Մարգարետ Թետչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետ Թետչեր
Margaret Thatcher
Մարգարետ Թետչեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ
4 Մայիս 1979 - 28 Նոյեմբեր 1990
Նախորդող Ջեյմ Կալագեն
Հաջորդող Ջոն Մեյջոր
 
Ծննդյան օր 13 Հոկտեմբեր 1925
Ծննդավայր Գրենթեմ, Լինքոլնշիր,
Մեծ Բրիտանիա
Վախճանի օր 08 Ապրիլ 2013
Վախճանի վայր Լոնդոն
Միացյալ Թագավորություն
Ամուսին Դենի Թետչեր
Զավակներ Քերոլ Թետչեր
Մարկ Թետչեր

Մարգարետ Թետչեր (անգլ.՝ Margaret Hilda Thatcher) (հոկտեմբերի 13, 1925, Գրենթեմ, Լինքոլնշիր, Անգլիա - ապրիլի 8, 2013, Լոնդոն[1]), Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990), բարոնուհի (1992)։ Հայտնի է որպես «երկաթյա տիկին» (iron lady)։ Առաջին և դեռևս միակ կինը, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

1950 թվականին Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թվականին ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թվականին ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թվականին ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար։

1970-1974 թվականներին Մարգարետ Թեթչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում 1975 թվականին հաղթեց Հիթին, և դարձավ խորհրդանական ընդդիմության ղեկավարը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններից մեկը ղեկավարած առաջին կինը: 1979 թվականի համընդհանուր ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ:

Լինելով կառավարության ղեկավար՝ կատարեց քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չեղարկելու այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ: Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկուն աշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը: Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսեց անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացավ 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրեց 1983 թվականին նրա վերընտրմանը:

Երրորդ անգամ Թետչերը վերընտրվեց 1987 թվականին, բայց լրացուցիչ հարկի (poll tax) մասին օրենքը և Եվրոպական միությունում Բրիտանիայի դերի մասին հայացքները նրա կառավարության անդամների շրջանակներում տարածված չէին: Երբ Մայքլ Հեզելթայնը վիճարկեց կուսակցությունում նրա առաջնորդ լինելը, Թետչերը հարկադրված էր հրաժարական տալ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Պառլամենտի անդամ Ֆինչլիից 1959-1992 թվականներին, Համայնքների պալատից հեռանալուց հետո ցմահ ստացավ պերի կոչում և բարոնուհու տիտղոս:

Երիտասարդություն և կրթություն[խմբագրել]

Գրենթհեմի տունը, որտեղ ծնվել է Մարգարետ Թետչերը
Հուշատախտակ այն տան վրա, որտեղ ծնվել է Մարգարետ Թետչերը

