Վալերի Գերգիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերգիև (2010թ.)

Վալերի Աբիսալի Գերգիև (օս. Гергиты Абисалы фырт Валери; ռուս.՝ Валерий Абисалович Гергиев; ծնվ. 1953 թ. մայիսի 2, Մոսկվա), ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն (1996 թվականից): Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996): 2007թ-ից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Ծագումով օս է: Վ. Գերգիևն արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, այդ թվում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար (2009 թ .)[1]:

Նա մեծապես ընդլայնել է Մարիինյան թատրոնի երկացանկը` համագործակցելով «Քովենտ Գարդեն», «Լա Սկալա», «Նյու Իսրայել», ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի, Փարիզի օպերային թատրոնների, Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, շվեդական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի, Քլիվլենդի, Դալասի, Հյուստոնի, Մինեսոտայի, Մոնրեալի և Բիրմինգհեմի նվագախմբերի հետ: Գերգիևը ղեկավարել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը:

Գերգիևի հայաստանյան շրջանը [խմբագրել]

1981 թ. հայ դասական երաժշտարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով հրավիրվել է Հայաստան, որտեղ 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Գերգիևի ղեկավարությամբ նվագախումը այդ շրջանում կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները` նորովի ու թարմ շնչով[2]:

Ծանոթագրություններ [խմբագրել]