Մադամ Բատերֆլայ
Մադամ Բատերֆլայ (իտալերեն՝ Madama Butterfly, բեմադրվել է նաև «Չիո-Չիո-Սան» (Cio-Cio-San) անունով) — իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի օպերա (հեղինակների բնորոշմամբ` tragedia giapponese- «ճապոնական ողբերգություն») երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Ջուզեպե Ջակոզայի և Լուիջի Իլիկայի ըստ Դևիդ Բելասկոյի «Մադամ Բատերֆլայ» պիեսի, որն իր հերթին հիմնված է Ջոն Լոնգի պատմվածքի վրա: Առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1904թ. փետրվարի 17-ին: Նոր` վերամշակված տարբերակը բեմադրվել է 1904թ. մայիսի 28-ին Բրեշիայի «Գրանդե» թատրոնում:
«Մադամ Բատերֆլայ»-ը պատկանում է Պուչինիի լավագույն ստեղծագործությունների թվին, ներկայումս ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում: Երևանի Ա.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից բեմադրվել է 1934թ. /դիրիժոր - Գ.Բուդաղյան, բեմ.- Ա.Բուրջալյան/ [1], 1944թ. /դիրիժոր - Գ.Բուդաղյան, բեմ.- Ա.Գուլակյան/[2], 1950թ. /դիրիժոր - Գ.Բուդաղյան, բեմ.- Գ.Մելքումյան/[3] և 1986թ. /դիրիժոր – Յու.Դավթյան, բեմ. – Տ.Լևոնյան/[4]