Մարգարեթ Ռոբերթսը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 13-ին: Հայրը՝ Ալֆրեդ Ռոբերթսը, ծնունդով Նորթհեմփթոնշիրից էր, մայրը՝ Բեաթրիս Իթելը (օրիորդական ազգանունը՝ Սթեֆենսոն) ծնունդով Լինքոլնշիրից էր[2]: Մանկությունն անցկացրել է Գրենթհեմում, որտեղ հայրն ուներ նպարեղենի երկու կրպակ[3]: Ավագ քրոջ՝ Մյուրիելի հետ դաստիարակվել է նպարեղենի կրպակներից մեկի վերևի հարկում գտնվող բնակարանում, որը երկաթգծից շատ քիչ էր հեռու[3]: Մարգարետի հայրը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում տեղական քաղաքական և հոգևոր կյանքին՝ լինելով քաղաքային խորհրդի անդամ և մեթոդիստ քահանա[4]: Այդ իսկ պատճառով աղջիկները դաստիարակվել են մեթոդականության խիստ ավանդույթներով[5]: Հենց Ալֆրեդը ծնվել է լիբերալ հայացքներ ունեցող ընտանիքում, բայց, ինչպես ընդունված էր տեղական ինքնակառավաման մարմիններում, անկուսակցական էր: 1945-1946 թվականներին եղել է Գրենթհեմի քաղաքապետ, իսկ 1952 թվականին՝ 1950 թվականի քաղաքային ընտրություններում Լիբերալ կուսակցության համոզիչ հաղթանակից հետո, որոնց արդյունքում կուսակցությունն առաջին անգամ մեծամասնություն կազմեց Գրենթհեմի Խորհրդում, դադարեց լինել քաղաքային խորհրդի անդամ[4]: Ռոբերթսը հաճախում էր Հանթինգթաուեր-Ռոուդի սկզբնական դպրոց, որից հետո կրթաթոշակ ստացավ ուսանելու Քեսթևենի և Գրենթհեմի աղջկական դպրոցում[6]: Մարգարետի ուսման առաջադիմության հաշվետվությունները վկայում են աշակերտուհու ջանասիրության և դեպի ինքնակատարելագործում մշտական աշխատանքների մասին: Նա հաճախում էր նաև ֆակուլտատիվ պարապմուքների՝ դաշնամուրի, խոտի հոկեյի, լողի և սպորտային քայլքի, բանաստեղծական հմտությունների[7][8]: 1942-1943 թվականներին արդեն ավագ աշակերտուհի էր[9]: Ուսման վերջին տարում կրթաթոշակի հայտ ներկայացրեց քիմիա ուսումնասիրելու Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլի քոլեջում: Չնայած ի սկզբանե մերժում ստացավ, բայց մյուս հայցորդի մերժումից հետո, այնուամենայնիվ, Մարգարետին հաջողվեց ստանալ կրթաթոշակ [10][11]: 1943 թվականին նա ժամանեց Օքսֆորդ և 1947 թվականին՝ չորս տարի քիմիա ուսումնասիրելուց հետո ստացավ երկրորդ աստիճանի դիպլոմ՝ դառնալով բնական գիտությունների բակալավր: Ուսման վերջին տարում աշխատում էր Դորոթի Հոջքինի լաբորատորիայում, որտեղ զբաղվում էր գրամիդիցին С հակաբիոտիկի ռենտգենակառուցողական անալիզով:[12][13][14][Ն 1][Ն 2]

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել]

1946 թվականին Ռոբերթսը դարձավ Օքսֆորդի համալսարանի Պահպանողական կուսակցության միության նախագահ[16][17]: Ուսման տարիներին նրա քաղաքական հայացքների վրա մեծապես ազդեցություն է ունեցել Ֆրիդրիխ ֆոն Հայեկի «Ճանապարհ դեպի ստրկություն» աշխատությունը (1944), որում կառավարության միջամտությունը երկրի տնտեսության մեջ դիտարկվում էր որպես բռնապետական պետության նախադրյալ[18]:

Համալսարանն ավարտելուց հետո Ռոբերթսը տեղափոխվեց Էսեքս կոմսության Քոլչեսթեր, որտեղ «BX Plastics» ընկերությունում աշխատել է քիմիկոս-հետազոտող[19]: Այս ժամանակ էլ մուտք գործեց Պահպանողական կուսակցության տեղական միավորում և 1948 թվականին Լանդիդնոյում որպես Պահպանողական միավորման համալսարանի շրջանավարտների ներկայացուցիչ մասնակցեց կուսակցական համագումարին[20]: Մարգարետի օքսֆորդյան ընկերներից մեկը նաև Քենթի Պահպանողական կուսակցության Դարթֆորդյան միավորման նախագահն էր, ով զբաղվում էր ընտրություններին թեկնածուներ փնտրելով [20]: Միավորման ղեկավարներն այնքան էին տպավորված Մարգարետով, որ համոզեցին նրան մասնակցել ընտրություններին, չնայած որ նա չէր մտնում Պահպանողական կուսակցության թեկնածուների հաստատված ցուցակի մեջ. Մարգարետը թեկնածու ընտրվեց միայն 1951 թվականի հունվարին և մտցվեց ընտրական ցուցակ[21]: Տոնական ճաշի ժամանակ, որը կազմակերպվել էր Դարթֆորդում 1951 թվականի փետրվարին նրա՝ Պահպանողական կուսակցության կողմից որպես թեկնածու պաշտոնապես հաստատվելու առթիվ, Ռոբերթսը ծանոթանում է հաջողակ և կայացած ամուսնալուծված գործարար Դենիս Թետչերի հետ[20][21]: Ընտրություններին պատրաստվելու ընթացքում նա տեղափոխվեց Դարթֆորդ, որտեղ որպես քիմիկոս-հետազոտող աշխատանքի անցավ J. Lyons and Co. ընկերությունում՝ զբաղվելով պաղպաղակի արտադրությունում կիրառվող էմուլգատորների մշակմամբ[20][22]:

