Հասմիկ Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Պապյան
HasmikPapian2.jpg

Հասմիկ Պապյան (ծնվել է 1961 թվականին Երևանում), հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Հասմիկ Պապյանը ավարտել Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան):

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոներ` որպես մենակատարներից մեկը:

Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են` Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները:

Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում, Ավստրիա:

Ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունհենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր:

Ունի մեկ դուստր:

Խաղացանկ [խմբագրել]

Նրա խաղացանկը ներառում է` Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ », Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա») , Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի»), նաև Վերդիի տասներկու դերերը` «Տրավիատա», Դեզդեմոնա («Օթելլո»), «Աիդա», Լեոնորա («Տրուբադուր» և «Ճակատագրի ուժը»), Ելիզավետա («Դոն Կարլոս»), Ելենա («Սիցիլիական ժամերգություն»), Ամելիա («Սիմոն Բոկանեգրա»), Էլվիրա («Էրնանի»), «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ («Նաբուկկո »), Օդաբելլա («Աթիլլա»), ինչպես նաև Ռեքվիեմը:

Պապյանի ռեպերտուարի կենտրոնական մասն է Բելլինիի «Նորման», ի թիվս այլոց այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում, Դենվերում, Վաշինգտոնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, օպերային փառատոներին` Օրանժում (Հարավային Ֆրանսիա), Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում, Ռոտերդամում Ամստերդամի Նիդերլանդական օպերան: Ամստերդամի կատարումը 2006 թ-ի հոկտեմբերին թողարկվել է թվային տեսասկավառակ (DVD) տարբերակով:

2009 թ-ի հունվարից, նա իր խաղացանկին ավելացրել է ևս մի հիանալի դերակատարում` Եղիսաբեթ Ա թագուհի Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում» (դեբյուտը Դալլասի օպերայում).

Ելույթներ [խմբագրել]

Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն), ուր նրան հրավիրում են պարբերաբար: Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը:

Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը` Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Չուխաճյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:

2006 թ-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ:

2004 թ-ին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը:

2005 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կողմից Էջմիածնում պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով` որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Youtube [խմբագրել]