Ռեքվիեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեքվիեմ (լատ.՝ «Requiem aeternam dona eis, Domine»՝ «Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր» տեքստի առաջին բառերից), սգո հոգեհանգստի մեսսա։ Կաթոլիկական հանդիսավոր մեսսայից տարբերվում է որոշ մասերի՝ «Gloria», «Credo» բացակայությամբ, որոնց փոխարեն մտցված են սկզբում «Requiem», ապա՝ «Dies irae» («Ցասման օրը»), «Tuba mirum» («Հրաշագործ եղջյուրը»), «Lacrimosa» («Արտասվագին») և այլն։

1570-ին հռոմեական եկեղեցին խստորեն կանոնակարգեց ռեքվիեմի կազմը։ Ռեքվիեմներ գրել են Յո. Օկեգեմը (XV դ), Օրլանդո դի Լասսոն, Ջովաննի Պալեստրինան (XVI դ), Ֆրանչեսկո Քավալլին, Անտոնիո Լոտտին, Ֆրանչեսկո Դուրանտեն, Նիկոլո Ցոմելլին (XVII - XVIII դդ)։ 18-րդ դարում ռեքվիեմը կորցրել է ծիսական նշանակությունը՝ կատարվել համերգներում։ Ժանրի բարձրագույն նվաճումներից է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը» (1791)։ XIX դ. ռեքվիեմի ժանրին դիմել են Լուիջի Քերուբինին, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Անտոն Բրուքները, Անտոնին Դվորժակը, Կամիլ Սեն-Սանսը, Գաբրիել Ֆորեն, առավել նշանակալի են Հեկտոր Բեռլիոզի (1837), Ջուզեպե Վերդիի (1874) ռեքվիեմները, Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմը» (1868, գրված է գերմաներեն տեքստով, ավանդական լիթուրգիական լատինական փոխարեն)։

20-րդ դարում այդ ժանրում ստեղծված երկերից առանձնանում է Բենջամեն Բրիտտենի «Ռազմական ռեքվիեմ»-ը, որում լիթուրգիական տեքստը զուգակցված է Ու. Օուենի բանաստեղծությունների հետ։

Հայ կոմպոզիտորներից մեկ մասանի ռեքվիեմներ են գրել Ալեքսանդր Հարությունյանը, Ալեքսանդր Աճեմյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png