1950 թվականի փետրվարի համընդհանուր ընտրություններում և 1951 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում Ռոբերթսը մասնակցեց պառլամետի ընտրություններում Դարթֆորդ շրջանից, որտեղ ավանդաբար հաղթում էին լեյբորիստները: Որպես ամենաերիտասարդ և միակ կին թեկնածու՝ նա գրավեց մամուլի ուշադրությունը[23][24]: Չնայած երկու դեպքերի պարտությանը՝ Մարգարետին հաջողվեց ընտրազանգվածի շրջանում թուլացնել լեյբորիստներին տրվող աջակցությունը՝ սկզբում 6000 ձայնով, ապա 1000 ձայնով [23]: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան աջակցում էին ծնողները, ինչպես Դենիս Թետչերը, ում հետ նա ամուսնացավ 1951 թվականի դեկտեմբերին[23][25]: Դենիսը կնոջն օգնեց դառնալ փաստաբանների միության անդամ[26]: 1953 թվականին նա դարձավ փաստաբան՝ հարկահանություն մասնագիտացմամբ[27]: Այդ նույն տարում ընտանիքում ծնվեցին երկվորյակներ՝ դուստրը՝ Քերոլ Թետչերը (անգլ.՝ Carol Thatcher) և որդին՝ Մարկը [28]:

Թետչերի ներքին քաղաքականությունը. «թետչերիզմ»[խմբագրել]

Թետչերի իշխանության տարիներին իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հետագայում կոչվեց «թետչերիզմ»։ «Թետչերիզմը» և նեոպահպանողականության հիմքը «մոնետարիստական» տեսությունն էր, որի հեղինակը Չիկագոյի մոնետարիստական տնտեսական դպրոցի ներկայացուցիչ ամերիկյան տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանն էր։ Այդ տեսության և «թետչերիզմի» հիմնական դրույթները հետևյալն են՝

  1. Տնտեսության պետական կարգավորման նվազեցում.
  2. Անեկամտաբեր ձեռնարկությունների բյուջետային ֆինանսավորումից հրաժարում.
  3. Սղաճի դեմ պայքարը՝ պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություն.
  4. Տնտեսության պետական հատվածի մասնավորեցում
  5. Մասնավոր ձեռնարկությունների, շուկայական ձեռնարկատիրական գործունեության խրախուսում, տնտեսական համակարգի կայուն կենսագործունեության ապահովում.
  6. Սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կտրուկ կրճատում.
  7. Արհմիությունների իրավունքների սահմանափակում։

