Միքայել Լորիս-Մելիքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորիս-Մելիքովի դիմանկար (Հովհաննես Այվազովսկու աշխատանքը)
Լորիս-Մելիքովի դիմանկար

Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով (վրացերեն՝ გრაფი მიხეილ ტარიელის ძე ლორის მელიქისშვილი)(ռուսերեն՝ граф Михаил Тариелович Лорис-Меликов) (հոկտեմբերի 21, 1825, Թիֆլիս - դեկտեմբերի 12, 1888, Իտալիա, Նիցցա /թաղված է Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում/)։ Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ /30.08.1865 թ/, հեծելազորի գեներալ /30.08.1875 թ/, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ /1879 թ-ից/, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար /1880 թ/, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր /1880-1881 թթ-ին/, Ռուսաստանի ներքին գործերի նախարար /1881 թ/, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս /1880 թ/։ Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի /01.11.1880 թ/։ Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում, Թիֆլիս քաղաքում։

Կրթությունը[խմբագրել]

Կրթությունը ստացել է նախ Թիֆլիսում ավարտելով Ներսիսյան դպրոցը, ապա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, ապա՝ հեծելազորի յունկերների դպրոցում։

Զինվորական գործունեությունը[խմբագրել]

1845 թ-ին ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում, Կովկասում, որտեղ ծառայել է մոտ 32 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։ Շնորհիվ դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։

Ռուս-թուրքական 1877-78 թթ պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդեմ Օսմանեան Կայսրութեան զորքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ Արդահան /Արտահան/ ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զորավար Մուխթար Փաշան՝ Զևինի մոտ, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և, ապա՝ պաշարեց Էրզրումը. Այս ծառայութիւնների համար հայ զորավարը ստացավ կոմսի տիտղոս։ Ալաջայում ցոյց տուաց քաջութեան համար նրան շնորհուեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան/1877թ. հոկտեմբերի 27/։

Պետական ծառայությունը[խմբագրել]

Հետագայում Լորիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի գեներալ-նահանգապետը, ապա՝ հաջող գործունեության համար փոխադրվեց Կենտրոնական Ռուսիայի նահանգներ՝ պայքարելով ահաբեկչության դեմ և նշանակվեց Խարկովի նահանգապետ։

Դարձյալ հաջող գործունեության համար նա նշանակվեց Ռուսաց կայսրության «Գերագույն գործադիր հանձնախմբի» ղեկավար, որը ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում 1880 թ փետրվարից հետո, երբ հեղափոխական-ահաբեկիչների կողմից մահափորձ էր կատարվել Ալեքսանդր II ռուսաց ցարի դեմ։ Այստեղ էլ Լորիս-Մելիքովը ցուցաբերեց իր վարչարարական հանճարը։ Նա Ալեքսանդր 2-րդ ցարին ներկայացրեց վարչական և տնտեսական բարեփոխումների ընդարձակ մի ծրագիր։ Ռուսաց կայսրն ընդունեց իր հայ զորավարի առաջարկը։ Լորիս-Մելիքովը նշանակվեց ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ, փաստորեն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։

Նույն այն օրը (մարտի 13 1881 թ), երբ կայսրը ստորագրեց հրամանմագիրը Լորիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների մասին, ընդհատակեայ հեղափոխական-ահաբեկիչները սպանեցին ցար Ալեքսանդր 2-րդին։ Վերջինիս հաջորդը՝ Ալեքսանդր III կայսրը, միանգամից անցավ հեղափոխության դեմ պայքարի կոշտ ուժային մեթոդների։ Կոմս Լորիս-Մելիքովն անմիջապես հրաժարական տվեց, և պաշտոնաթող գեներալի կարգավիճակով ապրեց մինչև իր մահը, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, 1888 թ դեկտեմբերի 12ին։

Հրատարակել է[խմբագրել]

  • Կովկասի կառավարիչների մասին։
  • Երկտող Թերեքի մարզի կացության մասին։
  • Նոթեր Հաջի Մուրադի մասին։

Պարգևները[խմբագրել]

  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան /1869/,
  • Սուրբ Մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու ադամանդազարդ շքանշան /1871/,
  • Սուրբ Գեորգիի 3-րդ /1877/, 2-րդ /1877/ աստիճանի շքանշաններ,
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ /1854/, 3-րդ /1855/, 2-րդ /1864/, 1-ին /1877/ աստիճանի շքանշաններ,
  • Սուրբ Աննայի 4-րդ /1848/, 3-րդ /1850/, 2-րդ /1852/, 1-ին /1860/ աստիճանի շքանշաններ,
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին /1859/ աստիճանի շքանշան,
  • թուրքական Մեջլիսի շքանշան /185/,
  • պարսկական Առյուծի և Արծվի 2-րդ աստիճանի շքանշան /1864
  • "Խիզախության համար" ոսկե սուսեր /1854/,
  • Ոսկե զենք /1862/,
  • Կովկասի գրավման համար խաչ /1864