Դարեհ I Մեծ
Դարեհ I Մեծ (հայկական աղբյուրներում` Դարեհ Վշտասպյան, հին պարսկերեն` Dārayavahuš, աքադերեն` Dariamuš, էլամերեն` Dariyamauiš, արամ. Dryhwš, հին հունարեն՝ Δαρεῖος, լատիներեն՝ Darius) -- Աքեմենյան Պարսկաստանի արքա (մ.թ.ա. 522-486թթ.), Աքեմենյան հարստության ներկայացուցիչ, Վշտասպի որդի: Արքա է հռչակվել 28 տարեկան հասակում` պալատական հեղաշրջման արդյունքում մոգ Գաումատայի սպանությունից հետո: Գահի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնացել է Կյուրոս II Մեծի դուստր Աթոսայի հետ:
Ճնշել է Կամբյուսեսի մահից հետո պարսկական տերության ներսում սկսված երկպառակություններն ու նվաճված մարզերում ( այդ թվում նաև Հայաստանում) բռնկված ապստամբությունները` վերականգնելով պետության միասնականությունը: Վերսկսել է զավթողական պատերազմները` նվաճելով Եգիպտոսից արևմուտք ընկած Կիրենե և Բարկե հյուսիսաֆրիկյան հունական գաղութները:
Հաստատեց պարսկական տիրապետությունը Բոսֆորի և Հելլեսպոնտոս նեղուցների վրա: Մ.թ.ա. 512թ. արշավել է Սկյութիա (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)`անցնելով Իստրոս (Դանուբ) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է` հազիվ կարողանալով խուսափել գերությունից:
Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել Հունաստանը` մ.թ.ա. 491թ. Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ): Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու Սպարտան են հրաժարվում հնազանդվել: Մ.թ.ա. 490թ. Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան: Պարսկական նավատորմը, անցնելով Էգեյան ծովով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է Ատտիկա: Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ: Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը Միլտիադեսի գլխավորությամբ: Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում: Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական հոպլիտներ: Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել:
Դարեհը չի հաշտվում պարտության հետ և նախապատրաստվում էր նոր լայնածավալ արշավանքի Հունաստանի դեմ: Սակայն մ.թ.ա. 486թ. նա մահանում է` չհասցնելով կյանքի կոչել իր այդ ծրագիրը:
[խմբագրել] Աղբյուրներ
- Հին Հունաստանի պատմություն, խմբ. Վ.Ի.Ավդիևի, Ա.Գ.Բոկշչանինի և Ն.Ն.Պիկուսի, Երևան, 1982: