Սարգիս Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարգիս Մելիքսեթյան (1899, սեպտեմբերի 5 - 1980, նոյեմբերի 3), հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:

Ծնվել է Գանձակ (այժմ` Գյանջա) քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին, Թիֆլիսում: Հետո փոխադրվել է Երևան, երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին` «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ: 1925-30-ին` գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին` «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ: Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին` Հայաստանի թատերական թանգարանի դիրեկտոր, միաժամանակ` 1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ:

1944-47-ին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-49-ին` ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում: 1950-54-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող: 1954-63-ին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր: 1963-80-ին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դիրեկտորը: 1954-ին «Հովհաննես Աբելյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան: 1971-ին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան: Ռուսերեն լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է 1980-ին:[1]

Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն [խմբագրել]

  • Քիթ Մաթոն, Երևան, Պետհրատ, 1925:
  • Պատմվածքներ ապահովագրության մասին (գրքի մեջ մտնող ապահովագրության մասին պիեսը փոխադրել է Ս.Մելիքսեթյանը), Երևան, Պետհրատ, 1926:
  • Երևանի պետական թատրոն, Երևան, Պետհրատ, 1933:
  • Անաթեմայից մինչև աշխատանքի շքանշանտ, Երևան, Պետհրատ, 1934:
  • Թատերական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1946:
  • Գևորգ Չմշկյան, Երևան, Հայպետհրատ, 1953:
  • Հովհաննես Աբելյան, Երևան, Հայպետհրատ, 1954:
  • Ուրվագծեր սովետահայ թատրոնի պատմության, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1960:
  • Մտերմական Շիրվանզադեն, Երևան, Հայպետհրատ, 1964:
  • Մեծ արվեստի ուժը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968:
  • Կյանք և բեմ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 328 էջ:
  • Շեքսպիրը և մերոնք, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1974, 222 էջ:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 304։ 

Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