Թետչերի կառավարությանը բաժին է ընկնում բարդ խնդիրներ սոցիալական և տնտեսական քաղաքականության բնագավառներում։ Սկսած 1979 թ. կեսից տնտեսությունը զգալի անկում էր ապրում։ 1979 թ. Իրանում տապալվեց շահի վարչակարգը, և շուտով սկսվեց Իրան-Իրաք պատերազմը, որի հետևանքով երկու անգամ բարձրացավ նավթի գինը։ Անգլիայում արդյունաբերության արտադրության ընդհանուր անկումը կազմեց 12%։ Ճգնաժամն ուղեկցվում էր սղաճի և գործազրկության կտրուկ աճով։ Թետչերի կառավարությունը ձեռնամուխ եղավ կառուցվածքային տնտեսական բարեփոխումների անցկացմանը։ Պետությունը հրաժարվեց արդյունաբերական ձեռնարկություններին դոտացիաներ տալու քաղաքականությունից։ Բարեփոխման ենթարկվեց և հարկային համակարգը։ Իջեցվեց եկամտահարկը, իսկ ուղղակի հարկերը խոշոր եկամուտների վրա կրճատվեցին 3, 5 մլրդ. ֆունտ ստերլինգով, միևնույն ժամանակ բարձրացվեցին անուղղակի հարկերը։ 8%-ից մինչև 15% բարձրացվեց ավելացված արժեքի հարկը։ Բոլոր այդ միջոցառումները ուղեկցվում էին ակտիվ քարոզչական արշավով՝ ուղղված անձնական սպառման կրճատմանը։ Կառավարությունը կոչ էր անում «ապրել ըստ միջոցների»։ Թետչերը կտրուկ կրճատեց պետական ծախսերը կոմունալ և ճանապարհային տնտեսությունների վրա, մշակույթի և կրթության ոլորտներում։ Կրճատվեց պետական ապարատը։ Ապապետականացվեցին մի շարք պետական ձեռնարկություններ։ Այս քաղաքականության արդյունքում 1981-1982թթ. սղաճն նվազեց մինչև 4%, տնտեսության մեջ աճի միտումներ նկատվեցին, իսկ 1983 թ. սկսած նկատվեց արտադրության զգալի աճ։ Կտրուկ բարձրացան անգլիական խոշոր մենաշնորհների բաժնետոմսերի կուրսերը, զգալի աճ ունեցան մասնավոր ներդրումները։ Սակայն, մյուս կողմից, «ցնցումային թերապիան» ուներ նաև բացասական հետևանքներ՝ ձեռնարկությունների ապապետականացումը ուղեկցվում էր գործազրկության կտրուկ աճով։ Միայն 1980-1983 թ. ընթացքում գործազուրկների թիվը 2 մլն-ից հասավ մինչև 3 մլն մարդ։ Տեղի էին ունենում աշխատանքից զրկվող բանվորների հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք հաճախ ավարտվում էին ոստիկանության հետ բախումներով։ Կառավարությունն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին արհմիությունների իրավունքների սահմանափակմանը և գործադուլների դեմ։

1984-87թթ. ապապետականացվեց արդյունաբերական հիմնարկների 1/3-ը, այդ թվում հեռուստահաղորդակցման ընկերություններ, պողպատաձուլման ձեռնարկություններ, գազի արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան։ Բացի ապապետականացումից, Թետչերի կառավարությունը կտրուկ կրճատեց ամեն տեսակի օգնությունը պետական հիմնարկներին (շուրջ 10 անգամ 1980-1987թթ. ընթացքում)։ Ընդհանուր պետական ներդրումների ծավալը կրճատվեց 50-ից մինչև 25%։ Դա հնարավորություն տվեց կայունացնել բյուջեն և թույլ չտալ տնտեսական վերելքի պայմաններում սղաճի մակարդակի բարձրացմանը։ Կառավարության քաղաքականությունն ուղղված էր միջին և մանր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև անգլիական խոշոր մենաշնորհների զարգացմանը։ Արդյունքում, 1980-87թթ. ընթացքում սեփական գործ ունեցողների թիվը 1, 9-ից հասավ մինչև 3 մլն. մարդ։ Բացի այդ, ապապետականացումը թույլ տվեց բնակչության լայն զանգվածներին դառնալ բաժնետեր։ Թետչերի կառավարության գործողությունների հետևանքով Անգլիայի տնտեսությունը սկսեց վերելք ապրել՝ տարեկան աճը կազմում էր 3-4%։ Կրճատվեց գործազուրկների թիվը՝ 2, 6 մլն. 1979 թ. մինչև 1, 9 մլն. 1987թ։ Տնտեսական վերելքը ուղեկցվում էր անգլիացիների բարեկեցության բարձրացումով։ Բնակչության եկամուտները այդ տարիներին աճում էին տարեկան մոտ 5%-ով։

1987 թ. հունիսի 11-ի ընտրություններում պահպանողականները մեծ առավելությամբ հաղթում են՝ ստանալով 376 տեղ, լեյբորիստները ստացան 229 պատգամովարական տեղ։

