Ալբերտ Յավուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Յավուրյան
Albert-Yavuryan.jpg
օպերատոր, սցենարիստ
Բնագիր
ԱԱՀ՝
Ալբերտ Յավուրյան
Ծննդյան օր՝ 26 օգոստոս 1935
Ծննդավայր՝ Գյումրի, Հայաստան
Վախճանի օր՝ 5 նոյեմբեր 2007
Վախճանի վայր՝ Երևան, Հայաստան
Քաղաքացիություն՝ Հայաստան Հայաստան
Ազգություն Հայաստան Հայաստան
Աշխատանք՝ 1964 - 1999

Ալբերտ Յավուրյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում։ Հայկական կինոյի լավագույն օպերատորներից մեկն է։ 1964-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Լ. Կոսմատովի արվեստանոց)։ Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում։ Շրջադարձային էր Ալբերտ Յավուրյանի համար 1964 թվականը, երբ Ֆրունզե Դովլաթյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձավ հայրենիքՙ «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար։ «Բարև, ես եմ» ֆիլմն ճանաչվում է որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն։ 60-ական թվականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող և հայկական ընդգծված հասցե ունեցող այս կինոնկարի ստեղծմանն իր զգալի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը։ Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները։ Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն այս ֆիլմի համար արժանացավ Հայաստանի պետական մրցանակի (1967

Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում հանդես եկավ որպես բեմադրող օպերատոր «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի» և այլն։ Բազմաթիվ շնորհներով էր օժտված, բայց ինչպես իսկական պրոֆեսիոնալ, երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությանը, հարգում էր այլ մասնագիտությունները՝ ռեժիսորին, դերասանին, նկարչին ու դրամատուրգին... Եվ նրա հետ միշտ երազում էին աշխատել անվանի բեմադրիչները։ Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեց Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Ղարիբը», չհասցրեցին սկսել «Խոստովանության» նկարահանումները...

Վերջին տասը տարիներին Ալբերտ Յավուրյանը ղեկավարեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ամբիոնը։

Ա. Յավուրյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ պետության և թե՛ հասարակայնության կողմից։ Նրան շնորհվել է Մ. Խորենացու մեդալ (1999) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատը» ստեղծագործական վաստակի համար (2005

Հայաստանից դուրս լայնորեն ճանաչված, «Նիկա» միջազգային կինոակադեմիայի անդամ, բազմաթիվ փառատոներում պարգևների արժանացած Ալբերտ Յավուրյանը չափազանց ազնիվ ու համեստ մարդ էր՝ օժտված անձնական մեծ հմայքով, իսկական հայրենասեր ու քաղաքացի։

Ալբերտ Յավուրյանը մահացել է 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Ֆիլմերը
Տարի Անուն Նշումներ
1999 Ուրվանկար Ա. Մկրտչյանի հետ
1995 Լաբիրինթոս Վ. Տեր-Հակոբյանի, Վ. Պետրոսյանի հետ
1994 Զինաթափում Իրան
1993 P. S. (Հետգրություն) Ա. Միրաքյանի հետ (կարճամետրաժ)
1992 Ռադիո-Երևան
1991 Ընկեր Իրան
1991 Երեք նավազներ տոթ անապատում կարճամետրաժ
1991 Բոբո օպերատոր և սցենարիստ
1988 Աշուղ Ղարիբը
1988 Արշակ Երկրորդ Գ. Հայրապետովի հետ
1986 Օտար խաղեր
1986 Մենավոր ընկուզենի
1983 Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը կարճամետրաժ
1983 Հրդեհ
1982 Ինքնադիմանկար վավերագրական
1982 Երջանկության մեխանիկա
1982 Մխիթարյանները վավերագրական
1981 Հրաժեշտ սահմանագծից անդին
1980 Թռիչքն սկսվում է երկրից
1979 Ապրեցեք երկար
1987 Սգավոր ձյունը Գ. Հայրապետյանի հետ
1978 Չեզոք իրավիճակ կարճամետրաժ
1976 Երկունք
1974 Այստեղ, այս խաչմերուկում հանդիպում է նաև «Խաչմերուկ» անունով
1973 Կամոյի վերջին սխրանքը
1972 Երևանյան օրերի խրոնիկա
1970 Անցյալի արձագանքները
1976 Գարուն ա, ձուն ա արել
1968 Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր վավերագրական
1968 Հանդիպում ցուցահանդեսում կարճամետրաժ
1967 Յոթ երգ Հայաստանի մասին վավերագրական
1965 Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ վավերագրական
1965 Բարև, ես եմ
1964 Քաղաք. մի փողոց