Հրաչյա Ռուխկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաչյա Ռուխկյանը (ՀՀ ժող. նկարիչ) ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիան։ Մասնակցել է Հայրենական պատերազմին և վերադառնալուն պես` զենքը փոխարինել վրձնով։

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը արժանացավ առաջին մրցանակի։ Ժյուրիի կազմում էին Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը։ Վերջինը պատգամեց 30-ամյա նկարչին շարունակել ազգանվեր գործը և ստեղծել հայ հանճարների դիմանկարները. «Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»։

Հավատարիմ մնալով վարպետի պատգամին Հրաչյա Ռուխկյանը, ժամանակի ու տարածության մեջ, աշխարհին հանձնեց «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ։ Ստեղծեց նաև Վռամշապուհ արքայի դիմանկարը, որը զորավիգ է եղել Մաշտոցի այբուբենի ստեղծմանը: Տեսնելով Նարեկացու դիմանկարը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն բարձրաձայնել է «Սա շեդեվր է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կզարդարեմ Ռուխկյանի ստեղծած դիմանկարով:

Հրաչյա Ռուխկյանը 1961 թ. եղել է Եգիպտոսում։ Վերադառնալուն պես ներկայացրել է «Երկու շաբաթ Մերձավոր Արևելքում» ազդագրով անհատական ցուցահանդես՝ նկարիչների միությունում: 30 անհատական ցուցահանդես է ունեցել Հրաչյա Ռուխկյանը: Վազգեն Ա Վեհափառը՝ տրամադրելով նկարչին իր անձնական մեքենան, ի կատար է ածել Ավետիք Իսահակյանի պատվերը՝ շրջել Հայաստանի մարզերում և հավերժացնել մեր հայկական եկեղեցիները: Արդյունքում նկարչի վրձինը անմահացրել է 120 եկեղեցի: Սահմանապահի շորերով սահմանի մոտ նկարել է Անիի ավերակները, նկարը վերնագրել «Անփարատ վիշտ»; Այդ ստեղծագործությունը այսօր պահպանվում է Հուշարձանների պահպանության վարչությունում, իսկ անկրկնելի Սայաթ-Նովան՝ Ազգային պատկերասրահում: Նրա վրձնին է պատկանում նաև «Զորավարի կաղնին» նկարը: Լինելով Իջևանում ծանոթացել է լեգենդար կաղնու պատմությանը, կտավին է հանձնել Սպարապետ Վարդան Մամիկոնյանի ձեռքով տնկած կաղնին, որը ցավոք, պահպանվել է միայն Հրաչյա Ռուխկյանի նկարում:

Ալավերդի տանող ճանապարհին ժայռի վրա իր բարի ժպիտով մեզ է նայում Ռուխկյանի խճանկարով պատրաստված մեծ լոռեցին՝ Հովհաննես Թումանյանը: Իր և Ավետիք Իսահակյանի մտերմության մասին նկարիչը պատմում է «20 տարի վարպետի հետ» գրքում, ուր զետեղված են նրա հեղինակած «Աբու-լալա- Մահարիի» նկարազարդումները: Իսկ Արցախում՝ Ղարաբաղի 60- ամյակին նվիրված ցուցահանդես բացեց, 60 նկար նվիրեց պատկերասրահին: Նրա ջանքերի շնորհիվ բացվեց Սայաթ-Նովայի անվան գեղարվեստի դպրոց:

2006-ին նրա դստեր՝ Անահիտ Ռուխկյանի հեղինակությամբ լույս տեսավ «Հրաչյա Ռուխկյան» պատկերագիրքը: Իսկ 2009 թվականին կազմվեց օրացույց` հայ հանճարների դիմանկարներով: 2011 թվականին լույս տեսավ Ռուխկյանի եկեղեցիներով պատկերած օրացույցը: Մեծ ժառանգություն է թողել Հրաչյա Ռուխկյանը մատաղ սերնդին։


[խմբագրել] Աղբյուրներ

  • Անահիտ Ռուխկյան (2006). «Հրաչյա Ռուխկյան» ալբոմ. Երևան: «Անահիտ» հրատարակչություն. ISBN 9993063215. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