Ադամակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադամակերտ / Բաշկալե
թուրք.՝ Başkale
38°00′00″ հս. լ. 2°00′00″ ավ. ե. / 38, 2
Երկիր Թուրքիա
Իլ Վան
Այլ անվանումներ Ադամակերտ, Հադամակերտ
Տարածք 2 731 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 2 400 մ
Բնակչություն 14 601 մարդ (2008)
Ագլոմերացիա 63 665
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 432
Փոստային ինդեքս 65600
Ավտոմոբիլային կոդ 65
Պաշտոնական կայք հղում (թուրք.)
##Ադամակերտ (Թուրքիա)
Red pog.png

Ադամակերտը (այժմ՝ Բաշկալե, թուրք.՝ Başkale) քաղաք է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, Վան իլում:

[խմբագրել] Պատմություն

Սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Adamma ձևով։ Ադամակերտ անվանումը ստուգաբանվում է եբրայերեն «Ադամ» և հայերեն «կերտ»։ Պատմագրության մեջ հիշատակվում է որպես ավան, գյուղաքաղաք և քաղաք։

Ադամակերտը գտնվում է Վանա լճից 78-80 կմ հարավ-արևելք, Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավ (Զաբ) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մետր բարձրության վրա։ Կլիման բարենպաստ է, հողն արգավանդ։ Նրա միջով է հոսում Մեծ Զավը։

Հնում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառի կենտրոնն էր, Արծրունիների ոստանը։ Նոր ժամանակներում` Վանի նահանգի Հեքյար գավառի կենտրոնը։

Քաղաքը մասին հիշատակվում է դեռևս սեպագիր արձանագրություններում։ Ադամակերտի մասին վկայություն ունեն նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին և այլ պատմիչներ։ Միջին դարերում Ադամակերտն ավելի շեն, մարդաշատ, նշանավոր կենտրոն է եղել, քան հետագայում։ 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին այն փաստորեն սովորական գյուղական բնակավայրից ոչնչով չէր տարբերվում։ 19-րդ դարի 70-ական թվականների սկզբին ուներ ընդամենը 100 տուն բնակիչ, որից 40-ը հայկական, իսկ 55–ը քրդական, թուրքական և հրեական։ 1885-ին ուներ 100 տուն մահմեդական և 150 տուն հրեա բնակչություն։ 1909թ. քաղաքի տների թիվը մոտ 500 էր։ Ապրում էին հայեր, մահմեդականներ (քրդեր ու թուրքեր) և հրեաներ։ Գրեթե նույնքան էր նրա տների թիվը նաև Մեծ եղեռնի նախօրյակին։ 1915 թվականին Ադամակերտի հայ բնակչությունը համանուն գավառի ողջ հայության հետ միասին` թվով 10 հազար մարդ, օգտվելով բարեպատեհ առիթից (այդ թվականին ռուսական զորքերը գրավել էին Ադամակերտը), գաղթել են Կովկաս՝ փրկվելով կոտորածից։

Ադամակերտի հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և վաճառականությամբ, թուրքերն ու հրեաները` մանր առևտրով, իսկ քրդերը՝ խաշնարածությամբ։ Հին ժամանակներից ի վեր Ադամակերտով էր անցնում Թավրիզ—ՎանԲաղեշ (Բիթլիս) ճանապարհը։ Չնայած իր փոքրությանը՝ Ադամակերտը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում առևտրի նշանակալի կենտրոն էր։ Քաղաքի խանութների և կրպակների թիվը հասնում էր 100–ի։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ադամակերտում և համանուն գավառում տեղի են ունեցել մարտեր, որոնցում կարևոր դեր է խաղացել զորավար Անդրանիկը։

Ադամակերտում եղել է համանուն վանքը, որի պատմությունը մեզ համար մնում է անծանոթ։ Թովմա Արծրունու վկայությամբ, այդ վանքում է հանգչում Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու (5-րդ դար) աճյունը։ Քաղաքը նոր ժամանակներում ուներ փայտաշեն եկեղեցի։

Ադամակերտն ուներ իր բերդը, որի պաշտպանական պարիսպներն ու մյուս կառուցվածքները ավերել ու քարուքանդ են արել օսմանյան Իսմայիլ փաշայի զորքերը այն քրդերից գրավելու ժամանակ։

Ադամակերտի համար մշակութային առումով կարևոր նշանակություն է ունեցել ս. Բարդուղիմեոսի վանքը, որը գտնվում է 21—22 կմ հեռավորության վրա և մեծ դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի մտավոր կյանքում։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին Ադամակերտի հայությունն ուներ դպրոց։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Թ.Խ. Հակոբյան (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: «Հայաստան», էջ 24-25. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով