Արաբկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Արաբկիր (այլ կիրառումներ) 

Արաբկիրը գտնվում է Մալաթիայի նահանգում, Եփրատի վտակ Արաբկիր գետակի ափին, Խարբերդի և Ակնի միջև, Մալաթիա քաղաքից 70 կմ. հյուսիս։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հազար բնակչություն։ Քաղաքում գործում էին հինգ եկեղեցի (Ս. Աստվածացին, Ս. Հակոբ, Ս. Գևորգ, Ս. Լուսավորիչ և կաթոլիկ Ս. Փրկիչը) և 12 հայկական դպրոց։

Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարբեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց։ 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր-Արաբկիր թաղամասը։

1928 թ. Նոր-Արաբկիրի բնակչության թիվը հասնում է 762 մարդու: Նույն տարվա հունվար ամսին բացվում է Արաբկիրի առաջին դպրոցը 40 աշակերտներով և կրում Ալեքսանդր Շիրվանզադեի անունը: 1933 թ. Նոր-Արաբկիրն ուներ 1800 բնակիչ, որի մեծագույն մասը գաղթել էր հին Արաբկիրից: 1936 թ. Նոր-Արաբկիրում արդեն գործում էր հանրային բաղնիք, խանութ, հացի փուռ, մարմնամարզական խումբ, հրշեջ կայան, 70 հոգանոց պարի խումբ, գրադարան նաև ռադիոակումբ, տուրիսատական գրասենյակ և այլն: 1937 թ. Արաբկիրի բնակչության թիվը հասնում է 2500 մարդու:

Տարիներ անց ավանը աճելով` միանում է Երևանին տարածքով մեծանում, արաբկիրցիների անձնվեր աշխատանքի և օժանդակության շնորհիվ բարեկարգվում, վերափոխվում և այդպիսով դառնում մայրաքաղաքի ամենաբազմամարդ թաղամասերից մեկը։

Հետագայում` 1991 թ. օգոստոսի 8-ին, ՀՀ գերագույն խորհրդի որոշմամբ նախկին 26 Կոմիսարների շրջանը վերանվանվում է Արաբկիրի շրջան: 1996 թ. ստեղծվում է Երևան քաղաքի Արաբկիր համայնքը (այժմ արդեն` վարչական շրջանը):

Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավարն է Հրայր Անտոնյանը: Բնակչության թիվը այժմ կազմում է մոտ 132 525 մարդ, տարածքը` 1320 հա: