Հովհաննես Բաղրամյան
| Հովհաննես Քրիստափորի Բաղրամյան | |
|---|---|
![]() |
|
| Դեկտեմբեր 2, 1897 - Սեպտեմբեր 21 1982 | |
| ծննդավայր | գ. Չարդախլու, Գանձակ |
| մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| ծառայության տարիներ |
1915—1982 |
| կոչում | |
| հրամանատարու- թյան տակ էր |
11-րդ գվարդիական բանակ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատ Մերձբալթյան ռազմական օկրուգ |
| պատերազմ | Սարդարապատի ճակատամարտ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ |
| պարգևներ | շքանշան (3) |
Հովհաննես Բաղրամյան, (ռուսերեն՝ Иван Христофорович Баграмян) Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան (Դեկտեմբեր 2, 1897 - Սեպտեմբեր 21 1982), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի (Ռուսերեն՝ Ованес Хачатурович)։ Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (հայկական Գանձակ /ադրբեջաներեն՝ Գյանջա/ (հետագայում՝ Կիրովաբադ) նահանգում՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։
Բովանդակություն |
Հովհաննես Բաղրամյանը ռուսական բանակում [խմբագրել]
1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։
Հովհաննես Բաղրամյանը Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակում [խմբագրել]
Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ. մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։
Կրթությունը [խմբագրել]
1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի /Լենինգրադի/ հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Ծառայական գործունեությունը [խմբագրել]
1934 - 1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թվականին՝ դառնալով Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ։
Մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին [խմբագրել]
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Նա առաջ քաշվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարեց Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։
Գործունեությունը հետպատերազմյան տարիներին [խմբագրել]
Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։ Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։
Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին [խմբագրել]
Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հիմնել է «Մարշալ Բաղրամյան» մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային Միության Մարշալներ
- 1897 ծնունդներ
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1982 մահեր
- Սեպտեմբերի 21 մահեր
- Հայեր
- Հայ գեներալներ
- Հայ մարշալներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներ
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Չարդախլու գյուղում ծնվածներ

