Աբելյան-Արմենյան թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբելյան - Արմենյան թատերախումբ

Ստեղծման պատմություն[խմբագրել]

Ստեղծվել է 1908թ. Թիֆլիսում, Հ. Աբելյանի և Ա. Արմենյանի ջանքերով։ Նպատակն էր հյուրախաղերով այցելել Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի, Կոստանդնուպոլսի հայությանը։ 1908թ. ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, ապա՝ Քոթակում, Կարինում, Բաբերդում, Տրապիզոնում, Սամսոնում, Կոստանդնուպոլսում (40 ներկայացում), Օրդուում, Ադաբազարում, Իզմիթում, Էսքիշեհիրում, Կարասոնդեում, Պարտիզակում, Զմյուռնիայում, Մանիսայում, Բրուսայում։

Գործունեություն[խմբագրել]

1909թ. ներկայացումներ է ունեցել Իրանում։ Վերադառնալով Թիֆլիս՝ խումբը համալրվել է, մեկնել Բաթում և 1909թ. նոյեմբերի 8-ին "Պատվի համար" ներկայացումով սկիզբ դրել տեղի հայ նոր թատրոնին։ Ուղևորվելով Կոստանդնուպոլիս՝ միացել է Հ. Զարիֆյանի թատերախմբին։ "Աբելյան - Արմենյան - Զարիֆյան" թատերախումբը, ավարտելով ներկայացումները Կոստանդնուպոլսում, բաժանվել է 3 մասի. մի մասը հյուրախաղերի է մեկնել Զմյուռնիա՝ Ա. Արմենյանի ղեկավարությամբ, երկրորդը՝ Անատոլիայի հայաշատ կենտրոնները՝ Ա. Բերոյանի, երրորդը՝ Իզմիթ, Պարտիզակ, Ադաբազար, Էսքիշեհիր և Ռոդոսթո՝ Հ. Աբելյանի և Հ. Զարիֆյանի ղեկավարությամբ։ Աբելյան - Արմենյան թատերաղմբի վերջին հյուրախաղերը կայացել են 1911թ. Բաքվում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Հյուսիսային Կովկասի հայաշատ կենտրոններում։

Տարբեր ժամանակներում թատերախմբի հյուրախաղերին մասնակցել են՝ Հովհաննես Աբելյանը, Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Զաբելը, Ե. Դուրյան - Արմենյանը, Օլգա Գուլազյանը, Ժասմենը, Հ. Ոսկանյանը, Ա. Բերոյանը, Մ. Մանվելյանը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Թատերախմբի խաղացանկը բաղկացած էր Շիրվանզադեի, Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Ս. Թառայանի, Մ. Գևորգյանի, ինչպես և Վիլյամ Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Հ. Իբսենի, Հ. Նայդյոնովի և ուրիշների պիեսներից։ Ժամանակի մամուլում Մ. Մնակյանը, Վահան Թեքեյանը, Տ. Կամսարականը, Գրիգոր Զոհրապը բարձր են գնահատել թատերախմբի ներկայացումները։

Թատերախմբի գործունեությունը խոշոր երևույթ էր հայ հասարակական - մշակութային կյանքում։

Աղբյուրներ[խմբագրել]

• Գ. Ղարիբյան, "Էջեր Բաթումի հայ թատրոնի պատմությունից", Երևան, 1961թ.