1988-1989թթ. կառավարությունը շարունակում է իր կուրսը. ապապետականցվում են նոր ձեռնարկություններ, օդանավակայաններ, մունիցիպալ շենքեր։ Շարունակվեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում շուկայական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Սակայն 1989 թ. ներքին սոցիալ-քաղաքական դրությունը երկրում սրվում է։ Դրա պատճառն է դառնում Թետչերի կողմից ձեռնարկված «գլխահարկի» մասին օրենքի փոփոխությունը։ Եթե նախկինում «գլխահարկը» գանձում էին ամբողջ ընտանիքից՝ հաշվի առնելով նրա կազմը, եկամուտները, բնակարանի կամ տան արժեքը, ապա նոր օրենքով այդ հարկը սահմանվում էր բոլորի համար հավասարաչափ, ինչից տուժում էին բազմանդամ ընտանիքները, շահում էին միայնակ հարուստ բնակիչները։ Դա տեղիք տվեց բողոքի ցույցերի և հանրահավաքների, որոնց դեմ սկսեցին կիրառվել ոստիկանական ուժեր։ Այդ իրադարձությունները մեծ հարված հասցրին Թետչերի հեղինակությանը։ Բացի այդ, բարեփոխումների հետևանքով հասարակությունում աճեց խորը սոցիալական բևեռացումը՝ ընտանիքների մոտավորապես 20% ապրում էին աղքատության պայմաններում։ Անգլիական հասարակության զգալի մասը հոգնել էր Թետչերի քաղաքական ոճից, անհաշտությունից, ավտորիտարիզմից։ Հասկանալով, որ կուսակցությունը կանգնած է տրոհման եզրին, Թետչերը 1990 թ. աշնանը թողնում է պաշտոնը՝ կուսակցության առաջնորդի և վարչապետի դերը զիջելով Ջոն Մեյջորին։

Թետչերի արտաքին քաղաքականությունը[խմբագրել]

Թետչերի արտաքին քաղաքականության ռազմավարությունը նախատեսում էր Մեծ Բրիտանիայի՝ որպես մեծ տերության կարգավիճակ ունեցող երկրի վերականգնումը։ Աֆրիկայում բրիտանական կառավարությունը նպաստեց Հարավային Ռոդեզիայում սահմանադրական բարեփոխումների և ընդհանուր ընտրությունների անցկացմանը, որի արդյունքում 1980 թ. Հարավային Ռոդեզիայի փոխարեն առաջացավ նոր պետություն՝ Զիմբաբվեի Հանրապետությունը։ Միևնույն ժամանակ Թետչերը, առաջնորդվելով Հարավային Աֆրիկայում բրիտանական կապիտալի շահերով, դեմ հանդես եկավ, որպիսզի Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ չնայած նրան, որ այդ երկրում տիրում էր ապարտեիդի համակարգը։

1982թ. տեղի ունեցավ կարճատև պատերազմ Անգլիայի և Արգենտինայի միջև Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների համար, որոնք 1833 թվականից անգլիացիների հսկողության տակ էին։ Պատերազմը սկսվեց 1982 թ. ապրիլի 2-ին, երբ արգենտինյան զորքերը ափ իջան և կալանավորեցին կղզիների նահանգապետին ու կայազորը։ Նույն օրը Անգլիան խզեց հարաբերությունները Արգենտինայի հետ և ուղարկեց կղզիներ 40 նավերից բաղկացած ռազմական նավատորմ։ Պատերազմը տևեց 10 շաբաթ՝ ավարտվելով անգլիացիների հաղթանակով։ Արգենտինացիները տվեցին 1300 զոհ, անգլիացիները՝ 250։

Ֆոլկլենդյան ճգնաժամը էապես ամրապնդեց անգլո-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները։ Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ քաշվեց բանաձև, որով կողմերը պետք է կասեցնեին ռազմական գործողությունները և անցնեին բանակցությունների, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ վետո դրեցին այդ բանաձևի վրա։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարեկամական հարաբերությունները պայմանավորված էին նաև Թետչերի և Ռեյգանի անձնական ջերմ փոխհարաբերություններով։ Անգլիան պաշտպանում էր ԱՄՆ-ին բոլոր տարածքային կոնֆլիկտների հարցերում՝ Իրանի դեմ պայքարում, ինչպես նաև խորհրդային զորքերի դեմ՝ Աֆղանստանում։ Թետչերը պաշտպանեց մոսկովյան օլիմպիադայի բոյկոտը, կրճատեց տնտեսական և մշակութային համագործակցությունը ԽՍՀՄ-ի հետ։ 1986թ. Անգլիան աջակցեց ԱՄՆ-ին Լիբիայի դեմ գործողություններում՝ թույլ տալով ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել բրիտանական ռազմական օդանավակայանները։ Թետչերը ՆԱՏՕ-ի հզորության ամրապնդման համառ կողմնակից էր։ Նա միջուկային զենքը համարում էր խաղաղություն ամրապնդող, համաշխարհային պատերազմը կանխարգելող միջոց և դեմ էր միջուկային լիակատար զինաթափմանը։ Թետչերը չհամաձայնվեց իջեցնել բրիտանական միջուկային հզորության մակարդակը, երբ ԱՄՆ և ԽՍՀՄ-ը որոշեցին ոչնչացնել Եվրոպայի տարածքում իրենց տեղակայված միջին հեռահարության միջուկային զենքը։

