաշին, Ս. Գրիգորյանը, Աթանես Աենալը և ուրիշներ։ Ադրբեջանի խորհրդային գրողների միությունն ունի հայկական բաժանմունք։

Ադրբեջանի խորհրդային մշակույթի զարգացման գործում զգալի ծառայություն են մատուցել նաև հայ ժողովրդի զավակները՝ կոմպոզիտորներ Ա. Սայիլյանը՝ Բաքվի բանվորական առաջին երգչախմբի հիմնադիրը (1920), Հ. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի ժողովրդական գործիքների առաջին անսամբլի ստեղծողն ու երկարամյա ղեկավարը, թատերական նկարիչ ու ռեժիսոր Ս. Սաղյանը և ուրիշներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ-ադրբեջանական հարաբերությունները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Հայաստանի տարածքային պահանջները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Արցախի խնդիրը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Всесоюзная перепись населения 1939 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп».
  5. «Всесоюзная перепись населения 1979 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  6. 6,0 6,1 «AZERBAIJAN DAILY DIGEST». «EurasiaNet». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Этнический состав Азербайджана (по переписи 1999 года)». «Демоскоп». 12.03.2001. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  9. По Всесоюзной переписи населения 1979 года татары - 31 204, крымские татары - 146 человек

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ленин В. И., Об Азербайджане, Сб., Баку, 1959
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968
  • Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961
  • Վարդան Վարդապետ (Արևելցի), Հաւաքումն սյատմութեան, Վնտ., 1862
  • Հասան-Ջալալյանց Ե., Պատմութիւն համառօտ Աղվանից երկրի, Երուսաղեմ, 1868
  • Բարխուդարյանց Մ., Աղվանից երկիր և դրացիք, Թ.. 1893
  • Աղայան Ծ. Պ., Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Ե., 1961
  • Բաղդասարյան Ա. Բ., Ադրբեջանական ՍՍՀ, Ե., 1972
  • Երևանլի Ա., Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ, Ե., 1955
  • Արիֆ Մ., Ադրբեջանական ժողովրդի գրականությունը, Ե., 1961
  • Անտոնյան Գ., Տայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Ե., 1962
  • Փизическая география Азербайджанской ССР, М., 1959
  • Геоморфология Азербайджана, Баку, 1959
  • Геология нефтяных и газовых месторождений Азербайджана, М., 1966
  • Геология Азербайджана, т. 1 - 7, М., 1952-61
  • Атлас Азербайджанской ССР, Баку - М., 1963
  • Гвоздецкий Н. А., Кавказ М., 1963
  • Завриев В. Г., Природное районирование и развитие ландшафтов Азербайджана, «Изв. АН СССР, серия геогр.», 1957, № 4
  • Что читать об Азербайджане, в. 1, История Азербайджана, т. 1-3, Баку, 1963 (библ. указатель)
  • История Азербайджана, т. 1-3, Баку, 1958-63
  • Великий Октябрь и Азарбайджан, 1917-1967. Библиография, Баку, 1967 (на азерб. и руц. яз. )
  • Петрушевский И. И., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв., Л., 1949
  • Ализаде Абдул Керим, Социално-экономическая и политическая история Азербайджана XIII-XV вв., Баку, 1956
  • Очерки истории СССР, Первобытно-общинный строй и древнейшие государство на территории СССР, М., 1956, с. 60-77, 31-141, 185-190, 480 - 85
  • Очерки истории СССР III-IX вв., Մ., 1958, с. 303-30, 530-36
  • Очерки историиСССР, IX-XV вв., ч. 1, М., 1953, с. 641-61, ч. 2, М., 1953, с. 679-93, 728-38
  • Очерки истории СССР, Конец XV в. - начало XVII в., М., 1955, с. 859-74
  • Очерки истории СССР, XVII в., М., 1955, с. 954-65
  • Агаян Ц. П., Крестьянская реформа в Азербайджане. Баку, 1956
  • Азербайджан в годы первой русской революции, Баку, 1965
  • Борьба за победу Советской власти в Азербайджане. Документы и материалы, Баку, 1967
  • Агаян Ц. П., Великая дружба народов Закавказья, ч. 1, Е., 1970
  • Очерки истории Коммуистической партии Азербайджана, Баку, 1963
  • Очерки истории коммунистических организаций Закавказья, ч. 1, 1883-1921 гг., Тб., 1967
  • Бархашев Б. Бакинский комсомол а годы революции и контрреволюции. Очерни по истории Бакинской организации комсомола, 1917-1920. Баку, 1928
  • Гусейнов К. А., Найдель М. И., Очерки история профдвижения в Азербайджане, Баку, 1966
  • Советский Азербайджан, Баку. 1958
  • География хозяйства республик Закавказья, М., 1966
  • Гаджизаде Абдурахим, Азербайджанская ССР, (Бяку), 1967
  • Азербайджанская ССР 50-летию Великого Октября, Статистический сб., Баку, 1967
  • Кавказ, М., 1966 (Природные условия н естественные ресурсы СССР)
  • Азербайджанская ССР в цифрах в 1969 году. Краткий статистический сб., Баку, 1970
  • Азербайджан, М., 1971 (серия Советский Союз); Касумов 3. М., Стригунов И. В., Тренетин Б. Л., Академия наук Азербайджанской ССР. 20 лет, Баку, 1966
  • Развитие науки в Советском Азербайджане. Сб. статей, Баку, 1967
  • Кочарлинский Ф., Литература азербайджанских татар, Тифлис, 1903
  • Касимзаде Ф., Очерки по истории азербайджанской литературы XIV. в., Баку, 1962
  • Очерк истории азербайджанской советской литературы, М., 1963
  • Искусство Азербайджана, т. 1-12, 1949-б8
  • Усейнов М., Вретаницкнй Л. Саламзаде А., История архитектуры Азербайджана, М., 1963
  • Бретаницкий П., Баку, 2 изд., дополн., П.-М., 1970; Изобразительное искусство Азербайджанской ССР, М.. 1957
  • Очерки изобразительного искусства Советского Азербайджана, Баку, 1960
  • Гаджибеков У., Основы азербайджанской народной музыки, Баку, 1945
  • Мнацаканова Е., Азербайджанская народная музыка. М., 1963
  • Абасова Э., Касимов К., Очерки музыкального искусства Советского Азербайджана, Баку, 1970
  • Новосельцев А. П.. Пашуто В. Т., Черепнин П. В., Пути развития феодализма (Закавказье, Сред-няя Азия, Русь, Прибалтика). М., 1972
  • Азарбаjчан хнтабы (библиографиjа), 3 чилдда. v. 1 (1780-190). Бакы. 1963; Азарба'чаи адабнjjаты тарихи. v. 1- З. Бакы, 1957-19)
  • Азарбаjчан совет адабнjjаты тарихи. v. 1-2, Бакы, 1967
  • Ч а ф а р о в W., Азарбаjчан Драм Театры (1873-1941), Бакы, 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 78