Չնայած, որ Թետչերը իր կառավարման առաջին տարիներին ուներ կոշտ հակախորհրդային դիրքորոշում, սակայն արևմտյան առաջնորդներից առաջինը նա ողջունեց ԽՍՀՄ-ում սկսած վերակառուցման քաղաքականությունը։

Նշումներ[խմբագրել]

  1. Դ.Հոջքինի գիտական հետաքրքրությունների շրջանակներում պենիցիլինի մոլեկուլային կառուցվածքի ուսումնասիրությունն էր: Այս աշխատանքի համար հետագայում նա ստացավ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ: Դ. Հոջքինսի ամուսինը կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ նա պարգևատրվել էր խորհրդային Լենինի շքանշանով:
  2. ԽՍՀՄ կատարած առաջին այցի ժամանակ՝ Միխայիլ Գորբաչևի հետ հանդիպումից հետո Թետչերը այցելեց ԽՍՀՄ ԳԱ Բյուրեղագիտության ինստիտուտ և Դ. Հոջքինին ուղարկեց այստեղ կատարված լուսանկարներ:[15]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Умерла Маргарет Тэтчер»։ РИА Новости։ 2013-04-08։ Արխիվացված օրիգինալից 2013-04-14-ին։ http://www.webcitation.org/6FsEupJeR։ 
  2. Beckett, 2006, p. 3
  3. 3,0 3,1 Beckett 2006, p. 3
  4. 4,0 4,1 Beckett 2006, p. 8
  5. Johnson, Maureen (28 May 1988). «Bible-Quoting Thatcher Stirs Furious Debate». Associated Press. 
  6. Beckett 2006, p. 5
  7. Beckett 2006, p. 6
  8. Blundell 2008, pp. 21–22
  9. «Kesteven & Grantham Girls' School»։ Kestevengrantham.lincs.sch.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67nBq0jxt։ Վերցված է 27 հունվարի 2011։ 
  10. Beckett 2006, p. 12
  11. Blundell 2008, p. 23
  12. Blundell 2008, pp. 25–27
  13. Beckett 2006, p. 16
  14. «Թետչեր և Հոջքին. ինչպես քիմիան հաղթեց քաղաքականությանը»
  15. Հանց, Ադամ (2014)։ «Թետչեր և Հոջքին. ինչպես քիմիան հաղթեց քաղաքականությանը»։ bbc.co.uk/։ http://www.bbc.co.uk/russian/uk/2014/08/140819_uk_thatcher_hodgkin_friendship.shtml։ Վերցված է 19 օգոստոսի 2014։ 
  16. Beckett 2006, pp. 20–21
  17. Blundell 2008, p. 28
  18. Reitan 2003, p. 17
  19. Beckett 2006, p. 17
  20. 20,0 20,1 20,2 20,3 Beckett 2006, p. 22
  21. 21,0 21,1 Blundell 2008, p. 36
  22. «Cream of the crop at Royal Society». New Scientist (New Science Publications) 99 (1365): 5. 7 հուլիսի 1983. http://books.google.com/?id=XRpdT3gc9KYC&pg=PA5&dq=Margaret+Thatcher+ice#v=onepage&q=Margaret+Thatcher+ice&f=false։ Վերցված է 25 հունվարի 2011. 
  23. 23,0 23,1 23,2 Beckett 2006, pp. 23–24
  24. Blundell 2008, p. 37
  25. Faith, Nicholas (27 հունիսի 2003)։ «Sir Denis Thatcher Bt»։ London։ http://news.independent.co.uk/people/obituaries/article36663.ece։ Վերցված է 9 դեկտեմբերի 2007։ 
  26. Beckett 2006, p. 25
  27. Blundell 2008, p. 35
  28. Beckett 2006, p. 26

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]